Ականավոր հայագետ, պատմաբան, բանասեր, բյուզանդագետ Նիկողայոս Ադոնցի (1871-1942) ծննդյան օրվա առթիվ ներկայացնում ենք մի քանի փաստեր։
***
Ն. Ադոնցը նախնական կրթությունը ստացել է Տաթևի ծխական դպրոցում, ապա սովորել Տաթևի վանական վարժարանում: 1882 թ. ընդունվում է Գևորգյան ճեմարանի դպրանոցական հանրակրթական բաժինը: Գևորգյան ճեմարանում պատմաբան-բանասերին դասավանդել են ժամանակի ամենանշանավոր մտավորականները՝ Ստ. Պալասանյան, Մ. Օրմանյան, Ս. Մանդինյան, Ե. Մադաթյան և այլք, իսկ աշակերտակիցներից էին Մ. Աբեղյանը, Ավ. Իսահակյանը, Ավ. Ահարոնյանը, Գ. Հովսեփյանը, Ս. Սողոմոնյանը (Կոմիտաս) և ուրիշներ:
1889 թ. շարունակում է ուսումը նույն ճեմարանի լսարանական մասնագիտական բաժնում, սակայն անսպասելիորեն անավարտ է թողնում՝ հեռանալով Թիֆլիս: Դա թերևս նրանով է բացատրվում, որ Ն. Ադոնցը հոգևորական դառնալու մտադրություն բնավ չուներ և ցանկանում էր արտասահմանում ուսումը շարունակել:
1891 թ. փետրվարի վերջերին մեկնում է Թիֆլիս, ընդունվում ռուսական 2-րդ դասական գիմնազիան: Ընդունելության ժամանակ հետաքրքիր միջադեպ է տեղի ունենում. ազգանունը Տեր-Ավետիքյանի փոխարեն ռուսական սովորությամբ գրել էին Տեր-Ավետիքով: Ադոնցի բողոքներին ականջալուր չեղան, և աղավաղված ազգանունն այդպես էլ մնաց գիմնազիայի ուսումնառության ընթացքում: Ավարտական քննությունների նախօրեին, սակայն, նա ներկայացնում է Երևանի կոնսիստորիայից ստացված վկայաթուղթ առ այն, որ իր ազգանունը ոչ թե Տեր-Ավետիքով է, այլ Ադոնց՝ այսպես զերծ պահելով իրեն ազգային ուծացման վտանգներից:
***
Ապագա գիտնականի կյանքում վճռորոշ դեր են խաղացել երեք անհատականություններ՝ Ալեքսանդր Մանթաշյանը, Նիկողայոս Մառը և Կարապետ Եզյանը: Մանթաշյանը մերձավորներին խնդրել էր Թիֆլիսի դպրոցների լավագույն շրջանավարտներին իր մոտ ուղարկել, որպեսզի նրանց արտասահմանում ուսանելու հնարավորություն տա: Հենց Մանթաշյանի ջանքերով Ադոնցն ընդունվեց Պետերբուրգի համալսարան, որտեղ Ն. Մառի աշակերտը դարձավ: Պետերբուրգում կրթություն ստանալուց հետո ապագա գիտնականը գիտակցեց, որ անհրաժեշտ է եվրոպական համալսարաններում խորացնել գիտելիքները: Եվ ահա Կարապետ Եզյանը Մանթաշյանին խնդրեց շարունակել հովանավորել Ադոնցի ուսումնառությունը: Երեք տարի Ադոնցը եվրոպական լավագույն համալսարաններում սովորեց՝ Սորբոնում, Մյունխենում, Լոնդոնում: Մանթաշյանը, ըստ Պ. Հովհաննիսանի, երիտասարդներին հովանավորում էր այն պայմանով, որ վերադառնան և իրենց ջանքերը ներդնեն հայ իրականության մեջ, սակայն Ն. Ադոնցը բացառություն եղավ, նա մնաց Պետերբուրգում և աշխատեց հայ-վրացական բանասիրական ամբիոնում: Ի վերջո, Ն. Մառի ջանքերով մնալով այդտեղ (հայ դասախոսների վերաբերմամբ ռուսական միջավայրում խտրական մոտեցում կար)` նա դարձավ պրոֆեսոր: Պ. Հովհաննիսյանի հավաստմամբ՝ սա բացառիկ երևույթ էր, որը բացատրվում է և՛ Ն. Ադոնցի անձնական, մարդկային տեսակի հմայքով, և՛ հզոր գիտելիքներով:
***
Գիտնականն ազատորեն տիրապետում էր բազմաթիվ լեզուների՝ հունարեն (հին և նոր), լատիներեն, սանսկրիտ, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն և ռուսերեն: Ամենայն նրբություններով տիրապետում էր հին (գրաբար) և միջին հայերենի գաղտնիքներին: Այդքան լեզուներ իմանալով և ստեղծագործելով հիմնականում օտար լեզուներով՝ հայերենը երբեք չի մոռացել, և Պ. Հովհաննիսյանի փաստմամբ՝ ոչ մի հայ պատմագիր՝ միգուցե Լեոյից բացի, հայերենի այնպիսի փայլուն իմացություն չի ունեցել, ինչպես Ադոնցը:
Ն. Մառին ուղղված նամակներից մեկից պարզվում է, որ Ադոնցի մագիստրոսական թեզի թեման սկզբնապես եղել է «Հայաստանի պատմությունն ու հայերի ճակատագիրը Բյուզանդիայում», սակայն հետագայում թեման ավելի է որոշակիացրել՝ նկատի ունենալով նյութի բազմաշերտությունն ու ժամանակի սղությունը: Պ. Հովհաննիսյանը մեջբերում է Ադոնցի բացականչությունը. «Ի՞նչ պետք է լինի ձեզ հետ, իմ մեռյալ տետրեր, կհաջողվի արդյոք ձեզ կենդանանա՞լ, կերպար ընդունե՞լ, թե՞ կմնաք միշտ այդպես անկյանք»:
***
Ն. Մառի տանը Ադոնցն ու նա վիճում են լեզվաբանական ինչ-որ հարցի շուրջ: Ն. Մառն Ադոնցին ասում է, թե նա դեռ երիտասարդ է, լավ չի հիշում, իսկ Ադոնցն առաջարկում է բերել Հայկազյան բառարանը և ստուգել: Ն. Մառը համաձայնում է, և Ադոնցը, բերելով բառարանը, բացում է համապատասխան էջը՝ հապացույց իր ասածի: Ն. Մառը հիացած բացականչում է, թե սա այն դեպքն է, երբ աշակերտը գերազանցում է ուսուցչին:
Ժամանակակիցների վկայությամբ՝ Ադոնցը երբեք գրասենյակային մարդ չի եղել, միշտ ժողովրդի կողքին է եղել 1912-14 թթ. Հայկական հարցի վերաբացման միջոցառումների ժամանակ:
Քիչ հայտնի մի փաստ կա անձնվեր գիտնականի կյանքից. նկարիչ Վարդգես Սուրենյանցի հետ նա մի դրոշմանիշ էր պատրաստել և վաճառել Պետերբուրգի բարձրաշխարհիկ շրջաններում՝ շատ բարձր արժեքով՝ գումարը տրամադրելով հայ որբերին ու գաղթականներին:
Երբ 1916 թ. ռուսական բանակը գրավեց Արևմտյան Հայաստանը, Ն. Ադոնցը մեկնեց այնտեղ՝ տեղի հնությունների պահպանման նպատակով: Անհրաժեշտության դեպքում հայագետը դառնում էր նաև փայլուն հնագետ՝ ուսումնասիրելով 180 վիմագիր արձանագրություն:
Ն. Ադոնցն իր ծննդավայրում՝ Բռնակոթում, վերջին անգամ եղել է հենց այս ժամանակ: Անդրկովկասում հայտնվելու առիթը բաց չթողնելով՝ այցելում է ծննդավայր, խոստանում Տաթևի վանքի տանիքի վերանորոգման համար թիթեղ ուղարկել և չմոռանալով իր խոստումը՝ Թիֆլիսից թիթեղ է առաքում:
***
Ադոնցը չընդունեց հոկտեմբերյան հեղափոխությունը, բայց նաև չհայտնվեց հակահոկտեմբերյանականների ճամբարում: Պ. Հովհաննիսյանը մի հետաքրքիր փաստ է նշում. ռուսական հեղափոխության առաջնորդ Լենինն անձամբ մեկ առ մեկ ստուգել է Պետրոգրադի համալսարանի դասախոսների ցուցակը՝ այնտեղից դուրս թողնելով նրանց անունները, որոնք իրեն ոչ լոյալ են թվացել, Ադոնցի ազգանունը նա թողել է, և հայ գիտնականը շարունակել է իր գործունեությունը բոլշևիկների իշխանության պայմաններում:
***
1920 թ. գարնանը որոշում են Ն. Ադոնցին գործուղել արտասահման՝ գիտական աշխատանքները շարունակելու, սակայն վերջինս անսպասելիորեն հեռանում է Ռուսաստանից: Ըստ Պ. Հովհաննիսյանի՝ դա քաղաքական շարժառիթ չի ունեցել, թեև սա նրա անձնական կարծիքն է, Ադոնցը Ֆրանսիա կարող էր մեկնել անձնական խնդիրներով. 1920թ. նա արդեն դառնում էր 50 տարեկան, բայց դեռ ամուսնացած չէր: Ժամանակակիցների հաղորդմամբ՝ նա սիրահարված էր օպերային թատրոնի երգչուհի Օլգա Իվանովնա Հովնաթանյանին: Վերջինիս՝ Ֆրանսիա մեկնելուց հետո Ադոնցը նույնպես մեկնում է այնտեղ: Խորհրդային տարիներին, սակայն, բամբասանքներ շատ կային Ադոնցի՝ քաղաքական վտարանդի լինելու վերաբերյալ, որի հետևանքով չէր խրախուսվում նրա աշխատությունների հրատարակումը:
***
Ն. Ադոնցը Լոնդոնում հրատարակեց «Հայկական հարցի շուրջ» հոդվածը, որ հայտնի է նաև «Հայկական հարցը Սևրում» վերնագրով, նրա բարեկամները փորձեցին նրան կապել Օքսֆորդի հետ, սակայն Ադոնցին գրավում էր Փարիզը, քանի որ Օլգան այնտեղ էր: Ի վերջո, նա մեկնեց Փարիզ, ամուսնացավ Օլգայի հետ: Ընտանիքի հոգսը, կնոջ հաճախակի հիվանդությունը ծախսեր էին պարտադրում, և Ադոնցին իր օգնությունն է առաջարկում Աբրահամ Ղուկասյանը՝ նավթարդյունաբերող ընտանիքի ներկայացուցիչը: Օլգան նրա զարմուհին էր: Պ. Հովհաննիսյանն այս կապակցությամբ հիշատակում է փարիզյան հայկական միջավայրի մասին 1920-ական թթ. Ավ. Իսահակյանի գրած տողերը, որտեղ Ադոնցի մասին նա գրում է. «Բոլորից լավ տեղավորվել է Ադոնցը»:
Խորհրդային գրականության մեջ հանդիպող այն վարկածը, թե Ն. Մառը, գալով Ֆրանսիա, իր սանին գտնում է թշվառության մեջ և որ նյութական օգնություն է նրան ցուցաբերում, ըստ Պ. Հովհաննիսյանի, թյուրիմացություն է: Ադոնցն ինքն է Լայպցիգում կազմակերպում Մառի և Բրաունի հաբեթական տեսությանը նվիրված աշխատության հրատարակումը: Պ. Հովհաննիսյանն անձամբ է տեսել բանկային կտրոնները:
Ադոնցը հոգեկան հանգստություն չգտավ նաև Բրյուսելում: Կնոջ երկարատև հիվանդությունն ու վաղաժամ մահը (1935) այնքան էին հուսահատեցրել նրան, որ բարեկամներից մեկին ուղղված նամակում խոստովանում է, թե «այլևս աշխարհը կորցրեց ինձ համար իր իմաստը»: Հոգեկան ծանր վիճակը, հարազատների բացակայությունը, հայկական շրջանակներից կտրված լինելը, հայրենիքից եկող ծանր լուրերը, հետզհետե զգալ տվող հին հիվանդությունը ամբողջովին վհատեցնում են գիտնականին: Իր վերջին նամակներից մեկում, որ ուղղված էր Ա. Չիլինկարյանին, նա գրում է. «Խռովահույզ մթնոլորտն այնպես է ազդել, որ զգացի այն թուլությունը, որ գալիս է ծերությունի՞ց, թե՞ վհատությունից: Ո՛չ անձնական, ո՛չ հայրենիքյան և ո՛չ ամենուրեքյան ո՛չ մի նշույլ չմնաց պայծառ և զվարթ լույսի, որ ողջագուրեր սառած էությունս նոր հույսերով: Վախում եմ, որ ծրագրած գործերս էլ մնան թերի և կամ նույնչափ վհատ, ինչպես ես»։
***
Համբավավոր գիտնականի բրյուսելյան տարիների մասին իր հուշերում պատմում է նրա սաներից Մ. Իշխանը: Վերջինս անընդհատ շեշտում է, որ Ադոնցի անձնական կյանքի մասին իրենք գրեթե ոչինչ չգիտեն, քանի որ նա սովորություն չուներ որևէ մեկի հետ անկեղծանալու, Ադոնցը, ըստ Իշխանի, խոսում էր ամեն ինչի և ամենքի մասին՝ բացի իրենից, և այդ է պատճառը, որ հայ ուսանողները, որքան էլ մտերիմ էին իրենց ուսուցչի հետ, միևնույն է, նրա մասին քիչ բան գիտեին, թերևս միայն այն, որ իր կնոջից, ում չափազանց շատ էր սիրում, տարիքով բավական մեծ է եղել և որ անձնվիրաբար խնամել է նրան հիվանդության ժամանակ:
Ադոնցը, ըստ այդ հուշերի, հայրաբար է վերաբերվել Բրյուսելի հայ ուսանողներին և ծանր է տարել նրանց դժվարությունները: Մ. Իշխանը հիացմունքով է ներկայացնում իր և Ադոնցի առաջին հանդիպումը. «Մեզ դիմաւորեց բարեձեւ մարմնով, ժպտուն աչքերով, ածիլուած դէմքով մարդ մը: Ո՞վ կրնար ըսել թէ եօթանասնամեայ ծերունի մըն էր ան: Գրեթէ աննշմարելի պեխի պզտիկ շերտ մը հազիւ կը ստուերոտէր վերի շրթունքին միջին մասը: Քիչ մը թեք սանտրուած սպիտակ ու երկար մազերը լայն ճակատ մը կը ցայտեցնէին: Քիթը սուր, արծուային: Առաջին իսկ վայրկեանին, ձեռքի պարզ սեղմումէն զգալի էր իր կորովի, արագ շարժումներուն կայտառութիւնը: Որքա՜ն կեանք կար անոր ամբողջ անձին մէջ»։
***
Իրենց կուրսում հայրենակից գիտնականի առաջին դասախոսությունն է մտաբերում Իշխանը և ամեն անգամ ոգևորվում՝ հիշելով, թե հպարտության ինչ զգացումով էին հայ տղաները տոգորվում, երբ Ադոնցը, գլուխը բարձր, ժպիտը դեմքին, մտնում էր ուսուցչարան և անմիջապես բոլորի ուշադրությունը գրավում, և երբ բոլոր անվանի դասախոսները նրան տեսնելիս կանգնում և հարգանքով ողջունում էին: «Ադոնց կը խօսէր արագ, կտրատուած նախադասութիւններով, կոկորդը մաքրելու չոր հազով մը անընդհատ ընդմիջելով իր խօսքը: Մեծ ճիգ պէտք էր՝ առաջին առթիւ հետեւիլ կարենալու համար իր ըսածներու տրամաբանական կապակցութեան: Այլապէս պիտի թուէր, որ փրոֆ. Ադոնց միտքէ միտք կը ցատկէր, առանց պահելու հիմնական գաղափարը: Իրականին մէջ իր փաստերու և ծանօթութեանց առատութիւնն էր, որ կը ստեղծէր այդ շփոթը»:
***
Այս մասին իր հուշերում վկայում է նաև Ս. Վրացյանը: Պետերբուրգի համալսարանի մուտքի՝ Ադոնցի դասախոսությունը ծաթերի մասին էր: Լսարանը լեփ-լեցուն էր, ուսանողների հետ ներկա էին նաև մեծանուն պրոֆեսորներ, Վրացյանը գրում է. «Ովքե՞ր էին այդ ծաթերը և ի՞նչ գործ ունեին նրանք ցրտաշունչ Պետերբուրգի համալսարանի պաղ լսարանում: Դասախոսը կարճահասակ, նիհար, թաշկինակով ճակատի քրտինքը սրբելով, ճղճիմ ձայնով ու դժվար լսելի ռուսերենով, անհույզ բաներ էր ասում անծանոթ ժողովրդի մասին, որ ինչ-որ հարաբերության մեջ է եղել մեր նախնիների հետ…»: Ադոնցի սաները, սակայն, ըստ արժանվույն են գնահատել ուսուցչի այդ հատկանիշը. Մ. Իշխանի համոզմամբ՝ Ադոնցը խոսում էր ոչ իբրև մանկավարժ, այլ իբրև մեծ գիտուն՝ առանց մտահոգվելու լսարանի մտավոր պաշարի հարստությամբ՝ «Ադոնց համադրող մը չէր խօսած միջոցին: Մանրակրկիտ և խորաթափանց քննողի դերին մէջ էր միշտ, մատենագրին գործը քայքայելով կտոր կտոր, բառ առ բառ, մասնիկ առ մասնիկ ստուգաբանական, քերականական և պատմագիտական բազմաթիւ դիտողութիւններու և ակնարկութիւններու լոյսին տակ: Բայց այդ լոյսը անբաւարար կուգար իր աշակարտներուն յստակ տեսողութեան համար»։
Ադոնցը հայրենասեր էր բառի բովանդակ իմաստով: Պ. Հովհաննիսյանը նշում է, որ 1935 թ. Բելգիայում լույս տեսնող ամսագրերից մեկում իբրև Ադոնցի ծննդավայր նշվել է Ղարաբաղը, բայց Ադոնցը հատուկ դիմել է ամսագրի խմբագրություն, որ ուղղեն և նշեն Սիսիան: Իսկ 1930-ական թթ., երբ «Հայրենիք» ամսագրում և ՀՅԴ մամուլի տարբեր օրգաններում հարձակումներ էին լինում Խորհրդային Հայաստանի և Ամենայն Հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանի դեմ, Ադոնցը խստագույն դիտողություններ է արել այդօրինակ հրատարակություններին՝ Սիմոն Վրացյանին, «Հայրենիք»-ի խմբագիր Արտաշես Չիլինկիրյանին: «Հայրենիքից չի կարելի նեղանալ, հայրենիքի գույնը մենք չենք ընտրում, հայրենիքի գույնը իր պատմական ճակատագիրն է, նրա գույնի համար, որ այսօր կարմիր է, այն դատապարտելը և հայհոյելը ես համարում եմ մեծագույն անբարոյականություն: Թեև ցավոք այժմ մենք չենք ապրում հայրենիքում, սակայն ուր էլ որ լինենք, նրա զավակներն ենք, ուրեմն՝ եկեք բոլորս հարգանքով լցվենք հայրենիքի նկատմամբ և այն մարդկանց նկատմամբ, որոնք այսօր ներկայացնում են հայրենիքը»:
Ադոնցի մոտ բժիշկները հայտնաբերում են ծյուրախտ՝ արագընթաց թոքախտ: Ամռանը, երբ իրեն համեմատաբար լավ է զգացել, Փարիզի բարեկամներն իրենց օգնությունն են առաջարկել նրան Շվեյցարիա ուղարկելու և բուժելու, սակայն, ըստ Էսեկյուլյանի, նա շատ հպարտ էր այդպիսի առաջարկ ընդունելու համար: Մ. Իշխանի վկայմամբ՝ Ադոնցը հիվանդանալու հակում չուներ, թեպետ ցրտաշունչ ձմեռներին նրան կարելի էր տեսնել վերարկուն ուսին գցած մայթերին հանգիստ քայլելիս, իսկ երբ հազվադեպ մեջքը բռնվում էր, դա տևում էր ընդամենը մեկ-երկու օր, և ինքն էլ, Մ. Իշխանի վկայմամբ, խիստ զարմանում էր այդ «անհարմար բանին վրա»:
***
1941 թ. Ադոնցի վիճակը ծանրանում է: Այդ օրերին Մ. Իշխանն այլևս Բրյուսելում չէր, նա Ադոնցին վերջին անգամ տեսավ 1940 թ. մայիսի 14-ին՝ Գերմանիայի՝ Բրյուսելի վրա հարձակման չորրորդ օրը: Երբ գնացել է Ադոնցին հրաժեշտ տալու, նրան գտել է գրասեղանի մոտ աշխատելիս: «-Ի՞նչ կ՛ընէք, փրոֆեսոր, չէ՞ք մտածէր հեռանալու և Ֆրանսիա ապաստանելու մասին,- հարց տուի՝ բան մը ըսած ըլլալու համար:
-Ի՞նչպէս հեռանամ,- պատասխանեց հանդարտ ու վճռական ձեւով: Ի՞նչ արժէք կը ներկայացնէ կեանքս, եթէ բաժնուիմ գրքերէս, որոնք հազիւ կրցած եմ տարիներու ընթացքին իրարու քով բերել…
-Երանի՜ թէ,- ըսաւ Ադոնց,- սա գետինը ճեղքուէր և գրքերովս, սեղանովս և աղօտ ճրագով ինձ առնէր իր մէջը, չլսէի այս բոլորը, կարողանայի աշխատիլ հանդարտ սրտով և վերջացնել ծրագրած գործերս»:
Այդ ժամանաակ դարակից հանում է ստվարածավալ մի թղթապանակ և ասում, որ Հայոց պատմությունն է, որ հասցրել է մինչև Տիգրան Մեծ, իսկ հիմա ուզում է վերամշակել ուրարտական շրջանը, որ առանձին 400 էջ է կազմում: «Մատներէն կը հոսէր թախիծի և գուրգուրանքի թեթեւ դող մը…»: Ըստ Մ. Իշխանի՝ Ադոնցը իր դարակից առանձին հոգածությամբ հանում է մի հաստ թղթի վրա գծագրած նկարներ՝ ուրարտական շրջանից մնացած զանազան հնությունների.
