ԳլխավորԼուրԿրթություն

«Կրթության նպատակը սովորող ստեղծելն է». Սերոբ Խաչատրյան

Հայկական պետական մանկավարժական համալսարանում կայացել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի դասախոսությունը՝ «Սովորել և սովորեցնել. ուսուցչի դերը՝ ժամանակակից դպրոցում» թեմայով, հայտնում են բուհի լրատվական ծառայությունից։

Դասախոսության ընթացքում բանախոսն անդրադարձավ կրթության ոլորտում առկա, բայց քիչ խոսվող խնդիրներին՝ նկատելով, որ նախ պետք է հասկանալ աշխարհում կատարվող փոփոխությունները.«Մանկավարժության համար լուրջ մարտահրավեր են տեղեկատվական տեխնոլոգիաները. ժամանակակից մարդը կամ, այսպես կոչված, «էկրանազգիները» այլևս չեն պատկերացնում իրենց կյանքն առանց այդ տեխնոլոգիաների` առավել անտարբեր դարձնելով նրանց»:

Սերոբ Խաչատրյանը ներկայացրեց նաև վերջերս արված գիտական հետազոտության արդյունք, ինչը հաստատում է՝ միաժամանակ մի քանի գործողություն կատարելը խոչընդոտում է կենտրոնացմանը, իսկ ցանկացած շեղում՝ հեռացնում սովորելու գործընթացից: Վերջինս նկատում է՝ մանկավարժության մեջ այն պետք է ընդունել որպես բացարձակ ճշմարտություն, այնինչ խնդիր է, որ հաճախ հանդիպում ենք սովորող երիտասարդների շրջանում:

«Մենք՝ մեծերս, կորցնում ենք մեր երեխաներին, քանի որ մեր երեխաները գտել են այլ «մեծեր»».կրթության փորձագետը ոլորտի մեծագույն խնդիրներից մեկն էլ համարում է այն, որ այսօր դաստիարակչական գործառույթ մեծամասամբ կատարում են տեխնոլոգիաները. «Կան նաև դրական կողմեր, սակայն պետք է ընդունել, որ սովորողը գտել է մի նոր աշխարհ, որն «առավել հետաքրքիր» է, քան այն, ինչ առաջարկում է ֆորմալ կրթությունը: Պետք է զգույշ լինել, որ այդ կորուստը չտանի կործանման»:

Սերոբ Խաչատրյանը ցավով նկատեց՝ կրթության ոլորտում կա մի կարևոր բաղադրիչ ևս, որն անտեսված է. վերապատրաստումների ընթացքում ձեռք բերված ուսուցման մեթոդներից և հնարներից զատ, ուսուցչի կարևոր որակներից պետք է լինի նաև մտածելու կարողությունը: Այսօրվա ուսուցիչը տեղեկատվություն փոխանցողից,  ինչը բնորոշ էր ավանդական կրթությանը,  պետք է  վերածվի «ճարտարապետի». «Եթե ինձ հարցնեն, թե որն է կրթության նպատակը, կասեմ՝ սովորող ստեղծելը: Եթե դպրոցական կրթության վերջում չունենք սովորող, այլ մարդ, որի համար այդ գործընթացը դարձել է ամենօրյա գործունեություն՝ անկախ գիտելիքների պաշարից, պարտված ենք»:

Բանախոսն իր ելույթում անդրադարձավ նաև մանկավարժության չգրված կանոններից մեկին՝ հասկանալ, թե որ պահին պետք է թողնել սովորողին. այդ առումով կա սովորելու մակարդակներ՝ ուսուցչի կողմից առաջնորդվող, վերահսկվող, ուղղորդվող, ինքնուրույն սովորելու մակարդակ.

«Գոյություն ունի «գիտելիքի անեծք» եզրույթը. «կրթություն» բառը թարգմանաբար նշանակում է՝ ներսից դուրս բերել, իսկ մեզանում կրթությունը շատ հաճախ դրսից ներս բերելն է: Այնինչ սովորեցնելը մեխանիկական գործընթաց չէ. կրթության մեջ սովորողի և սովորեցնողի անհավարասարությունը հաղթահարելու համար երբեմն պետք է թույլ տալ, որ սովորողները սովորեցնեն միմյանց»:

Կրթության փորձագետը հանդիպման ընթացքում մասնագետներին հորդորեց սովորողների շրջանում հաճախ կիրառել «դեռևս», «միասին», «իսկ հիմա փորձիր» բառերը. բարձր նշաձողն ու Պիգմալիոնի էֆեկտը (մի քիչ չափազանցված ակնկալիքնր-խմբ.) կօգնի ոգեշնչել սովորողին առավել լավ արդյունք գրանցել:

Comment here