ԳլխավորԼուր

Դատապարտելի է Վազգեն Մանուկյանի կողմից վիրավորական ձևակերպումներ օգտագործելը քաղաքացիներին ուղղված իր խոսքում. ՄԻՊ

Դատապարտելի է ՀՀ վարչապետի թեկնածու համարվող Վազգեն Մանուկյանի կողմից այսօր Գյումրիում վիրավորական ձևակերպումներ օգտագործելը քաղաքացիներին ուղղված իր խոսքում: Առավել ևս բացարձակ է անընդունելի նրա կողմից իր խոսքի վիրավորական արտահայտությունը վերահաստատելը լրագրողի հետ զրույցում:

Այս մասին հայտարարել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Անթույլատրելի են բոլոր այն դեպքերը, երբ հանրային գործիչներն իրենց խոսքում օգտագործում են քաղաքացիներին ուղղված վիրավորական բառեր ու արտահայտություններ:

Մեր երկրում հանրային համերաշխությունը երաշխավորելու համար ինչպես հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, այնպես էլ հանրային գործիչները պետք է զերծ մնան իրենց հրապարակային խոսքում մարդկանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ օգտագործելուց։ Յուրաքանչյուր խոսք ասելիս կամ արտահայտություն անելիս պետք է պարտադիր նկատի ունենալ այդ խոսքի կամ արտահայտության բոլոր հնարավոր ենթատեքստերն ու փոխաբերական իմաստները: Վարչապետի թեկնածու համարվող անձի նկատմամբ, բնականաբար, պահանջներն ավելի բարձր են:

Պետք է առհասարակ բացառել վիրավորանքով միմյանց մասին խոսելը, պետք է հարգանքով վերաբերվել միմյանց կարծիքի նկատմամբ՝ յուրաքանչյուրս մեր խոսքում պահպանելով այս կանոնները»,-նշված է հայտարարության մեջ:

Տեղեկացնենք, որ Գյումրի գնալիս մի խումբ մարդիկ փակել էին Վազգեն Մանուկյանի ավտոմեքենայի ճանապարհը:

Ավելի ուշ Մանուկյանը նրանց անվանել էր «բոմժեր»:

Comment here