ԳլխավորԼուր

Գրադարաններում ամենապահանջված գրքերը հունիսին

Գրադարան

Հայաստանի ազգային գրադարանը ներկայացրել է Հայաստանի և Արցախի՝ Ստեփանակերտի գրադարանների գեղարվեստական գրքերի հունիսյան տասնյակը։

«Ամառային կիզիչ արևն ու տոթը խոչընդոտ չեն ընթերցասերների համար։ Ավելին, դպրոցական ամառային արձակուրդն է պայմանավորել Հայաստանի և Արցախի՝ Ստեփանակերտի գրադարանների գեղարվեստական գրքերի հունիսյան տասնյակը։

Հանրապետության գրադարաններում գեղարվեստական ամենապահանջված գրքերի տասնյակն Ազգայինն ամփոփում և ներկայացնում է 2023-ի հունվարից։ Հունիսյան ցուցակն ունի մի շարք առանձնահատկություններ։ Նախ, առաջին անգամ ցուցակում գերակշռում են հայ հեղինակների գրքերը, ինչն, ինչպես վերևում նշեցինք, պայմանավորված է ամառային արձակուրդով։

Դպրոցական ամառային ընթերցանության ցանկերում են Վախթանգ Անանյանի «Հովազաձորի գերիները» և «Որսորդական պատմվածքներ», Ակսել Բակունցի, Դերենիկ Դեմիրճյանի, Նար-Դոսի և Ստեփան Զորյանի պատմվածքները, Թոթովենցի «Կյանքը Հին հռովմեական ճանապարհի վրա», Մուրացանի «Գևորգ Մարզպետունի», Շիրվանզադեի «Արտիստը», Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը», «Խենթը», «Սամվել» գրքերը, որոնք ամենապահանջվածն են եղել գրեթե բոլոր մարզերում։

ՀՀ-ում հանրային և համայնքային գրադարաններում հունիսին ամենաշատ սպասարկված գրքերի համադրված ցուցակում միայն երեք արտասահմանյան գրող կա (Յուվալ Նոյ Հարարիի, Ջոջո Մոյես և Խալեդ Հոսեյնի), մարզային գրադարանների թոփ տասնյակների առաջին հորիզոնականում էլ սոսկ Հարարիի «21-րդ դարի 21 դասերը», Խալեդ Հոսեյնիի «Հազար չքնաղ արևներ» և Ագաթա Քրիստիի «Արևելյան ճեպընթացը» վեպերն են։

Ցուցակի մյուս նշանակալի առանձնահատկությունն այն է, որ առաջին անգամ թոփ տասնյակում ընդգրկել ենք նաև Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանի տվյալները։ Հայաստանի և Արցախի գրադարանների ընթերցողների գրական ճաշակները և հետաքրքրությունները հար և նման են։

Վերջին ամիսներին ամենապահանջված արտասահմանյան գրողը՝ Ագաթա Քրիստին, կարծես թե զիջում է դիրքերը։ Հունիսյան թոփ տասնյակներում նրա դետեկտիվներից դեռևս կա 8 գիրք, որոնցից միայն «Արևելյան ճեպընթացը» գիրքն է առաջին հորիզոնականում։

Ամառը շարունակվում է։ Հետաքրքիր կլինի հետևելը, թե հուլիս-օգոստոսին ո՛ր գրքերը կձևավորեն մեր գրադարանային քարտեզները»,-հայտնում են Հայաստանի ազգային գրադարանից։