ԳլխավորՄի կտոր գիրք

Երվանդ Օտյան. «Ընկ. Բ. Փանջունի ի Ծապլվար»

Արևմտահայ գրող-երգիծաբան Երվանդ Օտյանի ծննդյան օրվա (19.09.1869-1926) առթիվ ներկայացնում ենք հատվածներ նրա «Ընկ. Բ. Փանջունի ի Ծապլվար» ստեղծագործությունից։

***

Ընկեր Փանջունի կրտսեր զավակն է տրապիզոնցի ընտանիքի մը ու ծնված է 1875թ.-ին: Մայրը տղաբերքի հետևանքով մեռած է, առանց կարենալ սնուցելու իր երախան զոր մեծցուցած են այծի կաթով: Ուրիշ կենսագիր մը գուցե հետևություններ հանել փորձեր այս աննշան դիպվածեն` ընկեր Փանջունիի ունայնությունն ու թեթևությունը վերագրելով իր առած այդ նախնական սնունդին: Ես, ինչպես ըսի, չեմ ուզեր ոևէ դատաստան ընել, այլ կը բավականանամ իրողությունները արձանագրելով:

Փանջունի շատ ուշ լեզու ելած է, բայց անգամ մը խոսիլ սկսելե ետքը, ալ բերանը դյուրավ չէ գոցած: Քանի կը մեծնար, այնքան կաճեր իր խոսելու կատաղությունը, այն աստիճան, որ խեղճ հայրը ստիպվեցավ բժիշկի դիմել այդ անսովոր երևույթին դարման մը գտնելու համար: Բժիշկը քննեց տղան, լեզուն նայեցավ, կոկորդը նայեցավ, աչքերուն նայեցավ և վճռաբար ըսավ հորը.

— Ճար ու դարման չկա, այս տղան միշտ պիտի խոսի:
— Բայց տանը մեջ ալ դիմացվելիք բան չէ:
— Բամպակ թխեցեք ականջնիդ, աս է միակ միջոցը,- պատասխանեց բժիշկը:

Հակառակ իր խոսելու մարմաջին` փոքրիկն Փանջունի հաճախ սխալ կը գործածեր բառերը, բոլորովին աղավաղելով անոնց նշանակությունը: Օր մը սեղանի մը վրա դրված արժեքավոր անոթ մը կառնե ու գետին նետելով ջարդ ու փշուր կընե:

Հայրը, իրիկունը գործեն վերադարձին, կը տեսնե եղածը և տղան կանչելով ու անոթին կտորտանքները ցույց տալով կը գոչե.

— Ծո, ինչ ես ըրեր անոթը:
— Շինեցի հայրիկ,- կը պատասխանե փոքրիկ Փանջունի միամիտ համոզումով մը:
— Ծո ինչ շինել, կոտրել ես, շան զավակ:
— Չէ, հայրիկ, շինեցի,- կը պնդե տղան:

Ի զուր հայրը երկար-բարակ կը բացատրե թե` երբ առարկա մը գետին նետելով կտոր-կտոր կընենք, այդ գործողությունը շինել բառով չի բացատրվիր այլ կոտրել: Անկարելի եղավ բառագիտական այդ նրբությունը հասկցնել Փանջունիի, որ շարունակեց տանը մեջ գտնված գավաթները, պնակները, շիշերը կոտրտել և ամեն անգամ որ «Ինչ կընես կոր» ըսելով զինքը կը հանդիմանեին անդրդվելի ու անխռով կը պատասխաներ.

— Կը շինեմ կոր:

Դպրոցին մեջ Փանջունի ընկերներուն հետ վիճելով ու ճառ խոսելով ժամանակ կանցըներ, իսկ դասերուն բնավ չէր հետևեր, չհավնելով կամ դասատուին, կամ դասագրքին, կամ դասարանին և կամ տետրակին ու գրչի ծայրին:

Օր մը թվաբանության խնդրի մը մասին վեճ ունեցավ իր դասընկերներեն մեկուն հետ:

— Հինգ անգամ հինգ` քսանհինգ կընե,- կըսեր ընկերը, որ ողջամիտ տղա մըն էր և որ հետո հարուստ վաշխառու մը եղավ:
— Չէ,- կը համառեր Փանջունի,- հինգ անգամ հինգ` հիսուն կընե:
— Ոչ, քսանհինգ կընե:
— Հիսուն կընե:

Մյուսը տեսնելով թե դժվար,- ինչ կըսեմ անկարելի է,- խոսք հասկցնել Փանջունիի և չուզելով անօգուտ կռվի մը տեղի տալ, հաշտարար հոգիով մը պատասխանեց.

