Ներկայացնում ենք հատվածներ հայ գրող, թարգմանիչ Խաչիկ Դաշտենցի (25 մայիսի, 1910 — 9 մարտի, 1974) «Ռանչպարների կանչը» ստեղծագործությունից։
***
1879-ին Մուշ քաղաքում հիմնադրվեց Միացյալ Ընկերության վարժարան, որ կոչվեց Կեդրոնական։ Մշո մեջ սկսվեց շինվել նաև մի վարժարան հայ օրիորդների համար։ Հայերի այս կրթական շարժումը գրգռեց սուլթանի պաշտոնյաների և քուրդ բեկերի նախանձը։ Շուկայից անցած պահերին, երբ Կեդրոնականի սաները իրենց թևերը համարձակ շարժելով երգում էին «Ո՛րն է աշխարհ Հայաստան», Մշո գաղտնի ոստիկանության պետ Հյուսնի էֆենդին առանձին աշխուժությամբ դիտում էր նրանց երթը, ասելով՝ թե «հայերը անկախության են ձգտում»։
Շուտով կատարվեց անսպասելին։ Երեք օր առաջ սուլթանի ժանդարմաները Սասնո լեռների մեջ ձերբակալել էին Միհրան անունով մի շրջիկ քարոզչի և բերել Մուշ։ Միհրանը առաջին գործիչն էր Տարոնում։ Անձամբ տեսա, թե ինչպես երկու կարգ ոստիկանների շարքի միջով քայլում էր Միհրանը՝ սասունցու տարազով, ոտքերը բոբիկ, գլուխը դրած ճերմակ արախչի, գրեթե կիսաբաց, սիգապանծորեն վեր բռնած, գրեթե ծիծաղերես։ Քաղաքի փողոցների երկու կողմերը բռնված էին մեծ բազմությամբ։ Միհրանին ներս բերին և այդ բազմության միջով ուղղակի վեր՝ կառավարչի ներկայությանը հանեցին։
Իսկ երեկ… Երեկ ըմբոստ քարոզչին կառավարչությունից հանելով, իմ ղռան առջևով Բաղեշ տարան։ Իր հեծած ձիու վրա ոտքերը կապած լինելով՝ ոստիկաններից մեկի ձիու աքացու հարվածից իր մեկ ոտքը ջախջախված էր։ Եվ այդ ջախջախված ոտքով էլ նրան Բաղեշի բանտը տարան։ Քարոզչին ձերբակալելու հաջողությունից քաջալերված, Հյուսնի էֆենդու ազդանշանով, մի քանի տաքգլուխ երիտասարդներ Փորկանց աղբյուրի վրա հայ օրիորդների կժերը կոտրեցին։ Ջորաթաղի մեջ կանացի ճիչեր լսվեցին։ Մավի անունով մի չերքեզ աղջիկ (միակ չերքեզուհին մեր ամբողջ քաղաքում), որ նույնպես ջրի հերթի էր կանգնած, հայ կանանց հետ հարձակվեց ոստիկանների վրա և ստացավ դաշույնի երկու հարված…։
— Նա մեռավ, քեռի, օրհնիր, որ գնամ, — գոչեցի ես՝ Բղեի թիկունքից առաջ գալով և ինձ նետելով նրա ծնկներին։
— Ո՞վ մեռավ, — շփոթահար հարցրեց քեռիս՝ իմ ներկայությունից անակնկալի եկած։
— Մավին մեռավ, Մանազկերտի սարերում տեսած այն աղջիկը, որ սիրում էր ինձ և մեր գաղտնի հանդիպումների ժամանակ նվիրել էր ինձ մի դաշույն։ Օրհնիր, որ գնամ։
— Դեպի ու՞ր, — գոչեց Բդեն, հիշատակարանը ձեռքին ոտքի կանգնելով։
— Ուր որ բախտը և պարտքը կառաջնորդեն։
— Օրհնյալ լինես, զարմիկ, և աստված քեզ հետ, — հուզված ասաց նա, հուշամատյանը ձեռքի հետ իմ գլխին իջեցնելով։
Բդեի մոտից դուրս գալով՝ ես քայլերս ուղղեցի դեպի Պաղորակ աղբյուրը։ Երկար նայեցի նրա ծորակի վճիտ ջրին և կռանալով՝ խմեցի։ Ապա շարժվեցի դեպի գետափի կանաչ բարդիները։ Մշո գետակը շառաչելով թավալվում էր իմ ոտքերի տակով։ Ա՜խ, այդ գետակը, այդ բարձրագոչ և մաքրամաքուր վտակն հայրենի։ նա հարավից էր գալիս և գնում դեպի հյուսիս՝ Ձորաթաղը երկու մասի բաժանած։ Ինչքա՜ն կամուրջներ էր քանդել նա, երբ գիժ էր, մանավանդ գարնանը հորդանալիս։ Հալչում էին Սիմ լեռան և Ծիրնկատարի ձյուները, և գետակն իր ափերից ելած՝ որոտալով անցնում էր քաղաքի միջով։ Ուր էր գնում՝ չգիտեմ։
***
Սոսեն կբոռա սարից. «Սերոբի օրհասն է, հասե՛ք»։ Անդրանիկ կլսե Սոսեի կանչ. «Հեյ վա՛խ, կասե, Սերոբ Փաշեն ձեռքից գնաց»։ Կզարկի գլխին ու բարկությունից կերթա կիգա սեմալցոց տանիքին։ Գևորգ Չաուշ կվաղե ետևից կասե. «Քու տուն չավրի, Անդրանիկ, Փաշեն ինքն է մեզ զինաթափ արել, էլ դու ինչու՞ կտանջվես նրա համար»։
Խալիլ աղան կկտրե մեռած Սերոբի գլուխն ու կտանի Մուշ, էն տեղից էլ Բիթլիս։ Մյուս օր Գևորգ Չաուշն ու Անդրանիկ կիգան Տեր Քաջի տուն, զենքեր կվերուն ու կերթան Ավեի հոգուն։ Անդրանիկ ոսկրացավով հիվանդ կեղեի ու ձեռքին մի փետ։ Զգույշ կմոտենան դռան ու բանալու ծակեն ականջ կդնեն։ Կիշեն, որ ռես Ավեն տուն չէ, գնացել է ժղլտուն։ Պատի տակ կսպասեն։
Իրիկվան Ավեն կիգա կմտնի իր օդեն։ Իրենք ետևից ներս կմտնին։ Ավեն տղեքին տեսնելով կելնի կկանգնի։ Անդրանիկ կասե. «Մեղա աստծո, դու իմա՞լ կելնիս կկանգնիս մեր առջև։ Նստիր, ռես Ավե, նստիր»։
— Չէ, դուք նստեք, — կասե Ավեն ու աչքով կենե կնկան ու հարսին, որ հաց բերեն Գևորգ Չաուշի ու Անդրանիկի համար։
Գևորգ Չաուշ կասե. «Ռես Ավե, ոչ քո հացն, ոչ քո հարիսեն մեզ հարկավոր չէ։ Մենք կուշտ ենք։ Դու գնա էն ուխալ օսկին բեր, որ Մութասարիֆն տվել է քըզի»։ Ավեի ջան դող կընկնի։ Կելնի կերթա մի քանի օսկի կբերե։
— Չէ, — կասե Գևորգ Չաուշ, — գնա ամանով առ ու արի։ Ավեն կերթա կիգա կես բուռ օսկի կբերե։
— Քեզ բան ասի. գնա ուխալով օսկին առ ու արի։ Ավեն վախից կմտնի ախոռ։ Գևորգ Չաուշն ու Անդրանիկ կիշեն, որ Ավեն ուշացավ։ Կերթան ախոռ։ Ախոռ մութ կեղեի։ Մոմլուցկիներ կվառեն կտեսնին՝ Ավեն երկու տարեկան հորթի ետև կծկված։ Իրենց որ կտեսնի, հորթի ետևից կփախչի կմտնի իր հարսի ետև։ Գևորգ Չաուշն Ավեին հարսի ետևից կքաշե, կբերե օդան։
— Ռես Ավե, — կբարկանա Գևորգ, — հերիք է մեզ չարչարես։ Գնա ուխալով օսկին առ ու արի։
Ավեն ճարահատյալ կերթա օսկին կառնե կիգա։
— Ավե, — կասե Չաուշ, — էս օսկին ո՞վ տվեց քեզ։
Ավեն կտեսնի, որ իր սուտ ջաղցի քարին դեմ առավ։ Հատիկ-հատիկ ցած ձենով կասե.
— Հյուսնի էֆենդին։
— Ինչո՞ւ համար։ — Սերոբ Փաշին տարած հացի մեջ թույն խառնելու համար։
Անդրանիկ կասե. «Ռես Ավե, դու հայոց մեծավորի գլուխը մի կճուճ օսկո՞վ ծախեցիր»։
— Մտար երկու տարեկան հորթի ետև, — կավելացնի Գևորգ, — հետո էլ՝ քո հարսի՞ ետև։
Ավեի բերան կբացվի՞, որ խոսի։
Ձեռքերը կրծքին, գլուխը կախ կանգնած է պատի տակ։
— Իսկ լավ չէ՞ր լինի, որ դու մատնություն չանեիր, ու երբ մենք քո դուռ բանայինք, բացճակատ կանգնեիր մեր առաջ ու կարիք չունենայիր թաքնվելու հորթի ու հարսի ետև։
— Մեղք էր՝ գործեցի՝ կամոք թե անկամք։ Ինչ որ ազգը կուզե, թող որոշի։ — կշշնջա Ավեն ու դեմք շուռ կիտա պատին։
Անդրանիկ աչքով կանե Գևորգ Չաուշին։ Ու Գևորգն Ավեին կառնե խանչալների տակ։ Կինը ձեռքը կթալե օսկու կճուճին։ Գլխանոցը ցած կընկնի զնգալով։ Դու մի ասի, ռես Ավեն օսկիների կես շարած կեղեի կնկա ճակատնոցին։ Գևորգ ռեսին էլ կսպանի, կնկան էլ, հարսին էլ։ Կուզե ամբողջ տոհմը չնջե, բայց Անդրանիկն ավելի խղճով կեղնի, փետը դեմ կիտա կասե՝ «Մյուսները մեղավոր չեն, ձեռք չտաս»։ Ավեի ախպոր պստիկ տղեն դեպքի ժամանակ էդտեղ կեղնի։ Անունը Վարդան է։ էս տղեն կխժժա ու պատանցքով կփախչի իրենց տուն։
Երբ կվերջացնեն կպրծնեն, Գևորգ Չաուշ կասե. — էրթա՛նք, Անդրանիկ։ Անդրանիկ կհարցնե. ու՞ր երթանք։ Չաուշ կասե. «Հայաստանի ցավեր շատ են, էս մեկով գործ չի պրծնի»։
էդ գյուղի մոտ մի խանդակ կեղեի մանրիկ ավազով։ Անդրանիկ փետը ձեռքին կիջնի էդ խանդակ, մի քիչ կպառկի տաք ավազի մեջ ու կգա կհասնի Գևորգին։ Ու նրանք երկուսով կընկնեն ճամփա։ Երկուսն էլ ֆիդան են ու հալբաթ իրենք լավ գիտեն, թե ուր պիտի երթան։ Բարով երթան»։
Ես լսեցի, թե ինչպես Ծաղիկ Համբարձումը բարձրաձայն ասաց.
