Առաջին սերն ամբողջ կյանքում հետք է թողնում տղամարդու հոգում։ Եթե դա երջանիկ ժամանակ է եղել, եթե այն կինը կամ աղջիկը, որն առաջին անգամ արթնացրել է պատանու զգացմունքները, պատասխանել է նրան փոխադարձությամբ եւ ոչ մի անգամ իր զգացմունքներում կասկածելու առիթ չի տվել, վստահության եւ հոգեկան անդորրի մթնոլորտը միշտ կուղեկցի նրան։ Իսկ եթե այն առաջին անգամը, երբ նա կամեցել է առանց ետ նայելու հավատալ, նրան վանել ու դավաճանել են, վերքն այդպես էլ երբեք լրիվ չի առողջանա, իսկ բարոյական առողջությունը, խախտվելով, երկար ժամանակ չի վերականգնվի։
Չի կարելի ասել, թե այսպիսի հիասթափությունների հետեւանքները միշտ միեւնույնն են։ Սերը մի հիվանդություն է, որի նախանշաններն ամեն անգամ տարբեր ձեւով են դրսեւորվում։ Բայրոնը, որին Մերի-Էնն Չովորտն արհամարհել էր նրա հաշմության համար, դարձավ դոնժուան եւ ստիպում էր մնացած կանանց հատուցել առաջինի անգթության համար։ Մարիա Բիդնելլի կողմից աղքատության համար մերժված Դիքենսը դարձավ տիրատենչ փնթփնթան, միշտ դժգոհ ամուսին։ Թե մեկին, թե մյուսին առաջին անհաջողությունը խանգարեց գտնել իրենց երջանկությունը։
Շատ հաճախ առաջին սիրո մեջ դժբախտ տղամարդն իր ողջ կյանքում երազում է բանաստեղծական ու քնքուշ, աղջկա պես մաքուր եւ մոր պես բարի, բարյացակամ ու զգայուն, ամեն ինչ հասկացող ու հնազանդ կնոջ մասին։ Միշտ օդային ոգու ետեւից ընկած, նա գնում է մի հափշտակությունից մյուսը։ Երկրային՝ թեկուզ ոչ կատարյալ ու ոչ հասարակ, բայց իրական կանանց հետ գործ ունենալու փոխարեն, նա, ինչպես արտահայտվում էին ռոմանտիկ բանաստեղծները, հրեշտակ է փնտրում, իսկ ինքը՝ գազանի նմանվում։
Պատահում է, որ երիտասարդը, հիասթափվելով իր հասակակիցներից, մտերմանում է քառասնամյա կնոջ հետ։ Այդ կնոջ զգացմունքը զարդարող մայրական քնքշության անորսալի մասնիկը տղամարդու մեջ վստահություն է ներշնչում իր հանդեպ տածած՝ նրա անդավաճան քնքշության նկատմամբ։ Ընդ որում, գիտակցելով, որ ինքն ավելի տարեց է եւ որ ծերությունն արդեն հեռու չէ, կինը կներդնի բոլոր ուժերը՝ իր պատանի սիրեկանին պահելու համար։ Բալզակը, որը երիտասարդ տարիներին սիրային կապի մեջ էր իրենից անհամեմատ տարեց մի կնոջ հետ, ամբողջ կյանքում պահպանել է իր նկատմամբ ունեցած հավատը եւ որոշ չափով միամիտ պարծենկոտությունը՝ հատկություններ, որոնք ծառայություններ են մատուցել նրան կյանքի դժվարին ճակատամարտերում։ Ավելացրեք դրան, որ 35 կամ 40 տարեկան կինը կյանքում ավելի հուսալի ուղեկից կլինի, քան դեռատի աղջիկը, որը ոչինչ չգիտի կյանքի ճանապարհին առաջացող դժվարությունների մասին։ Բայց այդպիսի միության մեջ գնալով ավելի ու ավելի դժվար է պահել ու պահպանել հավասարակշռությունը։
Իսկ երջանկության համար ամենահարմարը առանց ետ նայելու, միմյանց նվիրված, իրենց սիրուն չափազանց ազնվորեն վերաբերվող, ամեն գնով փոխըմբռնողությունը պահպանել ձգտող, մոտավորապես նույն տարիքի տղամարդու եւ կնոջ միությունն է (տղամարդը կարող է քիչ ավելի մեծ լինել)։ Կրել առաջին սերն ամբողջ կյանքում՝ ինչը կարող է ավելի գեղեցիկ լինել։ Դրա համար աղջիկները պետք է հրաժարվեն ուրիշ տղամարդկանց սիրաշահելու հաճույքից, որը իհարկե հեշտ չէ։ Թերեւս Բայրոնի անհաջողությունների պատմությունը կբացատրի նրանց, թե ինչ վտանգներ են թաքնված թեթեւամիտ եւ առաջին հայացքից անմեղ կոկետության մեջ։ Ինչ սոսկալի պատասխանատվություն է, տիկին, տաղանդավոր մարդու եւ ընդհանրապես ցանկացած մարդու առաջին սերը լինելը…
Անդրե Մորուայի «Նամակներ անծանոթուհուն» գրքից
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։