ԳլխավորԼուր

Լեզվաբան Սերգեյ Աբրահամյանի ծննդյան 100-ամյակն է

Լեզվաբան Սերգեյ Աբրահամյան

Այսօր լրանում է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի ծննդյան 100-ամյակը, հիշեցնում են Լեզվի կոմիտեից։

Սերգեյ Աբրահամյանը հայ լեզվաբանական մտքի կենտրոնական դեմքերից է։ Մեծ լեզվաբանի ուսումնասիրության առարկան հայերենի քերականությունն էր՝ համակարգային ամբողջության մեջ։ Այդ ամբողջությունը նա տասնամյակներ շարունակ անխոնջ քննել է, համադրել հայ լեզվաբանության հիմնարար սկզբունքներն ու համաշխարհային լեզվագիտական մտքի նորագույն նվաճումները։

«Աբրահամյանը դասավանդել է բուհերում, ղեկավարել է ՀՀ ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ժամանակակից հայոց լեզվի բաժինը։ Սերգեյ Աբրահամյանի աշխատությունների համար հիմք է ծառայել նրա ինչպես գիտական, այնպես էլ մանկավարժական գործունեությունը։ Նա ստեղծել է այնպիսի դասագրքեր, որոնք ուղղված են աշակերտներին, ուսանողներին, գիտնականներին, լեզվական հարցերի հանդեպ նախանձախնդիր քաղաքացուն։ Նրա աշխատությունները, հատկապես «Ժամանակակից հայերենի քերականությունը» (1969 թ․), եղել ու մնում են շատերի սեղանի գիրքը։ Նրան են պատկանում շարահյուսության մեջ «նախադասությունների կապակցություն» բաժինը, հայերենի տասը խոսքի մասերի համակարգի մշակումն ու հաստատումը, բազմաթիվ այլ նորամուծություններ։

Սերգեյ Աբրահամյանը Լեզվի պետական տեսչության (այժմ՝ Լեզվի կոմիտե) հայերենի բարձրագույն խորհրդի անդամ էր։

Մեծ գիտնականը անզուգական քաղաքացի էր։ Ժամանակակիցները հիշում են նրան որպես ազնիվ ու վառ անհատականություն»,,-նշված է գրառման մեջ։