— Քեռի Միրո, ես իմ պատմությունը պրծա, իսկ իմ կորե՞կը։
— Հախ աստծո, խնամ Համբարձում, ես քո կորեկը առանց հերթի պիտի աղամ, — ասաց Միրոն։
Այդ ժամանակ մի ծանր ոտնաձայն լսվեց և մի նոր աղունատեր մտավ ջրաղաց։ Եկողը Գևորգ Չաուշն էր։
***
Առավոտյան գյուղում հայտարարեցին, թե հայ կանայք ու աղջիկները երկու օրվա ուտելիքով պետք Է գնան Բիթլիս. գերմանացու թագավորի աղջիկն եկել Է և ուզում Է նրանց տեսնել։ Մի քանի տղաների հետ ինձ Էլ աղջկա շոր հագցրին և խառնեցին Բիթլիս գնացող կանանց խմբին։ Ճանապարհին մեր կապոցներն առան և մեզ փոքրիկ խմբերի բաժանելով քշեցին դեպի Էրիշտեր գյուղի գոմերն ու մարագները։ Դռները փակեցին, զինված հսկիչներ դրին և երդիկից քարյուղ լցնելով՝ կրակ տվին։ Ես գոմի մսուրում կանգնած բերանս սեղմել Էի պատին։ Կրակն ու ծուխը տարածվեցին դեպի պատերը և ես մեջքի կողմից ուժեղ տաքություն զգացի։ Սաստիկ ճնշումից ետևի պատը փուլ եկավ և ես դուրս փախա կրակների միջից։
Հետևյալ առավոտ Սլեման Օնբաշին ինձ և Գորդոնի ծառա լալ Հասոյին կարգադրեց, որ գնանք հայերի ցրված նախիրը ժողովենք տուն բերենք։ Գնացինք մինչև Սկրագոմ գյուղի ձորը։ Հասոն գնաց դաշտի ուղղությամբ, իսկ ես իջա դեպի մեծ խանդակը։ Զարմանքով տեսա դիակների կույտեր խառնիխուռն իրար վրա լցված։ Նրանց մեջ ճանաչեցի Տեր Քերոբին, մեկ թևը կտրած, կրծքի վրա դաշույնի մի քանի հարված։ Ճանաչեցի նաև գյուղապետ Մուքոյի և Թարղու երեցի դիակները։ Մարագների մոտ ընկած Էին մի քանի դիակներ։
Լալ Հասոն սկսեց քարերով դրանց գլուխները ջախջախել, իսկ ես զբաղվեցի Վաղարշակ հորեղբորս դիակը որոնելով։ Մի բլուրի տակ գտա այն մերկանդամ ու բաց ձգված։ Գորդոնի կողմը գնացի և հայերից թալանված մի հին կարպետ գտնելով, դիակը նրանով փաթաթեցի, հողի մի քանի կույտեր դրեցի վրան ու գյուղ վերադարձա։
Պարտկա Ճաղոն ասաց.
— Ես պիտի պահեմ քեզ և այսուհետև քո անունը Հասան պիտի լինի։ Ապա հայտնեց, որ իր եղբայրը եկել է և ես իր հետ Պարտիկ պիտի երթամ։ Սայլը շարժվեց։ Հասանք Վաղարշակի ընկած տեղը և տեսա, որ քիչ առաջ վրան ձգված կարպետը առել տարել էին և դիակը թաց թողնված էր արևի տակ։ Ճաղոն Վաղարշակի նոր լվացած հագուստը փռել էր սայլի վրա, աչքերիս առաջ, որ չորանար, իսկ բաճկոնը հագին էր։
Դիակը տեսնելով՝ հարցրեց.
— Սա քո հորեղբա՞յրն էր, որ սպանեցի։
— Այո, — ասացի, — և նա նոր էր եկած Ամերիկայեն։
Ճաղոյի եղբայրը իջավ սայլից, մտավ մի հայի տուն, ամբարից հինգ–վեց թեռ ցորեն հանեց և մի նորածին հորթ տեսնելով, հորթը սայլի վրա դրավ ու կովն էլ սայլին կապեց։
Պարտկա Ճաղոն երկու կին ուներ. մեկը՝ քրդուհի, մյուսը՝ թրքուհի։ Թրքուհին իմ բախտից բարի էր։ Քրդուհին ինձ հասակակից մի տղա ուներ, որին թելադրում էր ինձ սպանել։ Հաջորդ օրը, երբ գնացինք իրենց անասունները արածացնելու, այդ տղան ուրիշ երեք լամուկների հետ վրաս հարձակվեցին, որ սպանեն։ Ու ես փախչելով շուտով ինձ գտա Խասգյուղի մեջ։