ԳլխավորԼուր

Մեկնարկել է Կոմիտասի ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողով-փառատոնը

Մեկնարկել է Կոմիտասի ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողով-փառատոնը

Կոմիտասի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին, մեկնարկել է Վարդապետի հիշատակին ու ստեղծագործական ժառանգությանը նվիրված «Կոմիտաս» միջազգային փառատոնը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 8-ը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Փառատոնի մեկնարկից առաջ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում  կատարվել է հոգեհանգստյան կարգ։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԱԺ պատգամավոր Արայիկ Հարությունյանը, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի մասնակիցներ, մտավորականներ, արվեստագետներ և  հյուրեր։

Մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել Վարդապետի հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին:

Այնուհետև տրվել է փառատոն-գիտաժողովի բացման մեկնարկը։ Փառատոնի շրջանակում Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվել է «Էդէն» ժամանակավոր ցուցադրությունը՝ Հայաստանի և  արտերկրի արվեստագետների մասնակցությամբ։ Ցուցադրությանը Հայաստանից ներկայցված են Գագո Չթչյանը, Մեքսիկայից՝ Հերմինե Դեմիրոն և Ֆրանսիայից՝ Արման Թադևոսյանը։

Փառատոնային ծրագրում համադրված են Կոմիտասի ժառանգության տարբեր շերտերը՝ երաժշտական ստեղծագործությունը, գիտական և գրական ժառանգությունը, կերպարվեստը, թատերական ընթերցումները, ինչպես նաև նրա կյանքի ու գործունեությանն առնչվող նյութերի պահպանումն ու հանրայնացումը։

Առանձնահատուկ կարևորվում է կոմիտասյան նյութերի նվիրատվությունը թանգարանի ֆոնդին. Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Լուսինե Սահակյանը թանգարանի հավաքածուին նվիրաբերել է Կոմիտասին առնչվող նյութեր։

Փառատոնի եզրափակիչ միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին։ Երեկոյի ընթացքում կներկայացվի «Կոմիտաս Վարդապետ․ դաշնամուրային երկեր» գիրքը, իսկ գրքի շնորհանդեսին կհաջորդի դաշնամուրային երաժշտության համերգ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մասնակցությամբ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews