ԳլխավորԼուր

Եսայան եղբայրներն առաջարկում են ավելի քան 34 միլիարդ դրամ՝ Ucom-ի 94,06% բաժնետոմսերի համար

Եսայան եղբայրները, որոնք Ucom ընկերության 5,94% բաժնետերերն են, ապրիլի 10-ին առաջարկել էին մյուս սեփականատերերին ձեռք բերելու մնացած բաժնետոմսերը: 94,06% բաժնետոմսերի համար առաջարկ էր արվել վճարել 22 մլրդ 100 մլն դրամ գումար:

Հայկ Եսայանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, տեղեկացնում է itel.am-ը։

«Բանակցությունները սկսելուց ոչ մեկը չէր կարող պատկերացնել, որ այսքան աշխատակիցներ կորոշեն աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնել` հետեւելով իմ օրինակին, հայտարարելով, որ պատրաստ չեն աշխատել այլ տնօրենի հետ: Ուստի ես իմ սեփական պատասխանատվությունն եմ զգում աշխատակիցների առջեւ: Այս պատասխանատվությունից ելնելով եւ կազմակերպության շարունակականությունը ապահովելու նպատակով որոշում ենք կայացրել վճարել հնարավոր առավելագույն գինը, հաշվի առնելով կազմակերպությունում տարիներ շարունակ ներդրված բոլոր գումարները: Առաջարկի գումարը կազմում է 34 057 000 000 ՀՀ դրամ:

Առաջարկությունը արդեն բանավոր ներկայացված է, սպասում ենք պատասխանի:

Այո, մենք պատասխանատվություն ենք զգում մեր ստեղծած հարազատ կազմակերպության շարունակական աշխատանքը ապահովելու համար` չվտանգելու Արտակարգ դրությունում հայտնված հայաստանցիների հեռավար կրթվելու, տանից առցանց աշխատելու, իրար հետ վիրտուալ կերպով լինելու ապահովումը: Այս պահի դրությամբ արդեն 843 աշխատակից ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ եւ ցանկանում են անհապաղ դադարեցնել իրենց պարտականությունների կատարումը, եւ իմ ամենօրյա խնդրանքով է, որ աշխատակիցները չեն լքում աշխատանքը եւ շարունակում են սպասարկել այս օրերին կենսական նշանակություն ունեցող ցանցը, որով, ինչպես նշեցի, ապահովվում է գործարար եւ կրթական ամբողջ համակարգի կենսագործունեությունը»,- ասել է Հայկ Եսայանը:

Comment here