ԳլխավորՄի կտոր գիրք

«Գոմեշը». Հրանտ Մաթեւոսյան

Սարի գլխին մի կտոր սպիտակ սառույց կար, սառույցի վերևը խանձարուրի կապերը լուռ քանդում էր մի փոքրիկ ամպ: Ամպի տակ հրճվում էր արտուտիկը, իսկ ամպի վրայով, նախիրների վրայով, բազեի, սարերի, ուրթերի ու անտառների վրայով ուրիշ աշխարհների մաքուր քամիները հուրհրալով տանում էին մի մեծ արև:
Խոտն այդտեղ չտեսնված համով էր, և հանդապահը հիմա-հիմա պիտի գար գոռար նախրի վրա՝ թե նրանք ինչու են ուտում համեղ խոտը, և նախիրն արածում էր ագահությամբ: Վայ թե վաղուց էին կշտացել, բայց հանդապահը չէր գալիս: Սառույցից մի հատ առու էր սկսվում ու գալիս գնում կովերի միջով: Կովերն ականջի ծայրով լսում էին, որ առուն կա: Խոտ էին ուտում, փորի տակ նրանց կրծերակները վարար-վարար կաթ էին տանում, և նրանք իրենց անընդհատ ասում էին՝ թե առուն կա:

Տաք բուրմունքի մեջ ընկղմված գոմեշն արածում էր մի ձորակում: Հովերն այդ ձորակից ոչ մի բուրում չէին տարել, որովհետև չէին մտել ձորակ: Նախիրը հիմա կարող էր գալ, տրորել ու կեղտոտել այդ ձորակը, դրա համար էլ գոմեշն արածում էր պոզահարելով ու սպառնալով: Մեկ էլ՝ խոտն անհամացավ, դարձավ ուղղակի չոր ծղոտ: Առվակը մոտիկ էր: Բայց մեջքն սկսեց պաղել: Ուրեմն ամպը բռնել էր արևի դեմը: Գոմեշն ուզեց ստվերը մեջքից թոթափել սարսռոցով, բայց կաշին կարծրանում էր նրա վրա: Գլուխը բարձր՝ գոմեշը սպասեց թե ինչ է լինելու հետո, և արյունը նրա երակներում դանդաղում ու ցամաքում էր, ապա դարձավ կպչուն, խցվեց ու կանգ առավ, իսկ աշխարհը խլանում ու հանգչում էր նրա ականջներում: Աշխարհը մեռել ու մթնել էր, հիմա ամպը պայթելու էր, պահ էին մտել հովը, արտույտը, առուն… մեկ էլ երակները լայնացան և արյունը վազեց վարար, հեշտ, քչքչոցով:

Գոմեշը ելավ ձորակից, և մշուշի մեջ գեղեցիկ էին կովերը, հեռաստանները, լուռ ամպը, բայց նախրի մեջ չկար մի ուրիշ գոմեշ: Արյունը տաքանում էր նրա մեջ, մանրիկ ցավով ու ջերմությամբ արթնացան սրունքները, իսկ ողնաշարն արդեն դուրեկան ցոլքերով ծակծկվում էր վզից մինչև պոչը: Նա ոտ փոխեց՝ որ գնա, կռվի կովերի ցուլի հետ, բայց տեսավ, որ չի ուզում գնալ, չարությունը հալվում ու դուրս է սահում իրենից:

Խոր լռության մեջ խոտերը թելը-թելին շղարշե բուրմունք էին հյուսում այդ կանաչ աշխարհի երեսով մեկ և բուրմունքի հետ հյուսվում էր մի քաղցր թախիծ:
Գոմեշը մռլնգաց:
Կովերը նայեցին՝ հանդապահը չէր, գոմեշն էր, մռլնգում էր: Կովերը շարունակեցին արածել անտեր փափուկ խոտի առատության մեջ, լավ ջրի մոտիկության, իրենց մետաքսե ցուլի ներկայության, կաթի վարար վազքի ու գոլ արևից իրենց պարարտ գոհության մեջ:
Գոմեշը ճանապարհվեց ուրթ: Կուրծը փաղաքշանքով հունցվում էր զույգ ոտի արանքում և գոմեշը գնում էր կթվելու նանին: Սարահարթի ուրթը ճոճվեց նրա հայացքի մեջ ու կորավ, ձորակում գոմեշը մի երկու բերան խոտ պոկեց ու մոլորվեց: Հա, գնում էր ուրթ: Իսկ ինչու է նախիրը դեռ արածում: Նախիրը կովեր են, ինքը մեկ հատիկ գոմեշ է – ա′յսպե՜ս:

Նա կանգնեց վրանի դռանը, կանչեց ու սպասեց նանի դուրս գալուն:
– Եկել ե՞ս,– ասաց նանը:
– Էս օրը ճաշին էս ինչո՞ւ ես եկել,– ասաց նանը:
– Նախիրը հանդում՝ դու վեր ես կացել եկել:
– Դե լավ, որ եկել ես՝ արի կթեմ:
– Կուրծդ կիսատ՝ էս ո՞ւր ես եկել:
Կթվորը լավ չէր կթում, կուրծը ցավեցնում էր: Գոմեշը ծռեց պարանոցը, հոտ քաշեց՝ նանի հոտն էր, նանի ձայնն էր, բայց այս անգամ իսկի լավ չէր կթում: Գոմեշը տեսավ որ չի ուզում կթվել: Հեռու հեռաստաններից դենը, տաք մշուշների մեջ գոմեշների խմբեր են կանգնած և նրանցից մեկը անտառների ու ճանապարհների գլխով հղում է իր թախիծը սրան:
– Հը՜, Սաթիկ… նանիդ տրորում ես, էլ քեզ ո՞վ կկթի:
– Չէ, կաթ չես բերել, եղածն էլ չտվեցիր:
– Վույ, վույ, վույ, վույ, նանիդ տրորեցիր:
– Մինա՜ս… գոմեշն աչքիս մի տեսակ է երևում:
– Հա՜… գոմեշս ցուլ է ուզում:
– Գոմեշս ցուլ է ուզում: Հուլիս, օգոստոս, սեպտեմբեր… մարտ… մարտ, մայիս… լավ ժամանակ ես ծնելու: Ձագիդ բոխու տերև կտամ… կանաչ արև կլինի, մայիս կլինի…

Գոմեշը բլրի գլխին կանգ առավ ու աստծու կանաչ աշխարհի վրայով նայեց հեռվի շեկ հովիտներին:
Աղվեսը մեռել էր ծերպերի մեջ լերկ մի տեղ՝ որպեսզի խոտերը չխանգարեն և երկնքի բազեն անպայման տեսնի նրա դին: Եվ այնքան ճիշտ էր մեռել աղվեսը, որ հովը քշում տանում էր նրա ագին:

Հեռուների շեկ հովիտներում մշուշների տակ գոմեշների շոգած խմբեր էին օրորվում և նրանց մեջ տաք ու զորեղ մեկը, գլուխը բարձր բռնած, իր կանչը հղում էր սրան: Գոմեշը մռլնգաց ու պոկվեց բլրի գլխից դեպի ձորը…

Հրանտ Մաթեւոսյան (փետրվարի 12,1935-դեկտեմբերի 18, 2002),

հատված «Գոմեշը» պատմվածքից

Comment here