ԳլխավորԼուր

Բուհ չընդունված դիմորդների ներկայացուցիչը կդիմի ՍԴ եւ ՄԻԵԴ

Թեման շատ զգայուն է և շոշափում է բազմաթիվ շահեր, և, այս առումով, միանգամից շահարկումների տեղիք չտալու համար նշեմ, որ մենք քննարկել ենք իրավիճակի հանգուցալուծման բացառապես այնպիսի տարբերակներ, ըստ որոնց երաշխավորվում և պաշտպանվում է ինչպես արդեն իսկ ընդունված դիմորդների, այնպես էլ դեռևս ուսանողի կարգավիճակ չունեցող պահանջատեր դիմորդների շահերը։ Այս մասին այսօր` հուլիսի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասել է իրավաբանական խմբի ղեկավար Ալեքսանդր Կոչուբաևը՝ անդրադառնալով ընդունելության կարգի փոփոխության պատճառով բուհեր չընդունված դիմորդների շահերի պաշտպանության թեմային:

«Մենք շատ անելիքներ ունենք, թեեւ ժամանակը բավականին կարճ է՝ մի քանի հնարավոր լուծումներ և մի քանի միաժամանակյա գործընթացներ ենք նախաձեռնել։ Նախ, արդեն իսկ արձանագրում եղավ, որ ծանուցման խնդիր է եղել, նորմատիվ իրավական ակտ է ընդունվել, որը պատշաճ չի ծանուցվել և այն փուլում, երբ սկսվել է ընդունելության փաստաթղթերի գործընթացը, դեռևս հարց է՝ այս նորմատիվ իրավական ակտը մայիսի 26-ին է ուժի մեջ մտե՞լ, թե՞ ոչ, որովհետև դեռևս ստուգման փուլում է։ Եթե ընդունենք, որ մայիսի 25-ին ընդունվել է որոշումը, առնվազն մայիսի 26-ին է այդ փաստաթուղթը ուժի մեջ մտել, ինչը նշանակում է՝ այն հետադարձության հետ կապված որոշակի խնդիրներ ունի»,- ասել է Կոչուբաևը։

Իրավաբանական խումբը մյուս շաբաթ դիմելու է Սահմանադրական դատարան և ՄԻԵԴ. «Ընդ որում, մասնագետներ կան՝ մեզ փորձում են ապակողմնորոշել, սակայն ամեն ինչ առավել քան ակնհայտ է։ Մենք ներպետական ատյաններով անցնելու խնդիր չունենք։ Եթե մինչև օգոստոսի 31-ը ներառյալ դիմորդների կրթության սահմանադրական իրավունքը չվերականգնվեց, այլևս անարդյունավետ կլինեն Առաջին ատյան, Վերաքննիչ, Վճռաբեկ դատարանների քննության փուլերը։

Ընդհանուր առմամբ, որպես վերջին տարբերակ՝ Վարչական դատարանում կրկին մենք վիճարկելու են կառավարության այս որոշումը՝ դիմորդների հետ կապված»,-ասել է բանախոսը։

Կոչուբաևը արձագանքել է նաեւ ԿԳՄՍ նախարարության այն դիրքորոշմանը, թե 15000 դիմորդի չէին կարող ծանուցել:

«Պետք է հիասթափեցնեմ՝ եթե լիներ նույնիսկ 100000 դիմորդ՝ նրանք պարտավոր էին անհատապես ծանուցել․ սա իրավական քաղաքականություն է, և պետությունը պարտավոր է ծանուցել, որ դիմորդը ընկել է X կարգավորման գոտի։ Կա Կառավարության թերացում իրավական դաշտում, կա նախարարության և կա իրավակիրառ թերացում»,- ասել է Կոչուբաեւը:

Comment here