ԱրցախԳլխավորԼուր

«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում». ԳԱԱ-ն եռալեզու հարթակ է գործարկել

Արցախի Կոլխոզաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցին

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը գործարկել է «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում»  եռալեզու (հայերեն, անգլերեն և ռուսերեն) ակադեմիական հարթակը։ Այն աշխարհին է ներկայացնում Արցախի մշակութային ժառանգությունը, հետևում դրա արդի վիճակին, արձագանքում ադրբեջանական վանդալիզմի դեպքերին։

Տվյալների հավաքմամբ և մշակմամբ զբաղվում է ինստիտուտում ստեղծված «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» խումբը և «Մոնումենտ վոթչ» թիմը։

Գիտական խմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը հայտնել է, որ բացի հարթակից՝ «Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրություն» խմբի և «Մոնումենտ վոթչ» թիմի հետազոտությունները տպագրվել են միջազգային ճանաչում գտած հանդեսներում և ձեռնարկներում (Electrum, Patrimoines, Gruyter, Brill):

Հարթակի ստեղծմանն աջակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Ֆորդի հիմնադրամը, Գյուլբենկյան հիմնադրամը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը, անհատ հովանավորներ: