ԳլխավորԼուրՀայաստանս

Նա փորձեց լսելի դարձնել զոհերի ձայնը. Գուրգեն Յանիկյանի ծննդյան օրն է

Գուրգեն Յանիկյան

Այսօր հայ գրող և ճարտարագետ, հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարի հերոս  Գուրգեն Յանիկյանի (24 դեկտեմբերի, 1895 – 27 մարտի, 1984) ծննդյան օրն է։

1973 թվականի հունվարի 27-ին Յանիկյանը Սանտա Բարբարայում (Կալիֆոռնիա, ԱՄՆ) սպանել է երկու թուրք հյուպատոսական պաշտոնյաների և Հայոց ցեղասպանությունը բացահայտ ժխտողների՝ ԱՄՆ-ում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մեհմեթ Բայդարին և հյուպատոս Բահադիր Դեմիրին, որից հետո դատապարտվել է ցմահ ազատազրկման (պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել 1984 թվականի հունվարին)։

Ներկայացնում ենք Գուրգեն Յանիկյանի կենսագրական համառոտ ակնարկը բանտում գրված նրա «Նպատակ և ճշմարտություն» գրքից։

Գուրգեն Յանիկյանը ծնվել է Կարինում (Էրզրում), 1895-ի դեկտեմբերի 24-ին: Հազիվ վեց ամսական երեխա էր, երբ տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի պատմական մեծ ջարդը, որին զոհ գնացին ավելի քան 300.000 անմեղ հայեր:

Գուրգենի հայրը սերտ հարաբերություն ուներ Կարինում պարսկական հյուպատոսի հետ: Դրանց օգտվելով՝ իրենց ընտանիքն ու 28 հարզատներ ապաստանում են պարսկական հյուպատոսարանում: 2 շաբաթ ապահով մնալուց հետո, հյուպատոսի կարգադրությամբ, լեռնային ճամփաներով հասնում են Կարսի (ռուսական սահմանի) մոտ՝ Քյոթահ գյուղը: Պարզվում է, որ փոքրիկ Գուրգենը չկա: Հոգնած և սառնամանիքից անզգա դարձած մոր գրկից սահել ու ընկել էր ճանապարհին: Հետապնդման և մահվան սարսափի տակ գտնվողների բուռն արգելքինհակառակ՝ նրա մայրը և Հակոբ եղբայրը որոշում են վերադառնալ՝ փոքրիկին գտնելու և փրկելու համար: Անտեսելով անխուսափելի մահը՝ ավելի քան 4 մղոն սահնակի հետքերով քայլելուց հետո գտնում են մանուկ Գուրգենին՝ գրեթե անկենդան վիճակում: Մայր և որդի, իրենց մարմինների ջերմությամբ վերակենդանացնելով սառած երեխային, վերադառնում են սահմանագլուխ, ուր խումբն անհամբեր սպասում էր տխուր կամ ուրախ լուրի: Հասնում են Կարս:

Հայրն իր հետ բերած գումարով կարճ ժամանակ անց դարձյալ հասնում է բարվոք վիճակի: Կարինում պարսկական հյուպատոսի հանձնարարականով հայրը մոտ հարաբերություն և բարեկամություն է հաստատում Կարսում պարսկական հյուպատոսի հետ: Կարճ ժամանակ հետո, քաղաքական նպատակով, փոքրիկ Գուրգենը դառնում է պարսկահպատակ: Տարիներ անց Հակով եղբայրը, Գուրգենի մայրն ու վեց տարեկան փոքրիկ Գուրգենը գաղտնի վերադառնում են Էրզրում՝ իրենց տան ախոռում թաղված ոսկեղենն ու կարևոր փաստաթղթեր պարունակող երկաթե արկղը գտնելու և Կարս փոխադրելու նպատակով: Աղջամուղջին Գուրգենն ու մայրը թաքնվում են ախոռին կից սենյակում, որի ճեղքից դիտելով հետևում էին Հակոբին: Բրիչի հարվածների ձայնից 2 թուրք, ներս մտնելով, բռնում են Հակոբին և գլուխը դանակով կտրում: Գուրգենը սարսափահար փորձում է գոռալ, բայց մայրն անմիջապես իր ափով ամուր փակում է նրա բերանը, որ նա ևս զոհ չդառնա: Կարող եք պատկերացնել այն մոր ապրումները, որի աչքի առջև մորթվում է իր մի զավակը, իսկ երկրորդի կյանքի փրկության սիրուն նա լուռ զսպում է իր զգացումները:

Սարսափահար Գուրգենը, կծելով մոր աջ ափը, կտրտել էր մկանները և վնասել ոսկորները, որոնց պատճառով մոր աջ ափն այնուհետև անգործածելի էր: 2 ոճրագործ թուրքերը, արկղը հանելով, անհայտանում են: Մայրը համբուրում է իր մորթված զավակի արյունոտ գլուխը և Գուրգենի հետ գաղտագողի մթանը հասնում պարսկական հյուպատոսարան: Տխուր լուրը ցնցում է հյուպատոսին, որը հաջորդ օրը անձամբ իր առաջնորդությամբ նրանց հասցնում է Կարս: Այս ողբերգությունը խորապես ցնցում է Գուրգենին ու մորը:

Այնուհետև մոր և Սաթենիկ քրոջ հետ ուղարկվում է Ժնև (Շվեյցարիա)՝ բուժվելու համար: Այնտեղ Գուրգենը հաճախում է ֆրանսիական վարժարան: Ժնևում իրենց ամենօրյա ժամադրավայրը դառնում է ՀՀ դաշնակցության օրգան «Դրոշակի» խմբագրատունը: 3 տարի հետո վերադառնում են Կարս և Լևոն եղբոր ու Սաթենիկի հետ ուղարկվում Նոր Նախիջևանի (ներկայիս՝ Դոնի Ռոստով-Հյուսիսային Կովկաս) հայկական վարժարանը: Այնտեղ ծանոթանում է հայ գրականությանն ու հայոց պատմությանը, ինչպես նաև ռուս գրականությանը:

Ուսուցիչներն են եղել հայագիտության տիտան Հր.Աճառյանը, Բաբուրդյանը, Երվանդ Շահազիզը,  սարկավագ Չորեքչյանը (հետագայում՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գեորգ Զ) և Մատենյանը: Նոր Նախիջևանի վարժարանն ավարտելուց հետո ծնողների կամքով ուղարկվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան՝ կրանավոր դառնալու համար: Բայց երիտասարդ Գուրգեն Յանիկյանը գտնում է հնարը. ընդունելության քննությունների ժամանակ գիտակցաբար սխալ պատասխաններ է տալիս և, բնականաբար, չի ընդունվում: Գուրգենն ու Լևոնը սովորում են Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում:

Ավարտելուց հետո Գուրգենն ընդունվում է Մոսկայի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետը: Իր ջերմ ու ընկերական խառնվածքի շնորհիվ արժանանում է ուսանողության համակրանքին և գործուն մասնակցություն ունենում համալսարանի հասարակական կյանքին: Մասնակցում է Մոսկվայի և Թիֆլիսի հռչակավոր դերասանական խմբերի ներկայացումներին, ինչպես նաև հանրածանոթ Վահրամ Փափազյանի խմբի՝ դերեր ստանձնելով Սիրանույշի, Աբելյանի, Խարազյանի և ուրիշների կողքին:

Պայթում է 1-ին համաշխարհային պատերազմը: Թերթերն ամեն օր հաղորդում են հայկական ջարդերի աղիողորմ լուրերը: Գուրգեն Յանիկյանը մտածում է, որ հասել է հայ ժողովրդի և եղբոր վրեժը լուծելու ժամանակը: Հայ, ռուս, վրացի և այլ ազգերի շուրջ 50 ուսանողներով որոշում են մեկնել Թիֆլիս՝ կամավորական արձանագրության գրասենյակ, որտեղից բոլորն էլ ուղարկվում են Բ գնդի հրամանատար Դրոյի բանակատեղին: Այնտեղ մեծ եղբոր՝ Սուրենի շնորհիվ մոտիկից ծանոթանում է Համազասպի և Քեռիի հետ: Հասնում է նվիրական օրը. Յանիկյանի ծնողները գալիս են Իգդիր՝ հայ կամավորներին ճանապարհելու: Բաժանման պահին Գուրգենի հայրն ասում է. «Տղա՛ս, չմոռանաս ազգիդ վրեժը, չամաչեցնես ինձ»: Երիտասարդ կամավոր Գուրգենը պատասխանում է. «Հայրի՛կ, միթե կասկածում ես, ո՞ւմ զավակն եմ…»:

Բանակը կտրում է թուրքական սահմանը: Դրոյի գնդում Յանիկյանի և իր 50 ընկերների պարտականությունն էր վերաշինել քանդված կամուրջները և հետախուզական աշխատանք կատարել թշնամու թիկունքում: Մի օր էլ, նման պարտականություն կատարելուց հետո, վերադարձին Գուրգենը բլուրից ցած ցատկելով, անհետանում է մացառներում: Նրա ուշադրությունը գրավում է փոքր քարերով և խոտերով ծածկված անբնական, արհեստական մի բլուր. դիզված քարերն ու խոտերը մաքրելով՝ տեսնում է զինվորական մթերանոցի վերածված արհեստական մի քարայր: Որոշումը՝ 2 ռումբ վառելով նետելն ու դեպի ձորը գլորվելը, մեկ է լինում:

Աչքերը բաց է անում հիվանդանոցում՝ շրջապատված սպաներով ու հիվանդապահուհիներով: Ընդհանուր հրամանատար իշխան Կալինինը նրան հանձնում էր Ս.Գեորգիի զինվորական շքանշանը: Պարզվում է, որ իր պայթեցրած բլուրը եղել էր թուրքական բանակի զինամթերքի մեծ կենտրոններից մեկը: Ռումբի պայթյունից փշրվել էին նրա կռնակի 3 ոսկորները, 3 ամիս Թիֆլիսի զինվորական հիվանդանոցում բուժվելուց հետո վերադառնում է բանակ:

Կարսը գրավված էր թուրքական բանակի կողմից. ընտանիքը կարողացել էր փախչել Թիֆլիս: Քաղաքի վերագրավումից հետո Գուրգենը փնտրում է իր փեսա Խաչիկին և նրա որդուն, որոնք մնացել էին Կարսում: Կարսն ամբողջությամբ այրված էր նահանջող թուրքական բանակի կողմից: Իրենց տունն ու հոր քարյուղի (նավթի) գործարանն ամբողջությամբ այրված ու քանդված էին: Կարսի հայկական մայր եկեղեցին հրո ճարակ էր դարձել: Բակում և եկեղեցու ներսում 3000-ից ավելի այրված մարմիններ դիզված էին այլանդակ ձևերով՝ բոլորվին անճանաչելի, ածխացած կամ կիսաայրված, սիկ ամենազարհուրելի և ընդվզեցուցիչ տեսարանը, որին ականատես է եղել, բակի կենտրոնում հարյուրավոր կանանց ու աղջիկների մերկ մարմիններն էին՝ գազանացած թուրքի կրքին ենթարկվելուց հետո լլկված, դանակահարված ու այրված:

Սույն տեսարանի մասին պատմելիս Յանիկյանն անկարող էր զսպել հուզումն ու արցունքները. «Իմ ամբողջ կյանքի պատմության մեջ՝ որպես ջարդերի ականատես-վկա, ինձ վրա ամենաշատ սարսափ ազդող տեսարանների մեջ ամենադժոխային և ահարկու պահն ապրեցի այնտեղ, որի ազդեցությունն անջնջելիորեն քանդակված է մնացել իմ հուշերի և հոգեկան ապրումների վրա՝ սարսուռի և ըմբոստացումի պատճառ դառնալով: Ա՛յդ օրից ես ուխտեցի ցնցել թուրքերին, ա՛յդ օրից վրեժը եղավ իմ կյանքի գլխավոր նպատակը: Երբ զինվորական 50 սայլերով մեռելներին փոխադրում էին քաղաքից դուրս՝ փոսերի մեջ թաղելու, հանկարծ երկրորդ սարսափելի տեսարանի առջև գտնվեցի. քարացած աչքերս սառած, չհավատալով ու երկյուղելով մոտեցա պատի մոտ մահացած երկու մեռելի… Մեկը փեսաս՝ Խաչիկն էր, իսկ մյուսը՝ նրա 7 տարեկան զավակը՝ իրար փաթաթված, աչքերը բաց. կարծես օգնություն էին մուրում ինձնից: Արցունքս չորացել էր, երկար դիտեցի, լսեցի ու ապրեցի իրենց տառապանքի ձայնը: Տեսարաններ, որոնք կարելի չէ՛ մոռանալ, և չե՛մ մոռացել: Դրանք դարձել են նպատական իմ ամենօրյա ապրումների և ծրագրերիս մղում տվող աղբյուրներ: Մի ռուս քահանա երկուսին էլ թաղել է հայոց գերեզմանատանը»:

Այս բոլորը, նաև վնասված ոսկորների ցավը հոգեպես և մարմնապես վատթարացրին Գուրգեն Յանիկյանի առողջությունը: Հրամանատարի որոշումով որոշ ժամանակ ուղարկվում է Թիֆլիս՝ ծնողների մոտ՝ կազդուրվելու համար: Հեղափոխությունից (1917) հետո բանակը սկսում է նահանջել և կազմալուծվել:

Յանիկյանը մեկնում է Մոսկվա՝ շարունակելու կիսատ թողած ուսումը: Բացառիկ հաջողությամբ ստանում է ճարտարագետի վկայականը: Ավելի կատարելագորվելու համար հաճախում էՇվեյցարիայի համալսարանը՝ ստանալով ճարտարագետի տիտղոս: Վերադառնում է Թիֆլիս, ապա՝ Խարկով, որտեղ կառավարության կողմից նշանակվում է պատասխանատու պաշտոնի: Հեղափոխության շրջանում խանգարվում է ընտանեկան կյանքը: Ծնողները կորցնում են իրենց ամբոդջ ինչքը, տներն ու կալվածքները, եղբայրների մեկը գնդակահարվում է, մյուսները՝ կորչում: Հայրը կաթվածից մահանում է, իսկ մայրը՝ խելակորույս դարձած, սկսում է թափառել փողոցներում: Գուրգենին հաջողվում է մորը տղափոխել Խարկով՝ իր մոտ: Գուրգեն Յանիկյանն ամուսնանում է Խարկովում հայտնի Քյոմուրճյան ընտանիքի աղջկա՝ բժշկուհի Շուշանիկի հետ: Որպես ամուսնության գլխավոր պայման՝ Գուրգենը խնդրել է Շուշանիկի աջակցությունն իր ուխտին, որը նա հավատարմորեն կատարել է մինչև մահը (1974-ի ապրիլ): Շնորհիվ բժշկուհի Շուշանիկի խնամքի՝ Յանիկյանի մայրն ապաքինվում է: 1929-30 թթ. խիստ ձմռանն ու Ստալինի կոլեկտիվացման քաղաքականության պատճառով Կովկասից մինչև Դոն գետըտարածվող շրջանի 40 միլիոն բնակիչների սպառնում էր սովը:

Այս մասին նա գրում է. «Ցանքսի սերմացուները ժամանակին չէին բաժանել գյուղացիությանը: Ստալինը հայտնել էր, որ պիտի պատժե մեղավորներին, եթե սերմացուն չբաժանվի: Իմ պաշտոնը կապ չուներ այս գործի հետ: Իմ ուղղակի բոսը (ղեկավար) հայտնի կոմունիստ Իվանովն էր: Լինելով կոմկուսի անդամ Ռոստովում՝ նա ինձ վրա դրեց այդ սերմացուները ժամանակին տեղափոխելը, որ բաժանվի գյուղացիներին: Խոստացավ լավ վարձատրել և և ձեռք բերել կնոջս պարսկահպատակության թույլտվությունը, քանի որ պարսկական հյուպատոսարանում հարցը լուծված էր (նպատակներիս հասնելու համար որոշել էինք գնալ Իրան, որտեղ երկուսիս համար էլ մեծ պատեհություն կար շատ դրամ վաստակելու): Ես ո՛չ ծնվել էի այդ երկրում և ոչ տեսել իմ այդ շինծու ծննդավայրը: 2 տարի անց մեծ անուն ունեինք: 5 տարի անց՝ հարուստ: 8 տարի անց՝ “ՌԱՀՍԱԶ “ (ճանապարհներ շինող( ընկերությունը, որի 90 տոկոսը պատկանում էր ինձ, իսկ 10 տոկոսը՝ կնոջս, միլիոնատեր էի, որի դրամների մի մասը գտնվում էր Զվիցերիայում ու Լոնդոնում և մի մասը՝ Նյու Յորքի բանկերում: Ընկերությունը գործում էր միայն կառավարական պատվերներով: Վրա հասավ 2-րդ համաշխարհային պատերազմը. այդ ժամանակ ես պայման ունեի Իրանի կառավարության հետ՝ կառուցելու Թեհրան-Թավրիզ երկաթուղագծի 315 կմ՝ Զանջան մեծ կայարանով, 45 շինություններով: Արդեն 18 ամիս անցել էր պայմանից, և մնում էր 17 ամիս, որ գործը վերջացնեմ ու հանձնեմ: Իրանում սթոք (բաժնետոմս) ասածը գոյություն չուներ: Հողեր…տներ…ադամանդ և հաշիվ ուրիշ երկրներում և հնչուն ոսկի: Այս էր ընդունված երկրում՝ որպես հարստություն: Մի հսկա տուն՝քաղաքում, որտեղ էր և կնոջս հիվանդների ընդունարանը: Նա կանանց հիվանդության մասնագետ էր: Սեփական 5-հարկանի ամառանոց Շեմիրանում՝ Իրանի շահի պալատի կողքին: Մի մեծ 8 հողամաս էլ՝ ոչ հեռու, հոսող ջրով, որը Իրանում ոսկիից էլ հարգի էր»:

Կառավարությունն արտակարգ լիազորություններ է տալիս Գուրգեն Յանիկյանին՝ աղետը կանխելու համար: Վիպական ոդիսականների և գիշեր ու զօր աշխատանքի շնորհիվ (զոհելով 3 ատամները և ստանալով թոքերի բորբոքում Յանիկյանին հաջողվել է ժամանակին (45 օրում) հասցնել ու գյուղացիներին բաժանել սերմացուները՝ ժողովրդին փրկելով ստույգ մահից: Այս սխրագործության համար Մոսկվայի կենտրոնական կառավարությունը նրան պարգևատրել է պատվոգրով, դրամով և ամենակարևորը, անկարելին ու անգնահատելին՝ իր տիկնոջ հետ Պարսկաստան մեկնելու արտոնություն՝ վավերացված անձամբ Ստալինի և Կալինինի ստորագրություններով:

1930-ին իր տիկնոջ հետ մեկնում է Պարսկաստան՝ Թավրիզ, որտեղ հիմնում է առաջին մետաղաձուլարանը: Որպես արվեստագետ-քանդակագործ՝ կառավարության խնդրանքով պատրաստում է Պարսկաստանի նշանավոր անձանց ու թագավորների մետաղե արձանները: Առաջին տարում իսկ Յանիկյանն արժանանում է պատվո նշանի և դրամական վարձատրության: Կառավարության կողմից հրավիրվում է Թեհրան՝ ղեկավարելու համար երկրին անհրաժեշտ մի շարք շինարարություններ: Հիմնում է իր գրասենյակը, որի աշխատակիցների թիվը մի քանի տարի անց հասնում է ավելի քան 300-ի: Կառավարության պատվերով կառուցում է Պարսկաստանի առաջին և մեծագոյն ստորերկրյա զինագործարանը: Կառուցում է նաև երկաթուղագծեր, ճանապարհներ, կամուրջներ և կարգավորում Թեհրանի էլեկտրական լուսավորության գործը:

Համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակից բանակները գտնվում էին Պարսկաստանում: ԱՄՆ-ի նախագահ Թրումենի ներկայացուցիչը և ամերիկյան հյուպատոսը (որ իրեն մոտ 15 հեկտար ջրառատ հողամասը՝ ամերիկյան բանակատեղի հաստատելու համար՝ որպես վարձ առաջարկելով նրան 250 հազար դոլարի չեկ: Նա մերժում է դրամական վարձն ու խնդրում, որ պայմանագրի վրա գրեն՝ «առանց վարձի»: 2 ներկայացուցիչն էլ շատ են զարմացել Յանիկյանի առաջարկից: Դաշնակից մեծ պետություններից դեպի Խորհրդային Միություն մեկնող և զինամթերք փոխադրող նավերը մեծ կորուստներ էին կրում գերմանական սուզանավերի կողմից: Այս պատճառով որոշվում է օգնությունը հասցնել ցամաքով՝ Պարսկաստանով:

Դաշնակիցների զինվորական ճարտարապետները Պարսից ծոցից մինչև խորհրդային սահման ճանապարհի շինարարության համար 1 տարուց ավելի ժամանակ էին նախատեսում: Ամերիկացիները, վստահ լինելով Յանիկյանի ուժերին և ճշտապահությանը, խնդրում են նրան հանձնառել ճանապարհի կառուցումն ավարտել 10 ամսում: Նա համաձայնվում է: Որպես փոխադրության միջոց օգտագործել է նույնիսկ ուղտեր, ջորիներ և ավանակներ:

Արժանապատվության ու պատասխանատվության զգացումով, հայի համառ կամքով ու ճիգով էր կատարում այս շատ ծանր աշխատանքը: Խոստացված 10 ամսվա փոխարեն Յանիկյանը երեքուկես ամիս շուտ վերջացնելով, հեռաձայնում է ամերիկացի ընդհանուր հրամանատարին, թե ճանապարհը պատրաստ է շահագործման համար: Ամերիկացին, չհավատալով լսածին, իր օգնականներով անմիջապես մեկնում է Զանջան կայարան և ականատես լինում իրողությանը: Իր այս ձեռնարկից շահելով որոշակի գումար՝ Գուրգեն Յանիկյանը տիկնոջ՝ Շուշանիկի հետ որոշում է անցնել հոր պատգամի և իր երդման իրագործմանը, որ նյութական մեծ ծախսեր էր պահանջում:

«Իմ տիկինը՝ Շուշանիկը, ինձանից պակաս չէր ոգևորված այդ գաղափարով: Զանջանի գործը վերջացնելուց հետո մենք հավաքել էինք որոշակի գումար: Սկսեցինք գիշեր ու ցերեկ մտածել, թե որտեղ ենք իրագործելու մեր կյանքի նպատակը: Մեր ծրագիրը շատ պարզ էր. մեր անձնական դրամով գաղտնի կերպով պատրաստել մի շարժանկար՝ ցույց տալու աշխարհին մեր ժողովրդի քաշած տանջանքները և վայրենի-գազան թուրքի կոտորածները, Հայկական ցեղասպանությունը՝ չմոռանալով, այսպես ասած, քաղաքակրթված ազգերի դավադրությունները՝ հանդեպ մեր իրավունքները: Սևրը և Լոզանը իրենց արժանի տեղն ու գնահատականն էին գտնելու այդ շարժանկարի մեջ: Գիրքը և սցենարը ես պատրաստել էի արդեն, իսկ անունս տիկինս էր ընտրել՝ «Դրախտ» վերնագրով: Շարժապատկերը (բացատրական գրքույկների հետ միասին) ձրի պիտի ցուցադրվեր աշխարհի բոլոր անկյուններում: Մեր ցանկությունն էր ցնցել մարդկության խիղճը արթնացնել մեր քնած ժողովրդին, 9 նոր կյանք և հույս ներշնչել նոր սերնդին բուռն պայքարի մի նոր ձև՝ շղթայազերծելու մեր հողային իրավունքները: Այս ծրագրի իրագործման համար մտածում էինք գտնել հարմար վայր»:

