ԳլխավորԽճանկար

Պատրաստ եմ ծառայելու ուսանողությանը. Կոմիտասի բացառիկ նամակը Մյասնիկյանին

Կոմիտաս, Ալեքսանդր Մյասնիկյան

Usanogh.am-ը ներկայացնում է մի նամակ, որը գրել է Կոմիտասը 1909 թ. նոյեմբերի 5-ին Ալեքսանդր Մյասնիկյանին:

Այդ ժամանակ Մյասնիկյանը սովորում էր Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և կարևոր դիրք էր զբաղեցնում Ուսանողական միության ղեկավար կազմում: Նա նամակով դիմում է Կոմիտասին՝ խնդրելով գալ Մոսկվա, ուսանողներից կազմված երգչախումբ ստեղծել և բարեգործական համերգ տալ: Երկու հայ մեծանուն դեմքերի՝ Կոմիտաս Վարդապետի և Ալեքսանդր Մյասնիկյանի առնչությունների մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Բայց ահա այս բացառիկ նամակը բավականին հետաքրքիր մանրամասներ ու շերտեր է բացահայտում: Ստորև ներկայացնում ենք նամակը:

Կոմիտասի նամակը Ալեքսանդր Մյասնիկյանին
Կոմիտասի նամակը Ալեքսանդր Մյասնիկյանին

«Հարգելի պ. Ալեքսանդր Մյասնիկյան, Ձեր նամակը ստացա երեկ, բացակա էի… Ուսանողության միությանդ հղած միտքն իսկ և իսկ նպատակներիս է ընդառաջ գալիս, մեծ սիրով կուզեի մի այսպիսի կարևոր գործ ուսանողությանդ միջոցով և հօգուտ նորա կատարել, բայց գոնե այս տարի հանձն առնել չեմ կարող, զի Գ. ճեմարանում դասերով կապված եմ և Մայր Տաճարի մեջն էլ խմբապետության պաշտոնով. ոչ մի օգնական չունիմ. ուստի ցավելով և ստիպված մերժելու եմ: Ձեր ուզած և իմ ցանկացած համերգը պատվավոր գլուխ բերելու համար անհրաժեշտ է առնվազն մեկ և կես ամիս՝ գալու-գնալու և պատրաստվելու համար, իսկ այդքան երկար ժամանակ ինձ դժվար թե թողնեն բացակայիմ: Բայց և այնպես, փորձեք՝ դիմեցեք Վեհափառին, գուցե թույլատրում է, այն ժամանակ կգամ. ես պատրաստ եմ ծառայելու: Եթե այդ չի հաջողվի, կթողնենք եկող տարվան, երբ ես այլևս ուսուցչությունը թողնելու եմ, ազատ եմ և կարող եմ:

Հարգանքներով՝ Կոմիտաս Վարդապետ»:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