«-Ասոնք կինս գծած էր,- ըսաւ ցած ձայնով,- մեծ շնորհք ունէր նկարելու:
Յանկարծ լռեց: Ակամայ բացած էր կեանքին այն էջը, զոր երկիւղածութեամբ կը ծածկէր ուրիշներէ»:
Էսեկյուլյանը պատմում է, որ հիվանդանոցում Մինաս Միսաք անունով բժիշկը, որ սեփական զավակի պես խնամում էր Ադոնցին, իրեն պատմել է, որ տենդի մէջ Ադոնցը բռնել է իր ձեռքը և հարցրել. «Ի՞նչ եղավ, Հայաստանի մասին տեղեկություններ մը պիտի բերեիր»:
Ն. Ադոնցը մահացավ 1942 թ. հունվարի 27-ի առավոտյան: Թաղումը փետրվարի 2-ին էր: Թաղվեց Բրյուսելի քաղաքային գերեզմանոցում ֆաշիստական օկուպացիայի շրջանում: Նրա կինը, թեև մահացել է Բրյուսելում, սակայն դին տեղափոխվել է Փարիզ՝ Պեր Լաշեզ գերեզմանոց: Հուշաքարը, Ադոնցի պատվերով, քանդակել էր Ե. Քոչարը: Նվիրյալ գիտնականը դա արել էր այն հեռանկարով, որ ինքն էլ այնտեղ թաղվեր: Բայց թաղվեց Բրյուսելի գերեզմանոցում: Երկրորդ համաշխարհային պատերազմի աշխարհակործան ժամանակն էր, բոլոր կապերը խզված էին: Այնուհետև՝ 1949-50 թթ., քաղաքաշինության աշխատանքների պատճառով գերեզմանոցը տեղափոխեցին: Ցավոք, Փարիզի, Բրյուսելի հայ համայնքները չհետևեցին Ադոնցի աճյունի տեղափոխմանը: Ցայսօր, փաստորեն, հայտնի չէ, թե որտեղ է նրա շիրիմը:
***
Եվ միայն 1988 թ. Սիսիանում հիմնադրվեց Ադոնցի անվան պատմության թանգարանը, որի ձախ կողմում ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյանի նախագծով 1990 թ. կառուցվեց հուշահամալիր, տեղադրվեց Ադոնցի արձանը: Մեծ գիտնականը պատկերված է կրոնավորի սքեմով, գիրքը ձեռքին բռնած, հայացքը՝ դեպի հեռուն (քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան):
«Քաջերի սահմանը զենքը չէ, որքան այն հոգեկան մղումը, որ տանում դեպի զենք»: Ն. Ադոնցի ողջ կյանքն իր հպարտ կեցվածքի ու խոսքերի հիրավի արդարացումն ու ապացույցը եղավ՝ տոգորված այն հոգեկան անսանձ մղումով, որ նրան ստիպեց գրիչը զենք դարձրած՝ կռվել ժամանակի դաժան ու հայամերժ բարքերի դեմ՝ համայն աշխարհին հայտնի դարձնելով հայ ազգի բացառիկ կերպարն ու առաքելությունը այնպիսի հզոր տերության կայացման գործում անգամ, ինչպիսին, դիցուք, Բյուզանդիան էր:
Նյութերը՝ Վանուհի Բաղմանյանի բլոգից