Ճանապարհի կառուցման ավարատից մի քանի շաբաթ անց Յանիկյանին և իր տիկնոջը՝ որպես ԱՄՆ-ի պաշտպանության համար անհրաժեշտ մարդիկ, առաջարկվում է ամերիկյան քաղաքացիություն, որն ընդունվում է նրանց կողմից: Գուրգեն Յանիկյանը միաժամանակ արժանանում է ամերիկյան կառավարության շքանշանի: Մինչև Կալիֆոռնիայում հաստատվելը Յանիկյանը 2 անգամ եղել է Դեր Զորում և Բաղդադում: Մի քուրդ գյուղապետի օգնությամբ այցելել է 1915-ի հայկական կոտորածների վայրերը: Շատ տեղերում պեղել տալով՝ հազարավոր թաղված կմախքներ է դուրս հանել: 4 անգամ աշխարհի շուրջը ճամփորդելով՝ կատարել է լուրջ ուսումնասիրություններ՝ ազգերի ու կրոնների պատմության վերաբերյալ: Իր շրջապտույտների ընթացքում մոտիկից ծանոթացել է Հունաստանի Ջորջ (Գեորգիոս II) թագավորի, Եգիպտոսի Ֆարուք թագավորի, վարչապետների, նախարարների և բարձրաստիճան այլ պետական այրերի հետ, որոնց բոլորի ստորագրությունները կամ թուրքական այն հազվագյուտ թղթադրամի վրա, որը Սուլթան Համիդի ննջասենյակում կախված շատ թանկարժեք յուղաներկ նկարի հետ հետագայում օգտագործեց 2 թուրք հյուպատոսների սպանության ժամանակ: Ծանոթացել է Ստալինի, Տրոցկու, Միկոյանի, Կալինինի և այլ համայնավար գործիչների հետ:

Գրել է քաղաքական, աստվածաբանական և ընկերաբանական հոդվածներ եվրոպական թերթերում՝ Նեգրուգ ստորագրությամբ: Իր «Հուդայի հաղթանակը», «Հարեմի խաչը», «Մի ամերիկացու ձայնը», «Համբարձված Հիսուսը», «Անհատը», «Կյանքի սիմֆոնիան», «Մեր Մեսիան» և «Դրախտը» գրքերը թարգմանվել են ֆրանսերեն, անգլերեն և գերմաներեն:

Ամերիկայում հաստատվելուց հետո «Դրախտ» գիրքն իր միջոցներով վերածել է 20 ժամ տևողությամբ շարժապատկերի, որտեղ պատկերված են թուրքական բարբարոսությունները: Քանի որ ամերիկյան և թուրքական շահերը համընկնում են, ուստի ԱՄՆ իշխանությունները խոչընդոտում են, և շարժապատկերները չի ավարտվում, մնում է կիսատ:

Գուրգեն Յանիկյանի հեղինակած գրքերը հատկանշվում են մարդկային խոր ապրումների և փիլիսոփայական խորհրդածություններով: Իր գրական վաստակի համար Յանիկյանն արժանացել է ամերիկյան “Who’s Who”, “Blue Book”, “Mark Twain” գրական կազմակերպությունների պատվավոր անդամի և “International Institute of Literature“ շվեյցարական գեղարվեստական հիմնարկի ցմահ պատվո անդամության՝ լինելով 1800 անդամներից միակ հայը՝ Վիլյամ Սարոյանի կողքին: Ամերիկայում հաստատվելուց հետո կարևոր ու արժեքավոր հոդվածներով աջակցել է հայկական թերթերին և ամսագրերին:

Հայկական ոչ մի քաղաքական կազմակերպության մեջ չի եղել, բոլորի հետ ունեցել է բարեկամական կապեր:

Յանիկյանը ստեղծել է «Յանիկսքոֆ »՝ իր անունը կրող սարքը, որի միջոցով կարելի է տեսնել երկրի 400 ոտք խորությամբ և 40 ոտք տրամագծով ծավալի մեջ գտնվող իրերը: Սարքի ստեղծման համար խթան է ծառայել 8 տարեկան մի աղջնակի՝ գետնի բացվածքում ընկնելն ու կորչելը: Իր գյուտի համար ամերիկյան կառավարությունից գնահատական նամակ և նյութական նվեր է ստացել: Նյութական նվերը վերադարձնելով կառավարությանը՝ խնդրել է, որ այդ սարքը գործածվի միմիայն բարի նպատակների: Սակայն երբ նա ցանկանում էր հետախուզել Դեր Զորի անապատները, հավաքել հայերի կմախքները և հարմար մի տեղում հսկա հուշարձան կանգնեցնել, դիմում է ամերիկյան կառավարությանը՝ իր հնարած սարքի օգտագործման թույլտվությունը ստանալու համար, մերժվում է՝ հանուն թուրքական բարեկամության պահպանման:

Ահավասիկ ա՛յս պայմանների և դրդապատճառների ճնշման տակ գտնվող կարինցի Յանիկյանը պարտավորված է զգում կատարել հունվարի 27-ի արարքը՝ «Մահ իմացյալ անմահություն է» նշանաբանով: Ցկյանս բանտարկության վճիռը ստանալուց հետո Գուրգեն Յանիկյանն առաջինն էր, որ 1974-ին հայտարարել է «Ցեղասպանության օր»: Յանիկյանը խառնվածքով հաստատուն կամքի տեր բացառիկ մի ծնունդ էր: Ծրագրող, հեռատես և համառ հարատևող: Իր որոշումներում՝ աննահանջ, անկաշկանդ և վճռական: Որպես մարդ՝ արդարությունը պաշտող և անարդարության դեմ ուխտյալ պայքարող:

Նա ջատագովն է աշխարհի բոլոր ազգերի խաղաղության և համակեցության, որոնք արտացոլված են իր գործերում: Որպես հայ՝ անսահմանորեն հպարտ է իր կոչումով և ազգությամբ: Եզակի հայ, որ կարողացավ անցնել ռուբիկոնը, կատարել վճռական, համարձակ և անդառնալի քայլը: Ահա Յանիկյանի համառոտ կենսագրությունը: Ահա Հայկական հարցը կենդանացնող, դրա համար իր կյանքը նվիրաբերող անձը, որը դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 78 տարեկան ալեհեր հասակում:

Դարձավ թուրքի մեղքերը քավող անմեղ զոհը, «քաղաքակրթված» ազգերի դիվանագիտության և դրա կողքին հայ «քաղաքական» կազմակերպությունների հաշիվների և քաղաքական մուրացկանության քավության նոխազը: Ավելի քան 10 տարի բանտում մնալուց հետո «մարդասեր» ամերիկյան իշխանությունները 88-ամյա Գուրգեն Յանիկյանին բանտից հանեցին (երբ նա արդեն ծանր հիվանդ էր ու մահամերձ) և դրեցին տնային կալանքի տակ: Մի քանի շաբաթ անց՝ 1984-ի մարտի 27-ին, Հերոսը հավերժ փակեց աչքերը: Նրա մարմինը հանձվեց ամերիկյան օտար հողին: