ԳլխավորԼուր

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է

Հիվանդանոց

Գյումրիում մարտի 5-ին ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակի առողջական վիճակը, որին մարտի 6-ին գիշերը տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, գնահատում են ծայրահեղ ծանր:

Լրագրողների հետ զրույցում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն ասել է, որ աղջիկն ունի ծանր զուգակցված բազմակի տրավմա, գլխուղեղի փակ տրավմա, սալջարդ, ուղեղի այտուց, սուբարախնոիդալ արյունազեղում, քթի բազմակի ոսկորների, ծնոտի, ամրակի, 10-րդ կողի կոտրվածքներ, կրծքավանդակում արյան կուտակումներ: Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, բայց կայուն։ Աղջնակի մոտ առկա գանգուղեղային տրավման շատ լուրջ է և այդ փաստը նրա կյանքի համար լուրջ մտահոգվելու տեղիք է տալիս:

Մարտի 5-ին ժամը 15:40-ին հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ «տրավմային շոկով, գանգուղեղային փակ վնասվածքով» Գյումրու Պռոշյան փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները բնակարանում հայտնաբերել էին աղջկա մոր՝ 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով:

Հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա մի տղամարդ, որը խոստովանել է, որ ինքն է ծեծի ենթարկել 43-ամյա կնոջը և նրա անչափահաս դստերը: Նույն օրը հանցագործությունը կատարելու կասկածանքով նա ձերբակալվել է:

Ծեծի ենթարկված 13-ամյա անչափահասը մարտի 5-ին Գյումրիում վիրահատվել է:

 

Comment here