ԳլխավորԼուր

Ամենայն հայոց կաթողիկոսը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ նախագահին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 24-ին նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ իր եւ ողջ հայ ժողովրդի անունից երախտագիտություն հայտնելով ապրիլքսանչորսյան ուղերձում վերջինիս արդարամիտ կեցվածքի համար։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

«Վեհափառ Հայրապետն իր նամակում ընդգծել է, որ 106 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում սկսված Հայոց Ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ կողմից հատկապես այս պատմական դժվարին պահին ունի ուրույն կարեւորություն՝ հաշվի առնելով նույն Թուրքիայի սատարմամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված բարբարոսական պատերազմը 2020 թվականի աշնանը, որի հետեւանքների հաղթահարման հարցում Մայր Աթոռը ակնկալում է ողջ միջազգային հանրության շուտափույթ հումանիտար ներգրավումը»,- նշվում է հաղորդագրությունում։

Նորին Սրբության նամակը կհանձնվի Հայաստանում ԱՄՆ դեսպանին։

Հիշեցնենք, որ երեկ՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում իրագործված զանգվածային սպանությունները որակեց որպես «ցեղասպանություն»:

Comment here