ԳլխավորԼուր

Գումարտակի հրամանատարը 7 զինծառայողի հետ դիմել էր փախուստի. նա կալանավորվել է

Հայկական ու ադրբեջանական դիրքեր

Նոյեմբերի 16-ին ՀՀ ԶՈՒ մարտական դիրքի կորստի և զինծառայողների գերեվարման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորվել է գումարտակի հրամանատարի պաշտոնակատարը, տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

2021թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի մարտական հենակետերի ուղղությամբ հարձակում գործելու, ագրեսիվ պատերազմ սանձազերծելու փաստերով նույն օրը ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանությանը հանձնված Ջերմուկի տեղամասում հակառակորդը անակնկալ հարձակվել է ՀՀ ԶՈւ դիրքի անձնակազմի վրա, սակայն վերջինս հարձակումը ժամանակին հայտնաբերելուն, կամ դրան դիմակայելուն ուղղված համապատասխան միջոցներ չի ձեռնարկել, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Նոյեմբերի 22-ին որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նոր քրեական գործ հարուցելու մասին, որը նախորդիվ նշված գործի հետ միացվել է մեկ վարույթում:

Նույն օրը ձերբակալվել են ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի մեկ պայմանագրային զինծառայող և նույն զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնակատար, մայոր Գ. Գ.-ն։

Նախաքննությամբ պարզվել է, որ Գ.Գ.-ն նշանակված է եղել գումարտակի պահպանության նշված շրջանում տեղակայված հրամանատարական դիտակետում՝ մարտական դիրքերից մեկում:

Միաժամանակ, նա ստանձնած է եղել գումարտակի պահպանությանը վստահված թվով 10 մարտական դիրքեր ընդգրկող պահպանության շրջանի պատասխանատուի պարտականությունները:

Բանակային կորպուսի հրամանատարի 2021թ. նոյեմբերի 16-ի մարտական կարգադրության և զորամասի հրամանատարի հրամանի համաձայն՝ զորամասը պահպանությունից անցել է պաշտպանության, ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի, կառավարման մարմիններն անցել են «Մարտական» աշխատանքային ռեժիմի, որի պայմաններում զորամասը՝ ենթակա ստորաբաժանումներով, պատրաստվել է մարտական գործողությունների։

Գ. Գ.-ն, պատասխանատու լինելով գումարտակի մարտական պատրաստության և նրա կողմից մարտական առաջադրանքների հաջող կատարման համար, չի ապահովել մարտական հերթապահությունում ընդգրկված ուժերի կողմից առաջադրված մարտական խնդիրների՝ մասնավորապես, հակառակորդի մոտեցող ուժերին զենքի կիրառմամբ դիմադրություն ցույց տալու արդյունավետ կատարումը:

Նա ևս 7 զինծառայողի հետ դիմել է փախուստի:

Հենակետում գտնվող 11 զինծառայող գերեվարվել է, ՀՀ ԶՈւ զինծառայողներից 2-ի սպանված դիերը նոյեմբերի 17-ին և 19-ին փոխանցվել են հայկական կողմին, իսկ մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ:

Նշված արարքները կատարելու համար 2021թ. նոյեմբերի 24-ին Գ.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար, որը դատարանի նոյեմբերի 25-ի որոշմամբ բավարարվել է:

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ն հայտնել էր, որ նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։