ԳլխավորԼուր

Ինչ պատիժներ (տուգանքներ) են սահմանված մեկուսացման, ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մանրամասնել է, թե ինչ պատիժներ են սահմանված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար: Պատիժները սահմանող օրենսդրական փաթեթը խորհրդարանն ընդունեց մարտի 23-ին՝ 117 կողմ ձայնով:

1. Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում 100-250 հազար դրամի չափով,

2. մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ.

— այլ անձի վարակումը պատժվում է տուգանքով՝ 300-500 հազար դրամի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով,

— երկու կամ ավելի անձանց վարակումը կամ մարդու առողջությանը ծանր վնասի պատճառումը պատժվում է տուգանքով՝ 500-700 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչև 2 տարի ժամկետով,

— մարդու մահվան առաջացումը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 տարի ժամկետով։

3. Գիտակցաբար այլ անձի կամ անձանց Նոր կորոնավիրուսային վարակով վարակելու համար սահմանվում են ավելի խիստ պատժամիջոցներ, ընդ որում տարբեր պատժամիջոցներ երկու և ավելի անձանց, անչափահասի, հղի կնոջ վարակելու, ինչպես նաև վարակելու հետևանքով մահվան ելքի դեպքերի համար:

Ազգային ժողովի նախագահը տեղեկացրել է, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց և պաշտոնական հրապարակումից հետո, և դրանք հետադարձ ուժ չունեն:

Comment here