ԳլխավորԼուր

Բրյուսովի հոգաբարձուների նոր խորհուրդն ապօրինի է և քաղաքականացված. Ցոլակ Ակոպյան

Ցոլակ Ակոպյան

Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի նոր ձևավորված հոգաբարձուների խորհուրդն ուսումնագիտական աշխատանքների հարցերով՝ շուտով արդեն նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը համարում է ապօրինի և քաղաքականացված: Նա Usanogh.am-ի հետ զրույցում նշեց, որ նախ` խորհուրդն ավելի վաղ պետք է ձևավորվեր.

«Մենք ժամանակին ստեղծել էինք խորհուրդ, որն առանց որևէ հիմքի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այդպես էլ չհաստատեց, չուղարկեց կառավարություն: Ուստի ձևավորվեց ժամանակավոր խորհուրդ: Ժամանակավոր խորհուրդը մինչև այս տարվա սեպտեմբերի 9-ը կարող էր գործել: Եվ, փաստացի, ստացվեց այնպես, որ դրանից հետո մենք խորհուրդ չենք ունեցել, այսինքն համալսարանը 2 ամիս չի ունեցել կառավարման մարմին»:

Ինչ վերաբերում է հոգաբարձուների նոր ձևավորված խորհրդին, որի կազմում ընդգրկված են նաև բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմից և ուսխորհրդից ներկայացուցիչներ, Ցոլակ Ակոպյանը պնդեց` ավելի վաղ ուսանողական խորհրդի ընտրությունների կեղծման արդյունքում ձևավորվել է ուսխորհուրդ, որի կազմում են, օրինակ, դեկանի տեղակալի աղջիկ, ուսումնական բաժնի վարիչի բարեկամ և այլն.

«Այդ ուսանողները, լինելով հոգաբարձուների խորհրդում, պետք է նպաստեն ռեկտորի ԺՊ Գյուրջինյանի ընտրվելուն` որպես ռեկտոր: Դասախոսական կազմի մասով ասեմ`դեռևս հունիսին առաջադրվել էին 3-4 հոգի, ամբիոնները ընտրել էին նրանց, հետո Գյուրջինյանի նախաձեռնությամբ նրանց կանչեցին, սպառնալիքներ հնչեցրին, համոզեցին, և այս մարդիկ դիմում գրեցին, չմասնակցեցին ընտրությանը, անցկացրեցին իրենց ուզած մարդկանց: Ինչ վերաբերում է խորհրդի քաղաքականացված լինելուն`այս իշխանությունը ինչ եկել է` ասում է` քաղաքական պաշտոն զբաղեցնող անձիք չպետք է լինեն բուհերի հոգաբարձուների խորհուրդներում, բայց Տիգրան Խաչատրյանը` ՀՀ փոխվարչապետ, փաստացի, գլխավորում է խորհուրդը»:

Նրա խոսքով` համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում է նաև ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանի մտերիմը` լեզվաբան Լալիկ Խաչատրյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի կինը. «Հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկելով յուրայինների` Դավիթ Գյուրջինյանը հող է նախապատրաստում իր` ռեկտորի պաշտոնում ընտրվելու համար»,-եզրափակեց Ցոլակ Ակոպյանը:

Հավելենք, որ նոյեմբերի 8-ը Ցոլակ Ակոպյանի աշխատանքային վերջին օրն է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանում` որպես պրոռեկտոր:

Usanogh.am-ը փորձեց թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալ նաև Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանից, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