ԳլխավորՄի կտոր գիրք

Արտաշես Քալանթարյան. «Սիրիր մերձավորիդ»

Արտաշես Քալանթարյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս Արտաշես Քալանթարյանի (16.09.1931-23.02.1991) ծննդյան օրն է։

Ներկայացնում ենք հատվածներ նրա «Սիրիր մերձավորիդ» պատմվածքից։

***

Արդեն քառասունն անց, տարիքով մարդ էր Վիրաբը, շատ ցավ ու կրակ էր տեսել կյանքում և հաճախ մտածում էր, թե այլևս որևէ բան զարմացնել, հավասարակշռությունից հանել չի կարող իրեն: Որովհետև ամեն ինչ տեսել է: Իսկ հիմա նստել-մնացել էր փողոցում՝ ավտոբուսի կանգառի մոտ դրված փայտե նստարանին ու սպասում էր, որ ուշքի գա: Ու մտածում էր, թե ինչ է ասելու հետո, երբ ուշքի գա: Այսինքն՝ ասելը դեռ ոչինչ, ամեն ինչ էլ կարելի է ասել, բայց ի՞նչ է անելու: Ի՞նչ է անելու հետո, երբ ուշքի գա:

Նա նման հարվածի չէր սպասում: Սկզբում նույնիսկ ականջներին չհավատաց: Կանգ առավ քարացած: Հետո նորից լսեց նույն բառերը: Սուսանը լաց էր լինում ու կրկնում՝ արցունքից խեղդվելով.

— Որ իմանա, չի ուզի: Չի ուզի, էլի, մա՛մ: Որ իմանա, չի ուզի…

Բավականին ուշ էր, որ Վիրաբը տուն եկավ: Բայց իրեն մեղավոր չէր զգում, որովհետև մեղք չուներ: Մարգոյին զգուշացրել էր, որ ակադեմիկոս Պարսամյանի տանն է լինելու: Մենակ է ծերունին և ձանձրանում է, նարդի խաղացող չկա հետը: Դրա համար էլ մեկ-մեկ երեկոները հրավիրում է Վիրաբին: Թեյ են խմում իրար հետ, զրուցում են: Իսկ այսօր հիվանդ էր: Ավելի ճիշտ՝ ընկճված էր մի տեսակ, լցված էր սիրտը, խոսել էր ուզում: Իսկ երբ մարդը, և այն էլ ի՜նչ մարդ՝ խոսելու կարիք ունի, հո չես կարող ձեռքդ բարձրացնել ու նայել ժամացույցին:

Այդ պատճառով էլ ուշացավ: Բայց քանի որ, այնուամենայնիվ, շատ ուշ էր, զանգ չտվեց: Իր բանալիով անաղմուկ բացեց կողպեքը, անձայն ներս մտավ, զգուշորեն փակեց դուռը, ոտքերի թաթերին հենվելով անցավ խոհանոցի մոտով ու մեկ էլ զգաց, որ տնեցիները քնած չեն: Հենց խոհանոցից էլ լսվում էր դստեր սրտաճմլիկ ձայնը.

— Որ իմանա, չի ուզի: Չի ուզի, էլի, մա՛մ: Որ իմանա, չի ուզի:

Վիրաբը կանգ առավ զարմացած:
— Ի՞նչ գիտես, այ աղջի,- հարցրեց Մարգոն:
— Գիտեմ, էլի,- լաց էր լինում Սուսանը:- Որ իմանա հայրս՝ աղբ հավաքող է, չի ուզի: Աղբ հավաքողից ո՞վ աղջիկ կուզի, ա՛յ մամ:
— Իսկ դո՞ւ ինչու ես ասում, թե աղբ թափող է, ասա վարորդ է,- ասաց Մարգոն:
— Չի՞ հարցնի, թե ինչ վարորդ է: Ասում ես, էլի… Ավտոբուս է քշո՞ւմ, թե տաքսի: Ի՞նչ ասեմ: Էս ի՞նչ դժբախտություն է, մամ ջան, ի՜նչ դժբախտություն:
Խոհանոցում մի պահ լռություն տիրեց և այդ լռության մեջ Վիրաբը լսեց, թե ինչպես է ցավով,
տագնապահար, անկանոն զարկում սիրտը:
Հիմա Մարգո՞ն ինչ կասի: Տեսնես ի՞նչ կպատասխանի Մարգոն:

— Բա ե՞ս ինչ ասեմ,- հանկարծ աղջկա լացակումած ձայնով ասաց Մարգոն,- ե՞ս ինչ ասեմ, որ ամբողջ կյանքում եմ ամաչել: Այնքան սուտ եմ ասել, որ մի տոկոսն էլ հերիք է դժոխքի կրակի մեջ խորովվելու համար: Բայց ի՞նչ կարող ենք անել, աղջիկ ջան, մեր ճակատին էլ դա է գրված: Ի՞նչ կարող ենք անել:

Մարգո՛ն: Դա արդեն այնքան աներևակայելի էր, որ Վիրաբը հանկարծ զգաց, թե ինչպես միանգամից թուլացան ծնկները: Մարգո՛ն: Դա արդեն հարված էր թիկունքից: Սրտին: Ուզեց խոհանոց մտնել, չկարողացավ: Ոտքերը հազիվ քարշ տալով ետ դարձավ, կամացուկ բացեց դուռը ու նորից հայտնվեց աստիճանավանդակում: Խոր շունչ քաշեց, հենվեց բազրիքին ու ցած նայեց: Մութ էր: Միայն առաջին հարկում, ասես մշուշի միջից, ինքն իրեն հազիվ լուսավորում էր մի աղոտ լապտեր:

Նա գողունի քայլերով, անշշուկ իջավ սանդուղքով ու կրկին փողոց դուրս եկավ: Տոթ, խեղդուկ գիշեր էր: Օդում կարծես թե ամպրոպի հոտ կար: Նա վեր, դեպի երկինք նայեց ու տեսավ, որ ամպերը կուտակվել, ծխի ու փոշու հետ խառնվել, կախվել են ցած: Գոնե անձրև գար, մտածեց նա ու անմիջապես էլ մտածեց, թե ի՞նչ է փոխվելու դրանով, եթե անձրև գա: Ոչինչ էլ չի փոխվելու, ոչինչ:

Ոտքերը ցավում էին և ասես մշուշի մեջ լողում էր գլուխը: Վիրաբը դանդաղ, շատ դանդաղ մոտեցավ ավտոբուսի կանգառի մոտ դրված փայտե նստարանին ու նստեց: Մի դատարկ ավտոբուս եկավ: Խղճով վարորդ էր. կանգ առավ, բացեց դռները, սպասեց, բայց որովհետև Վիրաբը չէր շարժվում, մտածեց, թե քնով է ընկել ու թեթև ազդանշան տվեց:

Ու Վիրաբն իրեն չգիտես ինչու մեղավոր զգալով, տարածեց ձեռքերը, կարծես անձայն ասելով. «Նստեմ ո՞ւր գնամ, եղբայր, պտտելու ես քաղաքով մեկ ու էլի մեր տուն ես բերելու: Նստեմ ո՞ւր գնամ, եղբայր»:

Ավտոբուսը շրխկոցով փակեց դռներն ու հեռացավ: Եվ մենակ մնաց Վիրաբը: Բայց նա մենակ չէր. գիշերային խոր լռության մեջ ավելի պարզորոշ աղմուկով նրա ականջին շարունակ-շարունակ հնչում էին նույն ձայները: Սուսանը հեծկլտում էր անընդհատ, ինչ-որ բաներ էր ասում, իսկ Մարգոն դստեր ձայնով մխիթարում էր նրան:
Վիրաբն ամուր փակեց ականջները, որ չլսի:
Ուրեմն՝ անպտուղ ու սո՞ւտ է եղել ապրած ամբողջ կյանքը:

***

Երբ Վիրաբն առաջին անգամ տեսավ Մարգոյին, կյանքում առաջին անգամ էլ հասկացավ, թե ինչ բան է կարեկցանքը: Որովհետև առաջին անգամ էր հանդիպում մեկին, որն ավելի թշվառ լիներ ու օգնության կարոտ, քան ինքը: Ներսում ինչ-որ բան ճմլվեց, բարձրացավ կոկորդով ու շատ ցավաց: Նա առաջ էլ նման զգացում ունեցել էր, բայց միայն կենդանիների նկատմամբ:

Մի անգամ, երբ շատ փոքր էր, անտեր, անօգնական, անձրևի տակ թրջված կատվի ձագ տեսավ, որը դողդողում էր ամբողջ մարմնով ու մլավում խղճալի: Գրկեց, կրծքին սեղմեց ու շոյեց, շոյեց, շոյեց ձագի թաց, անհարթ, մոխրագույն մորթին, որի տակ փափուկ ջլերի նման այս ու այն կողմ էին սահում փոքրիկ ոսկորները: Այնքան շոյեց, մինչև դողն անցավ: Ձագը փակեց աչքերն ու հանկարծ սկսեց հանդարտ, խաղաղ մռմռալ ու հենց այդ ժամանակ Վիրաբն զգաց, որ ինչ-որ բան ճմլվեց, բարձրացավ կոկորդով ու սկսեց խեղդել նրան: Զգաց, բայց չհասկացավ, թե դա ինչ է ու հանկարծ լաց եղավ: Լաց էր լինում լուռ, առատ արցունքներով, ինքն էլ զարմանալով, թե ինչու է լաց լինում: Բայց ինչ-որ տեղ հոգու խորքում, թե ավելի հեռու և ավելի խորը՝ բնազդների մեջ հիշում էր, որ ինքն էլ ճիշտ այս ձագի նման դողում էր խղճալի ու
ինչ-որ մեկը կարծես թե շնչով տաքացնում ու շոյում էր նրան: Ինչ-որ մեկը: Դե երևի մայրն է եղել: Ասում են, թե մայրերն են այդպես անում: Ասում են… Միայն ասելով գիտեր Վիրաբը: Որովհետև մայր չէր տեսել:

Comment here