ԳլխավորՄի կտոր գիրք

«Հին աստվածներ». Լևոն Շանթ

Հայ գրող, դրամատուրգ, մանկավարժ, պետական և հասարակական գործիչ Լեւոն Շանթի (ապրիլի 6, 1869-նոյեմբեր, 1951) ծննդյան օրն է։ Ներկայացնում ենք հատվածներ նրա «Հին աստվածներ» ստեղծագործությունից։

***

ԱԲԵՂԱՆ – (Նստած է անկողնին մեջ ծունկերը գրկած, քիչ մը ատեն լուռ ու անշարժ, վերջը հեգնոտ ու գլուխը շարժելով) Խարխափելով… խարխափելով… և կըսե` մոռացիր լաստը:

ՍԵԴԱ — (Դռան մեջեն հազիվ կնշմարվի) Մոռացիր, մոռացիր լաստը…

ԱԲԵՂԱՆ – (Ցնցվելով ու շշուկով) Սեդա…

ՍԵԴԱ — Մոռցիր և Սեդան:

ԱԲԵՂԱՆ – Ես մոռնամ քեզի՞:

ՍԵԴԱ — Մոռցիր ինծի, ես քու մեջի սև դևն եմ:

ԱԲԵՂԱՆ – Դուն իմ հոգիիս ճերմակ թևն ես: Նստեր էի անապատի ավազին վրա տխուր, չոր ու մենակ, դուն էիր, որ եկար թև տվիր կյանքիս, բնությունը տվիր զգայարանքներուս ու ծովը սրտիս, ծովը, ուրկե արևները կծնին, ուր ես անգամ մը գրկեր եմ քեզի:

ՍԵԴԱ — Մոռցիր, մոռցիր այդ բոլորը, դեռ ուշ չէ, եղիր նորեն ան, ինչ որ էիր, մտածե, դեռ ամբողջ երեք օր տվին քեզի:

ԱԲԵՂԱՆ – Ոչ Սեդա, ոչ, ետ դարձ չկա, ոչ կրնամ, ոչ կուզեմ: Ես երկրպագեցի քու աստվածներուդ, ես ձոնեցի քու աստվածներուդ, ես խմեցի վայելքի եղջյուրեն: Ես հիմա միայն քեզի ծարավ եմ, ես հիմա միայն քու գիրկդ կուզեմ:

ՍԵԴԱ — (Քիչ մը առաջ գալով գրկաբաց) Եկուր, ես քուկդ եմ:

ԱԲԵՂԱՆ – (Ինքն ալ անկողնին վրայեն առաջ ծռելով) Սեդա… բայց չէ՞ որ դուն երազ մըն ես:

ՍԵԴԱ — Եկուր, դուն ալ դարձիր երազ մը:

ԱԲԵՂԱՆ – Երա՞զ մը:

ՍԵԴԱ — Եկուր նորեն հոն…

ԱԲԵՂԱՆ – (Վախցած ու հափշտակված) Ծովը…

ՍԵԴԱ — Հոն, ուր անգամ մը գրկեր ես ինծի…

ԱԲԵՂԱՆ – Ուր դուն թևերուս մեջ կդողայիր քու մարմնիդ բոլոր մասնիկներովը…

ՍԵԴԱ — Ուր ալիքները կդողային ու փոթորիկը կգոռար…

ԱԲԵՂԱՆ – Ու զարկերուս տակ փրփուրը կեռար…

ՍԵԴԱ — Հոն եկուր, հոն, եթե նորեն գրկել կուզես ինծի, միայն հոն: Եկուր, հենց որ նորեն ջրերը հուզվին, հենց որ նորեն ծովը փրփրի:

ԱԲԵՂԱՆ – (Հետզհետե ծունկի գալով անկողնին վրա) Այո, երբ որ ջրերը հուզվին, երբ որ ծովը փրփրի…

ՍԵԴԱ — Եկուր փաթթվինք իրարու ու տանիմ քեզի գրկիս մեջ անդունդե անդունդ, մթնոլորտե մթնոլորտ, տանիմ քեզի դեպի նոր անծանոթները, դեպի այն նոր աշխարհները, որոնց մասին դու ու քու աշխարքըդ գաղափար անգամ չունիք: Եկուր:

ԱԲԵՂԱՆ – Կուգամ: Առաջին անգամ, երբ քեզի գրկեցի, բացվեցան ինծի որքան, որքան անծանոթներ, գամ նորեն քեզի գրկելու և թող բացվին նոր անծանոթներ:

ՍԵԴԱ — Եկուր, տանիմ քեզի հեռու, հեռու քու կյանքիդ նեղ սահմաններեն, տանիմ քեզի նոր գոյության, նոր ձևերու, նոր էության…

ԱԲԵՂԱՆ – (Վերացած) Նոր, նոր կյանքի, նոր էության:

ՍԵԴԱ — Եկուր, ձուլվիս ծովին, ձուլվիս լույսին ու ջերմության, ձուլվիս ինծի ու Աստղկան, ձուլվիս Վահագնին ու աստվածներուն…

ԱԲԵՂԱՆ – Ախ, շուտ, ախ, շուտ:

ՍԵԴԱ — (Ետ-ետ քաշվելով) Հենց որ ջրերը հուզվին, հենց որ ծովը փոթորկի…

***

ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ – Ուշքի եկուր, վանահայր, քանի կանուխ է ու թող մեր անապատը խաղաղ ու հանգիստ:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Նախ շվարածի պես է այս տարափին տակ, ետքը գլուխը վեր կառնե, կնայի շրջապատողներուն տեսակ մը ապշությամբ) Դուք… հոս իմ շուրջս, ե՞ս… հոս կեցած ձեր մեջը… Ես ձեր վանահայրը, դուք իմ միաբանությունս, իմ իսկ հիմնած: (Ժպտուն) Միաբանություն, ինչ միություն ձեր ու իմ մեջ… (Աչքերը շփելով) Կարծես կապը կիյնա աչքերես: Ինչպե՞ս է եղեր, որ ես չեմ հասկցեր այսքան պարզ բանը, այսքան ակնհայտնի: Մինչև հոս, մինչև անապատ կրցեր ենք մենք միասին: Մինչ հոս ես կրնայի բերել ձեզի, մինչև հոս կարելի է բերել մարդը, բայց հոսկե անդին… հոսկե անդին մարդ ինքը պիտի երթա: Ճշմարիտը դուք եք, այդ եկեղեցին պետք է, որ մնա, ան է ձեր եկեղեցին, գացեք, գացեք, ներս, ան կուտա ձեզի անվերջ աղոթքներ ու մխիթարանք, ան կբանա ձեզի արքայության դռները, կազատե ձեզի բոլոր սատանաներեն, ան ձեզի ձեր հացն ալ կուտա ու ձեր հագուստը գացեք, գացեք, ներս ու խաղաղությունը թող ըլլա ձեզի հետ:

Իսկ իմ փնտրածս ատիկա չէ, իմ փնտրածս աշխատանքն է, ներքին անդուլ ու անկաշկանդ որոնումը` ներքին անվերջ նվաճումները բարձունքե-բարձունք, պարսպե-պարիսպ, տարակույսներու անդունդներուն վրայեն, ելքերով ու անկումներով, անդադար խոյանք մը դեպի ճշմարտությունը: Գացեք, գացեք ներս դուք ձեր եկեղեցին, ես ալ երթամ շինեմ իմ եկեղեցիս, բայց այս անգամ ես, միայն ես, և կերտվածք մը, որ վայել ըլլա իմ Աստծուս բնակությանը, որու կամարներուն տակ իմ խնկելիք աղոթքիս ոչ մեկ բառը կեղծ չհնչե, ոչ մեկ բառի արձագանքը դատարկ չհնչե:

ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – (Ծաղրով) Ատ ո՞ւր պիտի շինես, վանահայր, քու նոր կերտվածքը:

ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ – (Ծաղրով) Եվ ինչե՞, գրանի՞տ պիտի ըլլա, թե՞ մարմարե:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Գրանիտ ու մարմար, որձաքար ու ամեն տեսակ քար ես կթողնեմ աշխարհի աստվածներուն: Իմ տաճարիս հիմքը իմ բանականությունս պիտի ըլլա, սյուները իմ կամքս է, ու գմբեթն ալ ըլլալու է հավատքս…

1917թ.

Comment here