ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում ուսումնավարժանքներ են անցկացվել

ԵՊՀ քաղաքացիական պաշտպանության ամբիոնում այսօր անցկացվել է կիսամյակային հերթական ուսումնավարժանքը, որն ամբիոնում կազմակերպվող դասապրոցեսի բաղկացուցիչ մասն է, Usanogh.am-ին տեղեկացնում են բուհի լրատվականից։

Ուսումնավարժանքի ընթացքում ուսանողները գործում էին՝ ըստ նախօրոք մշակված կարգի:

Այս տարի կազմակերպված ուսումնավարժանքին ներկա էին ԵՊՀ ղեկավարությունը, ամբիոնի դասախոսական կազմը, Երևանի փրկարարական վարչության համապատասխան ստորաբաժանման հրշեջ փրկարարներ:

Քաղաքացիական պաշտպանության ամբիոնի վարիչ Սարգիս Մանուկյանը կարևորեց այսօրինակ ուսումնավարժությունների անցկացումը՝ շեշտելով, որ համավարակից հետո առաջին անգամ ուսանողները հնարավորություն ունեն, տեսական դասերից զատ, կատարելագործելու նաև իրենց գործնական գիտելիքները, ձեռք բերելու հմտություններ, որոնք կօգնեն կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում:

Ուսումնավարժանքը մեկնարկեց տագնապային ազդանշանով, քանի որ, ըստ նախատեսված սցենարի, հրդեհ էր բռնկվել հարկաբաժիններում, որից հետո սկսվեց ուսանողների և դասախոսների տարհանումը:

Տարհանման ընթացքում, ըստ նախատեսված սցենարի, ոմանք ստացան վնասվածքներ՝ այրվածքներ, կոտրվածքներ, և քանի որ առկա ուժերով հնարավոր չէր մարել առաջացած հրդեհը, օգնության եկան նաև հրշեջ փրկարարները, որոնք նախատեսված վայրում իրականացրին հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ:

«Նմանատիպ ուսումնավարժանքներն օգնում են ուսանողին արտակարգ իրավիճակներում ավելի ինքնավստահ լինել և ճիշտ կողմնորոշվել»,- հավելեց ամբիոնի վարիչը:

Ուսումնավարժանքի վերջում Ս. Մանուկյանը, բարձր գնահատելով փրկարարների կատարած աշխատանքը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի անունից շնորհակալություն հայտնեց նրանց ցուցաբերած պատրաստակամության համար: