ԳլխավորԼուր

Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյան

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները հունիսի 1-ին սկսել են պայքարը Եվրոպայի առաջնությունում, որն անցկացվում է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում:

Հայաստանի տղամարդկանց թիմի կազմում առաջինը պայքարի մեջ մտան 81 կգ քաշային Կարեն Մարգարյանը և Ռաֆիկ Հարությունյանը:

Ռաֆիկ Հարությունյանը պոկում վարժության առաջին մոտեցմանը չկարողացավ գլխավերևում պահել 155 կգ, հետո բարձրացրեց 155 կգ և 160 կգ: Այս վարժությունում Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդև բարձրացրեց հաջորդաբար 187 կգ, 194 կգ և նվաճեց ոսկե մեդալը: Երկամարտի 354 կգ արդյունքով Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Կարեն Մարգարյանը երկամարտի 337 կգ արդյունքով գրավեց 4-րդ հորիզոնականը։

Հունիսի 2-ին տղամարդկանց 89 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգան Անդրանիկ Կարապետյանը և Վարդան Մանուկյանը (մեկնարկը՝ 19:00-ից), իսկ կանանց 76 կգ քաշային կարգում մեդալների համար կպայքարի Տաթև Հակոբյանը (ժամը 22:00):