ԳլխավորԼուր

Ուսուցիչների պակաս է, գիրք ու կավիճ չկա. Վերին Հոռաթաղում սեպտեմբերի 1-ը տոն չէ

Բացօթյա դաս՝ Արցախում

Արցախի Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղի դպրոցն ուսումնական այս տարում 16 առաջին դասարանցի ունի, որոնք, սակայն, Արցախի շրջափակման պատճառով կրթությունը կազմակերպելու հարցում կանգնած են մի շարք խնդիրների առջև: Այս մասին Usanogh.am-ին հայտնեց Վերին Հոռաթաղ գյուղի դպրոցի տնօրեն Արուս Մարտիրոսյանը:

Նրա խոսքով`առաջին դասարանցիներն ուսումնական այս տարում զրկված են մի շարք հնարավորություններից.

«Եթե նախորդ տարիներին Հայաստանից ուղարկում էին նոր դասագրքեր, դասամատյաններ, այբբենարաններ, ապա այս տարի ստիպված ենք հին գրքեր ու այբբենարաններ օգտագործել, չունենք մատյաններ: Գրենական պիտույքների պակաս կա` երեխաներից շատերը, ընդ որում` ոչ միայն առաջին դասարանցիները, չունեն տետրեր, գրիչներ, ամենասովորական ու անհրաժեշտ բանը` կավիճ չկա: Աշխատանքային տետրեր չունենք, աշակերտները հագուստի խնդիր ունեն, նախորդ տարիներից, օրինակ, պայուսակներ ենք հավաքել, ով չունի` տալիս ենք, բայց նույնիսկ այս իրավիճակում փորձում ենք կրթությունը մաքսիմալ բարձր որակով կազմակերպել»:

Արուս Մարտիրոսյանը շեշտեց`իրենք նաև դպրոցում կադրերի լուրջ պակաս ունեն. երեք ուսուցիչ, օրինակ, Հայաստանում են և շրջափակման պատճառով չեն կարողանում գնալ Արցախ.

«Դպրոցում թափուր ժամեր կան, որոնք հնարավոր չէ լրացնել: Ունենք նաև ուսուցիչներ, որոնք համատեղության կարգով այլ գյուղերում էլ են դաս տալիս, սակայն տեղաշարժման խնդիր ունեն և չեն կարողանում գյուղից գյուղ գնալ: Շուտով, երբ ցրտի, կունենանք նաև ջեռուցման խնդիր: Մեր դպրոցը փայտով է ջեռուցվում, սակայն փայտ  անհրաժեշտ պաշարը չի կուտակվել: Այս ամենին էլ գումարվում է բարոյահոգեբանական ծանր մթնոլորտը, և իրավիճակն ավելի է բարդանում, սակայն մենք` արցախցիներս, լիահույս ենք, որ կկարողանանք լուծել մեր առջև ծառացած խնդիրները»:

ՌԴ խաղաղապահներն Արցախից ուսանողների են տեղափոխել Հայաստան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Արցախը շրջափակման մեջ է  2022 թվականի դեկտեմբերի 12-ից:  Ճգնաժամի պատճառով խախտվել է նաև արցախցների կրթության իրավունքը: Դպրոցները պարբերաբար հայտնվում են ադրբեջանական կողմի կրակոցների տակ, Հայաստանում բուհ ընդունվածները չեն կարողանում ներկայանալ ուսումնական հաստատություններ: Usanogh.am-ն ավելի վաղ անդրադարձել է Արցախում կրթության իրավունքի խախտման դեպքերի:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