ԳլխավորԼուր

Կուրսընկերները պահանջում են ազատ արձակել Տարոն Մանուկյանին

Տարոն Մանուկյան

Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժնի երրորդ կուրսի ուսանողները ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից պահանջել են ազատ արձակել իրենց կուրսընկերոջը՝ Տարոն Մանուկյանին, գրում է yerkir.am-ը:

Գլխավոր դատախազին հասցեագրված բաց նամակում ուսանողները նշել են.

«Մեր կուրսընկեր Տարոն Մանուկյանը, որը նաեւ 44-օրյա պատերազմին մասնակցել է մինչեւ վերջին օրը, այժմ կալանավորված է եւ գտնվում է Արթիկի քրեակատարողական հիմնարկում:

Տարոնը հայրենասեր է, իսկական ընկեր: Տարոնը դարձել է ստոր սադրանքի զոհ: Մի քանի տարեց քաղաքացիներ Տարոնին եւ նրա ընկերներին խփել են հավկիթներով, հայհոյել իրենց, իրենց ընտանիքներն ու հայ ժողովրդին: Տարոնի նյարդերը տեղի են տվել, եւ նա փորձել է սաստել սադրիչներին:

Դուք իրավասու եք միջնորդել, որ մեր ընկերոջ, իսկական հայրենասեր Տարոն Մանուկյանի խափանման միջոցը փոխվի: Եթե Տարոնը կալանավորված է, ապա կալանավորված ենք նաեւ մենք՝ նրա կուրսընկերները:

Եթե միջոց չեք ձեռնարկում ազատելու Տարոն Մանուկյանին, ապա կարող եք մեզ եւս տեղափոխել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ»:

Բաց նամակն այսօր ուսանողները հանձնել են նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն:

Նշենք, որ մայիսի 8-ին ընդդիմության կողմից կազմակերպած ավտոերթի ընթացքում, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում կանգնած քաղաքացիների և հիշյալ ավտոերթի մասնակիցների միջև տեղի է ունեցել վիճաբանություն։

ՀՀ գլխավոր դատախազությունը մայիսի 13-ին տարածած հաղորդագրության մեջ հայտնել էր, որ նշված գործով մեղադրանք է առաջադրվել 7 անձի։

Նրանցից 4-ը կալանավորվել են, այդ թվում՝ Տարոն Մանուկյանը։