Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմանագերմանական լեզուների և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Իգոր Կարապետյանը, հայտնում են Հայկական պետական մանկավարժական համալսարանից։
«Իգոր Կարապետյանը ծնվել է 1961 թվականին։ 1983-1988թթ․ սովորել է Վլադիմիրի Լեբեդև-Պոլյանսկու անվան պետական մանկավարժական ինստիտուտում։ 1991-1994թթ․ եղել է ՌԴ Կրթության ակադեմիայի Մանկավարժության տեսության և պատմության գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտ, իսկ 1995-1999թթ․-ին՝ ՌԴ Կրթության ակադեմիայի դոկտորանտ։
Իգոր Կարապետյանը 2003 թվականից մինչև օրս աշխատում էր Մանկավարժական համալսարանում։ Նա իր գործունեության ընթացքում երկար տարիներ կրթել և մասնագիտական գիտելիքներով է զինել ապագա մանկավարժների սերունդների, ղեկավարել բազմաթիվ գիտական աշխատանքներ։
Գործընկերների խոսքով՝ նա ոչ միայն իր գործի պրոֆեսիոնալն էր, այլև հրաշալի մարդ և գործընկեր: Նա վառ օրինակ էր անմնացորդ նվիրումի՝ ընտրած մասնագիտությանը, առաքելությանն ու գործին, հավատարիմ՝ իր համոզմունքներին։ Իգոր Կարապետյանը պատրաստակամ էր օգնելու յուրաքանչյուրին, տեսնում էր դրականը, խրախուսում և ուժ էր տալիս ցանկացածին։
Օտար լեզունների դասավանդման մեթոդիկան, կրթության և լեզվի փիլիսոփայությունը, հոգելեզվաբանությունը, հանրալեզվաբանությունը, հոգեվերլուծությունը նրա գիտական հետաքրքրությունների շրջանակում էր։ Ավելի քան 70 հոդվածի, երկու մենագրության հեղինակ էր։
Պրոֆեսոր Կարապետյանի մահը մեծ կորուստ է բուհի և նրան ճանաչողների համար։ Մանկավարժական համալսարանի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմը ցավակցում է Կարապետյանների ընտանիքին՝ Իգոր Կարապետյանի մահվան կապակցությամբ։
Իգոր Կարապետյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին` ժամը 17:00-ից, «Զոլլեր» սգո սրահում (Գրիգոր Հասրաթյան փող., 25/3 շենք)»,-նշված է գրառման մեջ։



