Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված Եվրոպայի առաջնությունում 5 մեդալ է նվաճել, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Հայաստանի ներկայացուցիչներից վստահ մրցելույթներ է ունեցել Պետրոս Աշկարյանը: 65 կգ քաշայինների պայքարում պատանի ըմբիշը հաղթել է բոլոր մրցակիցներին ու նվաճել է ոսկե մեդալ՝ կանգնելով պատվո հարթակի առաջին աստիճանին: Եզրափակ չում Աշկարյանը 5-3 հաշվով առավելության է հասել վրացի Գեորգի Չիկաիձեի նկատմամբ:
Հայաստանի ևս 4 ներկայացուցիչ՝ Յուրիկ Մխիթարյանը (45 կգ), Սամվել Տերտերյանը (60 կգ), Գոռ Խաչատրյանը (71 կգ) և Գրիշա Ոսկանյանը (92 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ:
Յուրիկ Մխիթարյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 8-0 հաշվով հաղթել է վրացի Ջաբա Բոլխվաձեին: Սամվել Տերտերյանը նույն հաշվով առավելության է հասել ադրբեջանցի Նուրլան Իբաձադեի նկատմամբ, Գոռ Խաչատրյանը վճռորոշ գոտեմարտում 4-2 հաշվով հաղթել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Իվան Բելյաևին, իսկ Գրիշա Ոսկանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 9-1 հաշվով առավելության է հասել գերմանացի Օլե Այկեի նկատմամբ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում երրորդն է Եվրոպայի առաջնությունում:
Եվրոպայի պատանեկան առաջնությունը կտևի մինչև հունիսի 18-ը: Հաջորդիվ մրցագորգը կտրամադրվի ազատոճային ըմբիշներին:
Հայաստանի հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով՝
- Արմեն Պապիկյան (45 կգ)
- Արման Հարությունյան (48 կգ)
- Սաշա Պետրոսյան (51 կգ)
- Սամվել Գևորգյան (55 կգ)
- Տիգրան Բունիաթյան (60 կգ)
- Վլադիմիր Ազարյան (65 կգ)
- Նարեկ Նիկողոսյան (71 կգ)
- Ռազմիկ Եփրեմյան (80 կգ)
- Վարուժան Հովհաննիսյան (92 կգ)
- Հենրիկ Հայկյան (110 կգ):