Ադրբեջանցիները շարունակում են Արցախի՝ իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում մշակութային վանդալիզմ իրականացնել՝ հետևողականորեն ջնջելով հայկական հետքը։ «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» կայքը հրապարակել արբանյակային լուսանկարներ։ Դրանցում երևում է, որ ադրբեջանցիներն այս անգամ էլ ավերել են Հադրութի շրջանի Հալիվորի կամուրջը։
Արցախի Հանրապետության Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը ֆեյսբուքյան էջում վերահրապարակել է կայքի լուսանկարներն ու տեղեկություններ կամրջի մասին։ Այն գտնվում է Մեծ Թաղեր գյուղից 2 կմ հարավ-արևմուտք՝ Իշխանագետի վրա։ Ըստ շինարարական արձանագրության՝ կառուցվել է 1835թ.:
«Հալիվորի կամուրջն ասես Իշխանագետի կանաչ գոտին լինի: Իրականում այդ գոտին Մեծ Թաղերի տարածքը գետի վրայով կապում է Տումի գյուղի տարածության հետ: Միակամար, կիսագլանաձև թաղով ծածկված կամուրջն իրար է կապել ժայռոտ ձորափերը: Այն ունի 20 մետր երկարություն, 3 մետր լայնություն և 9 մետր բարձրություն»,– մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։