— Լավ, ես թող այնպես գիտնամ թե` քսանհինգ կընե, դուն ալ այնպես գիտցիր թե` հիսուն կընե, ու ալ չխոսինք այդ մասին ու երթանք միատեղ գնդակ խաղանք:
— Չըլլար,- պնդեց Փանջունի,- պետք է որ նախ համոզվիս թե հինգ անգամ հինգ հիսուն կընե:
— Այդ անկարելի է:
— Անպատճառ պետք է որ քեզ համոզեմ,- շարունակեց մեր հերոսը, հետզհետե բորբոքվելով:
— Երբեք չեմ կրնար համոզվիլ և դուն ալ երբեք չես կրնար ապացուցանել,- մռնչեց Փանջունի,- առ քեզի համոզիչ ապացույց մը:

Եվ գետնեն քար մը առնելով իջեցուց խոսակցին գլխուն:
Գլուխը վիրավորվեցավ թեթևապես, բայց տղան կրկին համոզում չգոյացավ թե` հինգ անգամ հինգ կրնա հիսուն ընել, և լալով գնաց բողոքելու վարժապետին:

Վարժապետին իսկույն կանչեց Փանջունին և`

— Ինչու ընկերոջդ գլուխը պատռեցիր,- գոչեց ձայնով մը որով Եհովա ըսած էր Կայենին` «Ի՞նչ ըրիր քու եղբորդ»:
— Զինքը համոզելու համար,- պատասխանեց ապագա պրոփականտիստը հանդիսավորապես:

Հայրը տեսնելով իր զավակին այս տարօրինակ ընթացքը, հաճախ ակռաները կրճտելով կը պոռար.

— Փորձանք պիտի ըլլաս, փորձանք…

Խեղճ մարդը կը սխալեր իր լավատեսությանը մեջ: Փանջունի փորձանք չպիտի ըլլար, այլ հեղափոխական գործիչ:

***

Պետք չկա ըսելու որ Ծապլվար գյուղը խոր տգիտության մեջ թաղված է, մանավանդ ընկերվարական հարցերու մասին։ Տասնըհինգ օր է, որ այստեղ հասած եմ, և հասած օրիս հետևյալ օրն իսկ սկսած եմ պրոփականտի, և տակավին կարող չեմ եղած այդ գյուղացիներու մտքին մեջ մտցնել քափիթալիզմի գործած ոճիրները, բանվորական սենտիքաներու հրամայողական անհրաժեշտությունը, պրոլետարիայի պահանջքները ևն… Բայց ես չեմ հուսահատած, ընդհակառակը իրենց այդ անհասկացողությունը ավելի եռանդ կու տա ինծի պրոփականտը առաջ տանելու։

Ինչ որ իմ պաշտոնս կը դժվարացնե, այն է թե Ծապլվարի մեջ գոյություն չունին դասակարգային որոշ բաժանումներ, կամ մանավանդ լավագույն է ըսել թե՝ այդ բաժանումներու գիտակցությունը չունին։ Իմ գործս պիտի ըլլա նախ կազմակերպել դասակարգային բաժանումները, անոնց ցույց տալ իրենց հատուկ պահանջումները, և զանոնք ձեռք բերելու միջոցները։

Պետք է կռվի պատրաստել այս տգետ գյուղացիները, և այդ հեշտ գործ չէ։

Երկու շաբաթե ի վեր անընդհատ շփման մեջ եմ գյուղի բոլոր բնակիչներուն հետ և կը ջանամ որոշել, և ընտրել բոլոր այն անձերն որոնցմով կարող պիտի ըլլամ ստեղծել դասակարգային որոշ շարքերը։

Գյուղն ունի մի ծերուկ քահանա՝ Տեր Սահակ. այդ կը ներկայացնե միջնադարյան կղերականությունը, խավարամտությունը, օպսքուրանթիզմը։ Անհրաժեշտ է տաք պայքար մղել իրեն դեմ։

Ծապլվարի պուրժուազիան կը ներկայացնեն Րես Սերգոն և իր մեկ քանի արբանյակները։ Այդ կեղտոտ պուրժուան ունի երեք արտ, երկու կով, մեկ էշ և երկու այծ, արդյունք՝ խեղճ անինչք գյուղացիներու վրա ի գործ դրված դարավոր կեղեքումներու։ Զարմանալի է որ այդ մարդը գյուղին մեջ բարի համբավ կը վայելե և կը հարգվի ամենեն, նույնիսկ անոնց կողմե որոնք պետք էր որ իր բնական թշնամիները ըլլային։ Տեսե՛ք թե ո՛ր աստիճան տգիտության մեջ թաղված են այդ խեղճերը։ Հա՞րկ ըսել որ Տ. Սահակ շաբաթը մեկ քանի անգամ կը ճաշե Րես Սերգոյի տունը։- Հավիտենական զինակցությունը քափիթալիզմի և կղերականության՝ ընդդեմ ընչազուրկ դասակարգին։- Բայց համբերություն, ամեն բան իր տեղը կու գա։

Ծապլվարի մեջ բանվոր դասակարգը կը բաղկանա պայտար Մկոյե, որ միանգամայն երկաթագործ է։ Երկու օր առաջ Րես Սերգոյի էշուն պայտն ինկած էր, և կեղտոտ պուրժուան ստիպվեցավ դիմել Մկոյին։ Շատ ջանացի որ Մկոն համոզեմ ընդհանուր գործադուլ հրատարակելու և Րես Սերգոյի էշն առանց պայտի ձգելու։ Այդ՝ շատ ցնցող տպավորություն պիտի գործեր առ հասարակ առանձնաշնորհյալ դասակարգերուն վրա։ Բայց դժբախտաբար Մկո ընդդիմացավ, որովհետև տակավին բավականաչափ պրոփականտ չէի արած։ Հոգ չէ, եթե այս անգամ չի հաջողվեցավ՝ ուրիշ անգամ կը հաջողվի։ Ընդհանուր գործադուլն անհրաժեշտ է Ծապլվարի մեջ, մեր պրոփականտի գործնական արդյունքը ցույց տալու համար։

***

Բաց աստի, մյուս կողմե, բանակցություններ սկսված են Րես Սերգոյի և Տեր Սահակի հետ։ Րես Սերգո երեք օր առաջ եկավ և ուզեց որ դպրոցը թողունք, հաշտություն գոյացնենք և գյուղը հանդարտի։ Մինչև իսկ խոստացավ դպրոցն առ այժմ փակ պահել, ուսուցիչը ետ ղրկել և ինձ հանձնել դպրոցի տնօրենությունը, անպայման կերպով։

Այդ խաղաղական առաջարկներն ի հարկե կարելի չէր ընդունիր — մենք կ’ուզեինք գաղափարական պայքար, հեղափոխական գործունեություն և ոչ թե անշարժություն և մեռելություն։

— Մենք ամենքս ալ հայ ենք, եղբայր ենք, ինչո՞ւ սիրով չապրինք իրարու հետ, ինչո՞ւ կռիվ ընենք,- կը կրկներ այդ կեղտոտ պուրժուան որ կարող չէր ըմբռնել թե կյանքի էական պայմանն էր կռիվը, թե դասակարգային պայքարը անհրաժեշտ էր ընկերվարության հաղթանակին համար, և թե առանց արյունահեղության կարելի չէր մի լավ բան դուրս բերել։

Երկարորեն բացատրեցի իրեն որ ինք, իբրև պուրժուազիայի ներկայացուցիչ, պարտավոր է լինել մեր կատաղի հակառակորդը և իբրև այդ՝ պետք է դիմե կեղտոտ միջոցներու, հրամայողական պարտք էր իրեն համար ոստիկանության աջակցության դիմել և մեզ բռնի դուրս հանել դպրոցեն և այլն։

Րես Սերգո պատասխանեց թե իբրև գյուղապետ երբեք չպիտի թույլատրեր որ ոստիկան բերվեր և կը նախընտրեր մեռնիլ՝ քան թե ներքին կռիվներու համար կառավարության դիմում ընել։

Կը տեսնե՞ք որ այդ կեղտոտ արարածը նույնիսկ կարող չէ ունենալ իր դասակարգին պահանջած սև ոգին։ Ի զո՛ւր կրկնեցի թե մեր մեջ պետք է մղվեր դասակարգային կատաղի կռիվ, թե իրենք պարտավոր են մեզ դեմ գործածել բոլոր կեղտոտ զենքերը, մատնություն, դավաճանություն, զրպարտություն և ի հարկին դիմելու էին բռնի միջոցներու, թե առանց ատոր կարելի չէր ունենալ պուրժուազիական կեղտոտ դասակարգը, որուն գոյությունը անհրաժեշտ է, անոր դեմ մղելու համար հեղափոխական ազնիվ պայքարը։

— Մենք եղբայր ենք, մենք քրիստոնյա հայեր ենք, մենք պետք է իրար սիրենք, միաբանությամբ ապրինք,- կ’ըսեր ու կ’ըսեր այդ ապուշ արարածը։

Համենայն դեպս, ես հաստատ մնացի կռիվի ասպարեզին վրա։ Պայքար հառաջ բերելու համար այնքան ջանքերե վերջ, չէի կրնար մի հիմար գյուղացիի խաղաղասիրական զգացումներուն զոհել մեր երեք ամսվան ամբողջ ջանքերն և գործունեությունը։ Դա շատ վատ ազդեցություն պիտի գործեր մեր շարքերուն վրա։
Վաղը ինձ մոտ կու գա Տեր Սահակ նոր բանակցություններու համար։

Վճռական քայլը կ’առնվի այն ատեն, և այդ հիմար Րես Սերգո վերջապես կը ստիպվի դիմել կառավարություն և ոստիկանական միջամտություն հրավիրել, ինչ որ անհրաժեշտ է մեր պայքարի վերջնական հաղթանակին համար։

Փոսթը եկավ, նամակներ և թերթը եկան, հրահանգներ եկան, բայց փող չկա։ Խնդրեմ ուշադրություն դարձրեք այդ կենսական հարցի վրա։

Comment here