ԳլխավորԼուր

Ավարտվել է Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովը

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովի փակման արարողությունը, հայտնում են ԵՊՀ-ից։

Միջազգային գիտաժողովի փակմանը զեկուցողներին շնորհավորական խոսքեր է հղել ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, որն ընդգծել է գիտաժողովի կազմակերպիչ ֆակուլտետների ՈՒԳԸ ներկայացուցիչների կատարած մեծ աշխատանքը։

Մասնակիցներին շնորհավորել են նաև ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը, փոխտնօրեն Գոռ Մարգարյանը, ՀՊՄՀ ռեկտորի ժ.պ. Աշոտ Խոեցյանն ու Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը։ Նրանք կարևորել են եռակողմ համագործակցությունը և հույս են հայտնել, որ նմանօրինակ միջոցարումները շարունակական բնույթ կկրեն։

Նոյեմբերի 29-ին մեկնարկած և դեկտեմբերի 3-ին ավարտված, ԵՊՀ պատմության, արևելագիտության, աստվածաբանության և միջազգային հարաբերությունների ՈՒԳԸ-ների, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և ՀՊՄՀ-ի կողմից կազմակերպված գիտաժողովի 5 օրերի ընթացքում զեկուցումներով հանդես են եկել Հայաստանի և օտարերկրյա տարբեր բուհերի 70-ից ավելի մասնակիցներ։

Զեկուցումները ներկայացվել են 6 բաժանմունքներում՝ հայոց պատմություն և աղբյուրագիտություն, համաշխարհային պատմություն, հնագիտություն և ազգագրություն, մշակութաբանություն և արվեստաբանություն, արևելագիտություն, միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն։

Նշենք, որ գիտաժողովի մասնակիցները հնարավորություն են ունենալու իրենց աշխատանքներն ավարտուն տեսքով ուղարկելու գիտաժողովի կազմակերպիչներին։ Գրախոսման փուլն անցնելուց հետո լավագույն աշխատանքները տպագրվելու են ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուում։

Հավելենք, որ ԵՊՀ-ում  դեկտեմբերի 4-ին՝ հայ անվանի պատմաբան, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ Միքայել Չամչյանի ծննդյան օրը, 2012 թվականից ի վեր նշվում  է Պատմաբանի օրը։