ԳլխավորՄի կտոր գիրք

Չարլզ Բուկովսկի. «Քաղաքի ամենագեղեցիկ կինը»

Ներկայացնում ենք հատվածներ ամերիկացի բանաստեղծ և արձակագիր Չարլզ Բուկովսկու (16.08.1920-09.03.1994) «Քաղաքի ամենագեղեցիկ կինը» ստեղծագործությունից։

***

Քեսսը ամենափոքրն ու ամենագեղեցիկն էր հինգ քույրերից: Քեսսը քաղաքի ամենագեղեցիկ աղջիկն էր: Կիսով հնդկացի էր, ճկուն, տարօրինակ, օձի պես գալարվող մարմնով և  բոցավառ աչքերով, որոնք այդ ամենին շատ սազում էին: Քեսսը կարծես չհանգչող կրակ լիներ:
Նրա մազերը  սև էին, երկար, փափուկ և իր գալարվող մարմնի պես գանգուր: Փոփոխական տրամադրություն ուներ` և՛  բարձր, և՛ անկումային: Ամբողջ քաղաքում Քեսսի նմանը չկար: Ոմանք կարծում էին, որ նա խելագար է: Հիմարներն էին միայն այդպես կարծում: Նրանք երբեք չէին հասկանում Քեսսին: Տղամարդկանց համար նա միշտ ցանկալի կին էր, և նրանց պետքն էլ չէր` խելագար է, թե ոչ: Քեսսը պարում էր, ֆլիրտ էր անում, համբուրվում էր, իսկ երբ բանը հասնում էր բանին` հաջողում էր ծլկել, լքել տղամարդկանց:

Քույրերը նրան մեղադրում էին իր գեղեցկությունը ոչ ճիշտ օգտագործելու համար: Նրան անխելք էին անվանում: Բայց Քեսսը ուներ խելք ու հոգի: Նա նկարում էր, պարում, երգում, կավից ինչ-որ իրեր էր պատրաստում: Նա նաև կարեկցող էր: Երբ մարդիկ հոգևոր կամ ֆիզիկական ցավ էին ունենում, Քեսսը խորապես   վշտանում  էր նրանց համար: Նրա մտածողությունը տարբերվում էր մյուսներից, այն պարզապես պրակտիկ չէր: Քույրերը նրան խանդում էին իրենց տղամարդկանց հրապուրելու համար և զայրանում էին, որ նա օգտագործում է նրանց` երբ  իր պետքն էլ չէ: Նա ուներ սովորություն` լինել բարի ու հեզ տգեղ տղամարդկանց հետ, իսկ բարետեսները նրա զզվանքն էին առաջացնում:

***

Քեսսը խենթ բնավորություն ուներ: Շատերի կարծիքով նա հենց խելագար էր, որ կար: Հայրը մահացել էր ալկոհոլի չարաշահումից, մայրը` լքել նրանց: Աղջիկները  մնացին իրենց բարեկամի մոտ, ով էլ հետո տեղափոխեց նրանց կուսանոց: Սակայն կուսանոցը անտանելի էր, հատկապես` Քեսսի համար: Քեսսը ամեն օր վեճերի մեջ էր. աղջիկները նախանձում էին նրան: Նման մի քանի վեճերից հետո, իրեն պաշտպանելու արդյունքում, Քեսսի ձախ թևին հայտնվեցին ածելիի նշաններ: Ձախ այտի վրա մշտական մի սպի ուներ, որը նրա գեղեցկությունը առավել  էր  ընդգծում:

Առաջին անգամ ես նրան հանդիպեցի «The West End» բարում, կուսանոցից հեռանալուց մի քանի գիշեր հետո: Լինելով ամենափոքրը` կուսանոցից ամենավերջինն էր դուրս եկել: Նա ներս մտավ և նստեց հենց իմ կողքին: Ես, ըստ երևույթին, ամենատգեղ տղամարդն էի քաղաքում, և դա, թերևս, ինչ-որ բան նշանակում էր:
-Խմե՞նք,-հարցրեցի:
-Դե, իհարկե:
Չէի ասի, որ մեր խոսակցությունը արտասովոր էր, բայց Քեսսի հետ շատ հեշտ էր զրուցելը: Քեսսը հենց ինքն էր ինձ ընտրել: Չկար ոչ մի լարվածություն: Նա սիրում էր խմել և այդ գիշեր բավականին շատ խմեց:  Տարիքից մեծ չէր երևում, սակայն երբեմն այդպես ասում էին: Հնարավոր է, որ նա անօրինական անձնագիր էլ ունենար, չգիտեմ: Ամեն անգամ, երբ զուգարանից վերադառնում էր և նստում  իմ կողքին, ես ինձ հպարտ էի զգում: Նա ոչ միայն քաղաքի ամենագեղեցիկ կինն էր, այլ ամենագեղեցիկն էր, ում ես երբևէ տեսել էի:

***

Համբուրեցի նրան` ձեռքս  գոտկատեղին դնելով:
Նա հարցրեց.
— Դու իրո՞ք կարծում ես, որ գեղեցիկ եմ:
— Իհարկե, ավելին` քան գեղեցիկ: Քո հայացքի մեջ ավելին կա:
— Մարդիկ իմ գեղեցկության համար ինձ միշտ մեղադրում են: Դու իրո՞ք կարծում ես, որ ես լավն եմ:

Քեսսը ձգվեց դեպի իր պայուսակը: Մտածեցի`  թաշկինակ է փնտրում: Հանկարծ այնտեղից մի երկար գնդասեղ դուրս բերեց: Ես նրան չկարողացա կանգնեցնել, նա  գնդասեղը իր քթի շուրջը սահեցրեց` ռունգերից դեպի վեր: Զզվանք ու սարսափ զգացի:

***

Նա ինձ սկսեց համբուրել, համբույրի ընթացքում քմծիծաղելով և թաշկինակը միաժամանակ քթին պահելով: Բարը վերջապես փակվեց, և մենք գնացինք իմ տուն: Մի քիչ գարեջուր ունեի, խմեցինք և սկսեցինք զրուցել: Այդ ժամանակ ես կարողացա նրան ճանաչել: Նա մի անհատականություն  էր` հոգատարությամբ և բարությամբ լի:  Իրեն ճանաչել տվեց, առանց գիտակցելու այդ մասին: Ժամանակ առ ժամանակ  հրաժարվում էր  վայրենությունից և անկապությունից: Շիզոֆրենիկ էր: Մի գեղեցիկ շիզոֆրենիկ: Վաղ թե ուշ նրան ինչ-որ մի բան կամ ինչ-որ մեկը կկործանի: Եվ հուսով եմ, դա ես չեմ լինի: Մենք պառկեցինք, և երբ ես անջատեցի լույսերը, Քեսսը հարցրեց.
— Իսկ երբ ես ուզում, հիմա՞, թե  առավոտյան:
— Առավոտյան,- ասացի ու շրջվեցի:
Առավոտյան արթնացա, սուրճ պատրաստեցի երկուսիս համար, նրա սուրճը անկողնում մատուցեցի: Նա ծիծաղեց:
— Իսկ դու գիտե՞ս` առաջինն ես, ով հրաժարվեց գիշերով:
— Չեմ կարծում, որ դրա կարիքը կար:
— Ոչ, սպասիր, ես հենց հիմա եմ ուզում: Արագ թարմանամ ու գամ:
Քեսսը մտավ լոգարան ու արագ դուրս եկավ: Հիասքանչ տեսք ուներ. երկար, սև մազերը փայլում էին, աչքերը և շուրթերը փայլում էին, ինքը փայլում էր: Նա իր մարմինը ցուցադրական անտարբերությամբ էր ներկայացնում` որպես  լավ իր: Հետո սավանի տակ մտավ:

***

Գրեթե ամեն օր Քեսսը գալիս էր, երբ ես լոգարանում էի լինում: Տարբեր ժամերի էի  լինում այնտեղ, բայց նա ինձ միշտ բռնացնում էր` փղի ականջ հիշեցնող այդ մեծ տերևը ձեռքին: Իսկ հետո սիրով էինք զբաղվում: Շատ անգամ է պատահել, որ  նա զանգել է ինձ գիշերով և ես ստիպված էի լինում գնալ` նրան բանտից ազատելու: Քեսսին  պահում էին հարբածության և վիճաբանությունների համար:
— Այս շան որդիները,- ասում էր նա,- միայն խմիչք հյուրասիրելով իրենց թվում է` կարող են ծոցդ մտնել:
— Ընդունելով նրանց հյուրասիրությունը, ինքդ ես քեզ գցում կրակի մեջ:
— Կարծում էի` ինձնո՛վ հետաքրքրված կլինեն, ոչ թե իմ մարմնով:
— Իսկ ինձ և՛ քո մարմինն է հետաքրքրում և՛ դու: Առհասարակ կասկածում եմ, որ տղամարդկանց մեծ մասին ուրիշ բան հետաքրքրի, բացի քո մարմնից:
Քաղաքից վեց ամսով բացակայեցի: Թափառում էի դեսուդեն: Հետո վերադարձա, բայց այդպես էլ չկարողացա մոռանալ Քեսսին: Մենք ինչ-որ պատճառով գժտվել էինք և դրանից սիրտս ճմլվում էր: Ինձ թվում էր` նա էլ է քաղաքից հեռացել:
«The West End» բարում մոտ երեսուն րոպե նստած էի, երբ հայտնվեց նա: Առաջվա պես եկավ, նստեց  կողքիս:

***

Դուրս եկանք: Փողոցում մարդիկ ինչպես միշտ աչքերը չռել էին Քեսսի վրա: Նա գեղեցիկ կին էր, և վերջերս  ավելի էր գեղեցկացել: Մենք վերադարձանք ինձ մոտ, ես բացեցի գինու շիշը,  սկսեցինք զրուցել: Թեթև զրուցում էինք: Որոշ ժամանակ նա էր խոսում, ես լսում էի, հետո ես էի սկսում խոսել: Խոսակցությունն իր հունով առաջ էր գնում: Թվում էր` գաղտնիքներ ենք բացահայտում: Երբ մի լավ, նոր բան էինք բացահայտում, Քեսսը ծիծաղում էր իր յուրահատուկ ծիծաղով: Այն նման էր ուրախության, որը հրդեհի պես է բռնկվում: Խոսելու ընթացքում համբուրվում էինք և ավելի մոտենում իրար: Շուտով տաքացանք և տեղափոխվեցինք անկողին: Հենց այդ ժամանակ, երբ Քեսսը հանեց իր բարձր օձիքով զգեստը, ես նկատեցի նրա կոկորդի գարշելի սպին: Այն երկար էր ու լայն:
— Գրողը քեզ տանի,- գոռացի ես անկողնու միջից,- գրողը քեզ տանի: Ի՞նչ ես արել:
— Կոտրված շշով եմ փորձել: Ինքս եմ արել: Ինձ այլևս չե՞ս սիրում: Ես այլևս գեղեցիկ չե՞մ քեզ համար:
Ես նրան  քաշեցի անկողին և համբուրեցի: Նա ետ էր մղվում և ծիծաղում:
— Մեկ-մեկ տղամարդիկ ինձ տասանոցը  վճարում են նախօրոք, հետո ես հանվում եմ, իսկ նրանց ցանկությունը կորչում է, այլևս չեն ուզում, բայց տասը մնում է ինձ: Շատ զվարճալի է, չէ՞:
— Այո, մեռնում եմ ծիծաղից, չեմ կարող չծիծաղել: Քեսս, խեղկատակ կին, վերջ տուր, քեզ մի փչացրու: Դու ամենակենսունակ կինն ես, ում երբևէ հանդիպել եմ:

***

Այդ ամենի հետ մեկտեղ օդում խաղաղություն կար և մենք զբոսնում էինք գազոնի վրա ու շատ քիչ էինք խոսում: Միասին լավ էինք զգում: Երկուսիս համար սենդվիչ, չիփս, խմիչք գնեցի և նստեցինք ավազին` ուտելու: Հետո գրկեցի Քեսսին և մոտ մեկ ժամ քնեցինք: Սա ավելին էր, քան սիրախաղը: Մենք սավառնում էինք հոսանքին ընդառաջ: Արթնանալուց հետո վերադարձանք  տուն, և ես ընթրիք պատրաստեցի: Ընթրիքից հետո  Քեսսին առաջարկեցի ապրել ինձ հետ: Քեսսը երկար լռեց: Նայում էր ինձ: Հետո շատ հանգիստ ասաց.
— Ոչ:
Ես նրան ետ տարա բար, խմիչք գնեցի և դուրս եկա: Հաջորդ օրը  աշխատանքի տեղավորվեցի գործարանում` որպես փաթեթավորող, և ամբողջ շաբաթը  աշխատանքի էի գնում: Չափից շատ էի հոգնում, բայց ուրբաթ գիշերը գնացի «The West End»: Նստեցի, սպասեցի Քեսսին: Ժամեր անցան: Վերջնականապես հարբած նստած էի, երբ մատուցողը ինձ դիմեց.
— Ցավում եմ ձեր ընկերուհու համար:
— Ի՞նչ,- հարցրի ես:
— Ի՞նչ է, չգիտե՞ք:
— Ոչ:
— Ինքնասպան է եղել: Նրան երեկ թաղել են:
— Թաղե՞լ են:
Ինձ թվում էր` նա ուր որ է ներս կգա:
Ինչպե՞ս կարող էր նա չլինել:
— Նրան թաղել են քույրերը:
— Ինքնասպանությու՞ն: Գլխումս չի տեղավորվում: Ինչպե՞ս:
— Ճղել է կոկորդը:
— Հասկանալի է: Էլի խմիչք տուր:
Մինչև բարի փակվելը, ես խմում էի:

Քեսսը ամենագեղեցիկն էր հինգ քույրերից, ամենագեղեցիկը ամբողջ քաղաքում: Ես մի կերպ հասա տուն և շարունակ մտածում էի նրա մասին: Ես պետք է ստիպեի նրան, որ մնար ինձ մոտ: Նրա համար դա հենց այնպես մի բան չէր: Ես նրան կոպիտ, անքաղաքավարի էի առաջարկել` ծուլորեն, չափազանց անտարբեր: Ես դարձա իմ և նրա մահվան պատճառը: Ես մի շուն եմ եղել: Ոչ, ինչու՞ վիրավորել շներին: Ոտքի կանգնեցի, գինու շիշ գտա և հարբեցի պայթելու չափ: Քաղաքի ամենագեղեցիկ աղջիկը մահացել էր: Քեսսը ընդամենը 20 տարեկան էր: Դրսում ինչ-որ մեկի ավտոմեքենան ազդանշան էր տալիս` բարձր, անդադար: Ես շիշը դրեցի գետնին և գոռացի. «Գրողը տանի քեզ, շան որդի, ձայնդ կտրիր»:
Գիշերը վերջապես եկավ ու ես  չգիտեի` ինչով զբաղվեմ:

Comment here