ԳլխավորԼուր

Մենք գնալու ենք Ա ճանապարհով՝ պատրաստ լինելով Բ ճանապարհին. Ազատության հրապարակում հանրահավաք է

Երևանի Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքին Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ներկայացրեց առաջիկա անելիքները: «Արմենպրես»ի հաղորդմամբ, Վազգեն Մանուկյանը նշեց, որ իշխանափոխության համար անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք: Նա նշեց, որ Հայաստանի տարբեր հատվածներում կոմիտեներ ձևավորելու անհրաժեշտություն կա:

«Ես ցանկանում եմ բոլորիս ուժ և միասնություն: Մենք պետք է լինենք կոշտ ու համոզիչ: Մեր պարտքն է մեր հայրենակիցներին բացատրելու, թե ինչ է կատարվում մեր երկրում և ինչ է լինելու: Մենք պետք է համոզենք ուժային կառույցներին ու թողնենք նահանջի ճանապարհ: Աշխատանք պետք է տարվի Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հենարան պատգամավորների հետ: Այստեղ ևս պետք է լինել կոշտ ու համոզիչ և թողնել նահանջի ճանապարհ»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

Նա նշեց, որ անհրաժեշտ է կազմակերպել գործադուլներ,  ցույցեր, ավտոմեքենաների շարասյուներով շրջել Հայաստանում, ոտքի հանել մարդկանց: Դա պահանջում է ժամանակ ու աշխատանք:

«Բայց կա նաև պլան Բ, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը: Մենք գնալու ենք Ա ճանապարհով՝ պատրաստ լինելով Բ ճանապարհին: Մեզ պետք է վճռականություն, միասնություն, մենք կարող ենք  այս վիճակից դուրս գալ»,-ասաց Վազգեն Մանուկյանն՝ ընդգծելով, որ կվերականգնեն այն, ինչ կորցրել ենք և կկառուցենք այն երկիրը, որը երազում ենք:

Վազգեն Մանուկյանը նաև անհրաժեշտւթյուն է համարում արագորեն վերակառուցել բանակը, ապահովել երկրի անվտանգությունը: Նրա խոսքով, բանակում պետք է տեղի ունենան կառուցվածքային խոշոր փոփոխություններ:

Դրանից բացի, Վազգեն Մանուկյանն ընդգծեց, որ պետք է վերականգնել Հայաստանի հարաբերությունները դաշնակիցների հետ:

Comment here