ԳլխավորԽոսքՄարս VS Վեներա

Ջոն Սթեյնբեք. Եթե դու սիրահարվել ես, դա ամենալավ բանն է…

Սիրահարների տոնին ընդառաջ ներկայացնում ենք ամերիկացի գրող Ջոն Սթեյնբեքի (1902-1968) նամակը ավագ որդուն՝ Թոմին, ով հայտնել էր ծնողներին, որ սիրահարվել է Սյուզեն անունով մի աղջկա։

«Թանկագին Թոմ

Մենք ստացանք քո նամակն այսօր առավոտյան։ Ես կասեմ, թե ինչ եմ այդ մասին մտածում, իսկ Էլեյնը (մայրը-խմբ.), իհարկե, կգրի քեզ իր կարծիքը։

Նախ՝ եթե դու սիրահարվել ես, դա լավ է, դա ամենալավ բանն է, որ կարող է պատահել յուրաքանչյուր մարդու հետ։ Մի′ թույլ տուր ոչ մեկին այդ զգացումը դարձնել մանր կամ աննշան։ Երկրորդ. կա սիրո մի քանի տեսակ։ Դրանցից մեկը եսասիրական, դաժան, շահամոլ զգացում է, որն օգտագործում է սերը՝ իր սեփական կարեւորությունն ընդգծելու համար։ Դա սիրո այլանդակ ու վնասակար տեսակն է։ Մյուս տեսակն օգնում է քո մեջ բացահայտել լավագույն հատկանիշները՝ բարություն, ուշադրություն, հարգանք… Հարգանք ոչ թե շարժուձեւի եւ վարվելակերպի առումով, այլ ավելի նշանակալից հարգանք, երբ մեկ այլ մարդու համարում ես անկրկնելի ու թանկ։ Սիրո առաջին տեսակը կարող է քեզ դարձնել հիվանդ, մանր ու թույլ,  իսկ երկրորդը կարող է քո մեջ ազատ արձակել ուժ, քաջություն, բարություն եւ նույնիսկ իմաստնություն, որի գոյության մասին դու նույնիսկ չէիր էլ կասկածում։

Դու ասում ես, որ դա հասուն սեր է։ Եթե քո զգացմունքներն այդքան խորն են, ուրեմն իհարկե, դա հասուն սեր է։ Բայց ես չեմ կարծում, որ դու հարցնում ես ինձ, թե ինչ ես զգում։ Դու ավելի լավ գիտես դա, քան որեւէ մեկ ուրիշը։ Դու ցանկանում ես, որ օգնեմ քեզ հասկանալ, թե ինչ անես այդ զգացածիդ հետ, եւ ահա թե ինչ կարող եմ քեզ ասել. վայելիր երանություն, ուրախություն եւ երախտագիտություն։ Քո սիրո առարկան ամենալավն է ու ամենագեղեցիկը։ Աշխատիր արժանի լինել նրան։ Եթե սիրում ես որեւէ մեկի, սարսափելի ոչինչ չկա այդ մասին ասելու մեջ։ Բայց դու պետք է հիշես, որ որոշ մարդիկ շատ ամաչկոտ են, եւ որոշ դեպքերում պետք է դրա հետ հաշվի նստել։ Աղջիկները գիտեն կամ զգում են այն, թե ինչ ես զգում իրենց նկատմամբ, բայց սովորաբար նրանք ցանկանում են այդ մասին քեզանից լսել։

Պատահում է, որ քո զգացմուքներն այս կամ այն պատճառով անպատասխան են լինում, բայց դա չի պակասեցնում նրանց թանկ ու լավ լինելը։ Եվ վերջապես, ես հասկանում եմ, թե դու ինչ ես զգում, քանի որ ինքս էլ եմ սիրում եւ ուրախ եմ, որ դու էլ ես սիրում։

Մենք ուրախ կլինենք հանդիպել Սյուզենի հետ, մենք բավականությամբ կընդունենք նրան։ Էլեյնը ամեն ինչի մասին հոգ կտանի, դա նրա տիրույթն է։ Նա եւս շատ բան գիտի սիրո մասին, ու հնարավոր է քեզ ավելի լավ օգնի, քան ես։ Եվ մի անհանգստացիր կորուստների համար։ Եթե դա ճիշտ է, դա տեղի է ունենում։ Գլխավորը՝ չշտապել։ Լավ բանը երբեք չի անհետանում։

Սիրով՝ հայրիկ

10 նոյեմբերի, 1958 թ., Նյու Յորք»:

Comments (1)

  1. […] գրքերի ցանկում են Ջոն Սթեյնբեքի «Մեր հույսերի ձմեռը», Էռնեստ Հեմինգուեյի «Եվ ծագում է […]

Comment here