ԳլխավորԼուր

ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են Սոթք և Կութ համայնքների միջնակարգ դպրոցներ

Սեպտեմբերի 1-ին Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութ համայնքների միջնակարգ դպրոցներ։

2021-22 ուսումնական տարում Սոթքի միջնակարգ դպրոցն ունի 163 աշակերտ, որոնցից 18-ն առաջին դասարանցիներ են: Դպրոցին կից գործող նախակրթարան են հաճախում 15 սաներ:

Կութի միջնակարգ դպրոցն ունի 21 աշակերտ, որոնցից այս տարի առաջին դասարան է հաճախում ընդամենը մեկ երեխա:

Նախարարն ու տեղակալը շրջել են դպրոցներում, շնորհավորել աշակերտներին, առաջին դասարանցիներին Գիտելիքի և դպրության օրվա առիթով նվիրել գրենական պիտույքներ:

«Ուսուցչի մասնագիտությունն ամենակարևորն է, սիրե՛ք և լսե՛ք ձեր ուսուցչուհուն»,- Սոթքի դպրոցի առաջին դասարանցիների հետ զրույցի ժամանակ հորդորեց նախարարը՝ մաղթելով, որ սեպտեմբերի 1-ից սահմանամերձ գյուղերի դպրոցներում սկսվի խաղաղության դարաշրջան, ու երեխաները, դասերին պատրաստվելուց ու սովորելուց բացի, այլ հոգս չունենան: Նա նաև շնորհակալություն է հայտնել սահմանամերձ դպրոցներում աշխատող ուսուցիչներին՝ անկախ դժվարություններից և բարդություններից, հաճախ նաև կրակոցների ներքո կրթության առաջին գիծը անառիկ պահելու և ազգանվեր գործունեության համար:

Նշենք, որ Սոթքի և Կութի դպրոցները 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ենթարկվել էին հրետակոծության և կրել վնասներ: ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և բարերարների աջակցությամբ դպրոցներում կատարվել են վնասների վերականգնման աշխատանքներ, մասնավորապես տեղադրվել են նոր պատուհաններ, փոխվել են ապակիները:

Դպրոցներում կատարված շրջայցի ժամանակ Սոթքի դպրոցի տնօրեն Արտակ Մելքոնյանը նշել է, որ ուսումնական հաստատության մարզադահլիճն ունի նորոգման կարիք:

Նախարար Վահրամ Դումանյանն ու փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ծաղիկներ են դրել Սոթքի դպրոցի հիշատակի անկյունում՝ ի խոնարհումն Արցախյան վերջին պատերազմում զոհված դպրոցի շրջանավարտների:

Կութի միջնակարգ դպրոցում ուսումնական գործընթացը կազմակերպվում է բազմահամակազմ 4 դասարանների միջոցով, քանի որ ամբողջական դասարաններ ձևավորելու համար աշակերտների թիվը քիչ է: Կութի դպրոցի տնօրեն Աղվան Կոստանյանը նախարարին ներկայացրել է ՄԱԿ-ի աջակցությամբ դպրոցում ընթացող շինարարական աշխատանքները: Նոր խոհանոցն ու սանհանգույցներն արդեն պատրաստ են շահագործման, իսկ ճաշարանի շինարարական աշխատանքները կավարտվեն առաջիկայում:

Կութ գյուղի միակ առաջին դասարանցին
Կութ գյուղի միակ առաջին դասարանցին

Նշենք նաև, որ Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութ համայնքների դպրոցականներին դասագրքերը տրվում են անվճար՝ համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ ի թիվս սահմանամերձ այլ բնակավայրերի:

Հանրապետությունում ուսումնական գործընթացի կազմակերպչական հարցերի վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիչներին պարզաբանումներ է ներկայացրել նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարի և նրա տեղակալի մարզային այցին ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը, Գեղամասար խոշորացված համայնքի, որը ներառում է նաև Սոթք և Կութ բնակավայրերը, ղեկավար Հակոբ Ավետյանը, կրթության, մշակույթի և սպորտի մարզային վարչության պետ Կարեն Զազյանը:

Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ու Ժաննա Անդրեասյանն այցելել են նաև Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջ:

Comment here