ԳլխավորԼուր

Ազգային գրադարանում «Հուլիսը գրականության մեջ» թեմատիկ ցուցադրություն է

«Հուլիսը գրականության մեջ» թեմատիկ ցուցադրություն Ազգային գրադարանում

Հայաստանի ազգային գրադարանում «Հուլիսը գրականության մեջ» թեմատիկ ցուցադրություն է, տեղեկանում ենք գրադարանի ֆեյսբուքյան էջից։

««Հուլիսյան փոթորիկները վրա են հասնում անակնկալ: Հանկարծ մթնեց, թվաց, թե մեկը մանուշակագույն թանաք ներարկեց երկնքի մեջ: Թվաց, թե հորիզոնը ծածկող ամպերի ծանրությունից օդը խտացավ, կարծրացավ»: Անրի Թրուայա, «Էգլեթիերների ընտանիքը»

Այս թարմաշունչ մեջբերմամբ ուզում ենք անդրադառնալ Ազգային գրադարանի «Հուլիսը գրականության մեջ» թեմատիկ ցուցադրությանը։

Ամառն ու ընթերցանությունը սերտ փոխկապակցված են ընթերցողի մտապատկերում։ Ամառային ընթերցանություն արտահայտությունը դպրոցական, ուսանողական արձակուրդի բաղկացուցիչն է դարձել։ Ճամփորդություն, ծովափ, սարեր, անտառ ու գիրք… Ու մեկ էլ պարզվում է՝ գրքում նույնպես ամառ է։ Ավելին՝ հուլիսին կարդում ես հուլիսի մասին։

ՀԱԳ-ը նման գրքերի փոքրիկ հավաքածու է կազմել, որը ցուցադրվում է թամանյանական մասնաշենքի փոքր ցուցասրահում՝ չարենցյան «Պետհրատի» գրքային ձևավորումների ցուցահանդեսի հարևանությամբ։

Օրինակ, հուլիսին է սկսվում Ֆյոդոր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպը. «Հուլիսի սկզբին, չափազանց շոգ ժամանակ, իրիկնադեմին մի երիտասարդ դուրս եկավ իր խցիկից, որ վարձել էր Ս… նրբանցքում ապրողներից, փողոցի կողմում, ու դանդաղ, ասես տատանվելով, գնաց դեպի Կ… կամուրջը»:

Հուլիսյան գրքերի ցանկում են Ջոն Սթեյնբեքի «Մեր հույսերի ձմեռը», Էռնեստ Հեմինգուեյի «Եվ ծագում է արևը. Ֆիեստա», Վանո Սիրադեղյանի «Ծանր լույս» ժողովածուն՝ «Անանձրև հուլիս» պատմվածքով, Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը», Անդրիս Կալնոզոլսի «Ես օրացույցն եմ», Աստրիդ Լինդգրենի «Լյոննեբերգացի Էմիլը», «Հետնատունը» («Աննը Ֆրանկի օրագիրը») և այլ գրքեր։

Նախատեսել ենք նման ձևով անդրադառնալ նաև մյուս ամիսների գրքերին։ Օգոստոսի սկզբին արդեն կներկայացնենք օգոստոսյան գրքերը»,-նշված է գրառման մեջ։