Ճգնաժամային ու բարդ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսպես բնորոշեց իր աշխատանքային 6 տարվա գործունեությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրավիրված ամփոփիչ ասուլիսում Արման Թաթոյանը ներկայացրեց իր գործունեությունը 2016 թվականի փետրվարից սկսած: Նա նշեց, որ աշխատանքային առաջին իսկ օրից դժվարին ժամանակ էր:
«Առաջին օրից սկսած աշխատանքները տարվել են բարդ ու ճգնաժամային իրավիճակներում: Այդ ընթացքում ես մշտապես առաջնորդվել եմ կարևոր սկզբունքներով՝ հավատարիմ լինել երդմանը, անել ամեն ինչ, ու անել այնքան, որքան անհրաժեշտ է: Պաշտոնավարման մեկնարկին հաջորդեց Ապրիլյան պատերազմը: Ապրիլի 3-ին ես արդեն գտնվում էի Արցախում: Դրանից հետո Տավուշում ու այլ հատվածներում հրադադարի խախտումների դեպքերն էին: Բոլոր անհրաժեշտ տեղերում մշտապես իրականացրել ենք փաստահավաք աշխատանքներ»,-ասաց Արման Թաթոյանն՝ ամփոփելով աշխատանքային 6 տարվա գործունեության արդյունքները:
Տարին լարված էր, տեղի ունեցան ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի հետ կապված իրադարձություններ: Դրան հաջորդող տարին նույնպես բարդ էր, որովհետև վերաբերում էր այդ գործի շրջանակում ձերբակալվածների, կալանավորվածների իրավունքների պաշտպանությանը, նրանց պահվելու պայմաններին:
«Այնուհետև սկսվել են 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների հայտնի իրադարձությունները: Մենք այստեղ աշխատել ենք գիշեր-ցերեկ: Աշխատանքային խմբերով հաճախ լուսացրել ենք ոստիկանության բաժանմունքներում, քրեակատարողական հիմնարկներում, որպեսզի պատշաճ իրականացնենք մեր պարտականությունները»,-ասաց Արման Թաթոյանը:
2020 թվականի հուլիսին ադրբեջանական իշխանությունները սանձազերծեցին ագրեսիա Տավուշի ուղղությամբ: Գնդակոծվում էին խաղաղ բնակավայրերը: ՄԻՊ-ն իրականացնում էր փաստահավաք աշխատանքներ, կապի մեջ են եղել միջազգային կազմակերպությունների հետ:
ՄԻՊ-ի համար լարված էր քովիդյան ժամանակաշրջանը: Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ աշխատել են մի քանի ուղղությամբ՝ իրազեկումներ, մեկուսացումներ, վերահսկողություն՝ պետական կառույցների նկատմամբ:
2020 թվականի սեպտեմբերին սանձազերծվեց աղետաբեր պատերազմը, որն ուղեկցվեց բազմաթիվ զոհերով, ավելացրեց հաշմանդամություն ունեցող անձանց թիվը, ավերվեցին բնակավայրերը: Արման Թաթոյանը նշեց, որ խախտումները չսահմանափակվեցին ու շարունակվեցին սահմանային բնակավայրերի ուղղությամբ:
«Այս ամբողջ ընթացքում այնպիսի զգացողություն է, որ մենք, կարծես, դեռ գտնվում ենք պատերազմի մեջ: Աշխատանքի ամբողջ ընթացքում մենք ունեցել ենք դիմումների ու բողոքների շեշտակի աճ:
Եթե 2015-ին գրավոր և բանավոր դիմումները եղել են 5214, ապա 2020 թվականին՝ 14 հազար 780, 2021-ին՝ 21 հազար 118»,-ասաց Արման Թաթոյանը: Նրա խոսքով, նույն պատկերն է «թեժ գծին» ստացվող զանգերի առումով: 2015 թվականին եղել է 2086 ահազանգ, 2020-ին՝ 11 հազար 735, 2021-ին՝ 14 հազար 124: