ԳլխավորԼուր

ՀԲ-ն պատրաստ է աջակցել բարձրագույն կրթության զարգացմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ընդունել է Համաշխարհային բանկի մասնավոր հատվածի ավագ մասնագետ Իֆեյինվա Օնուգանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մագիստրոսական և ասպիրանտական կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև գիտության առևտրայնացման ու արդիականացման վերաբերյալ մի շարք հարցեր։

Համաշխարհային բանկի մասնավոր հատվածի ավագ մասնագետ Իֆեյինվա Օնուգանն նշել է, որ երեք ուղղությամբ իրականացվել է հետազոտություն՝ պարզելու, թե ճշգրիտ գիտությունների որ ուղղությամբ Հայաստանն ունի կարողություններ, որոնք կարելի է զարգացնել և երկրի համար դարձնել եկամտաբեր ու արդյունավետ։ Նրա խոսքով՝ Համաշխարհային բանկը պատրաստ է համապատասխան աջակցություն ցուցաբերել բարձրագույն կրթության այն ուղղությունների գծով, որոնք ազդեցություն կունենան գիտության զարգացման և առևտրայնացման վրա։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ Համաշխարհային բանկը կմշակի համապատասխան առաջարկներ և կներկայացնի դրանք, իսկ ԿԳՄՍ նախարարությունը կիրականացնի Կրթության ռազմավարությանը համապատասխան առաջնահերթությունների սահմանում, որոնք կքննարկվեն հետագա հանդիպումների ընթացքում։