ԳլխավորԼուր

Մանկական գրականության ոլորտում դեռ անելիքներ կան

Հունիսի 1-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը Անգլիական այգում ներկա էր «Զանգակ» գրատան կազմակերպած Մանկական գրքի փառատոնի բացմանը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Նախարարի տեղակալը շրջել է տոնավաճառ-ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել հայկական մի շարք հրատարակչությունների մանկապատանեկան նորատիպ գրական արտադրանքին, զրուցել հրատարակչական գործի ներկայացուցիչների հետ:

Փառատոնի տաղավարներում շրջելուց հետո Արա Խզմալյանը նշել է, որ նմանօրինակ միջոցառումների անցկացումը շատ կարևոր է, քանի որ դրանց միջոցով փոխվում են քաղաքի դիմանկարն ու դիմագիծը:

Նրա խոսքով՝ հրատարակչական ոլորտը թռիչքաձև զարգացում է ապրել, իսկ մանկական գրականության ասպարեզում անելիքներ դեռ կան:

«Նկատեցի, որ հայ մանկագիրների աշխատանքները քիչ են: Հայերեն մանկագրությունը խթանելու համար մենք սահմանել ենք «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագիրը, որին կարող են դիմել մեր ստեղծագործողները»,- տեղեկացրել է Արա Խզմալյանն ու հավելել.

«Դեռևս մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ մանկագրությունն ու դրամատուրգիան կարողանան հատվել, և այդ գործերը լինեն ոչ միայն արժեքավոր գրական ստեղծագործություններ, այլև բեմադրելի ստեղծագործություններ»:

Նշենք, որ Մանկական գրքի փառատոնն անցկացվում է հունիսի 1-3-ը, որի շրջանակում կկայանան կրթական, մշակութային և ժամանցային ծրագրեր, մանկական ու մանկապատանեկան գրքերի շնորհանդեսներ, երեխաների զարգացմանը նպաստող դասախոսություններ, զրույցներ ու խաղեր: