ԳլխավորԼուր

Երիտասարդների օրհնության օրը՝ փետրվարի 8-ին

Երթ՝ Սուրբ Սարգիսի տոնի օրը

Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Այս տարի այն կնշվի փետրվարի 8-ին:

Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնելը տան տանիքին կամ պատշգամբին և սպասելը Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի մաքրություն, անաղարտություն խորհրդանշող իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա տվյալ հավատացյալի երազանքը:

Սուրբ Սարգսի մասունքակիր աջը, ինչպես նաև Մատենադարանից՝ 17-րդ դարում այստեղ ընդօրինակված Ավետարանը կբերվի Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցի:

Եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ և կկատարվի երիտասարդների օրհնության կարգ: Օրվա կարևոր միջոցառումներից է մեծ քայլերթը, որը նախատեսված է Ս. Սարգիս եկեղեցուց դեպի Սիրահարների պուրակ:

Օրվա ավարտին Սիրահարների պուրակում կկայանա տոնական համերգ:

Comment here