ԳլխավորԼուր

Ակադեմիական քաղաքին առնչվող հարցեր են քննարկվել Քաղաքաշինության կոմիտեում  

Ակադեմիական քաղաքին առնչվող հարցեր են քննարկվել Քաղաքաշինության կոմիտեում  

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ընդունել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանին, հիմնադրամի  իրավաբան Տաթև Դանիելյանին, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանին: Հիմնադրամի տնօրենը տեղեկատվություն է հայտնել Ակադեմիական քաղաքի ստեղծման ծրագիրն իրագործելու համար դիտարկվող տարածքների վերաբերյալ՝ ներկայացնելով նախագծային խմբին ելակետային տվյալների, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի տրամադրման անհրաժեշտությունը և վերհանված հնարավոր խնդիրները:

Տեղեկությունը հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից։

Կոմիտեի պատասխանատուները պատրաստակամություն են հայտնել կոմիտեի լիազորությունների շրջանակում ամենայն աջակցություն ցուցաբերել ծրագիրն իրականացնող թիմին և աշխատանքներն արագ կազմակերպելու նպատակով գերմանական «gmp Architekten» նախագծային ընկերությանը տրամադրել դիտարկվող տարածքներին առնչվող կոմիտեի համակարգմամբ մշակված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, քաղաքաշինական գործընթացները կանոնակարգող օրենսդրության, քաղաքաշինական նորմերի վերաբերյալ տեղեկատվությունը:

Քննարկվել են Ակադեմիական քաղաքի տեղակայման հնարավոր տարբերակներից Երևանի Աջափնյակ վարչական շրջանի 17-րդ թաղամասի հողամասերի նկատմամբ առկա քաղաքաշինական հատակագծային սահմանափակումները՝ Ակադեմիական քաղաքի կառուցման համար դիտարկվող հողամասի իրական մակերեսը հստակեցնելու նպատակով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագծային թիմին փոխանցել Աջափնյակ վարչական շրջանի գոտևորման նախագիծը և 17-րդ թաղամասին հարակից բնակավայրերի համար մշակված միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի այն նյութերը, որոնք օգտակար կլինեն Ակադեմիական քաղաքի համար դիտարկվող տարածքներում տարբեր գործառույթների տեղաբաշխում կատարելիս:

Ակադեմիական քաղաքի ստեղծման ծրագրում հայկական կողմից՝ որպես աշխատանքների իրականացմանն աջակցող կազմակերպություն, ներգրավված է նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը: Հանդիպմանն անդրադարձ է եղել համալսարանի կողմից կատարվող ինժեներաերկրաբանական, գեոդեզիական աշխատանքների ընթացքին:

Հավաքագրված բոլոր տվյալները փոխանցվելու են ծրագրում ներգրավված գերմանական կազմակերպությանը՝ Ակադեմիական քաղաքի համար դիտարկվող տարածքի գլխավոր հատակագծի մշակման համար:

Հիշեցնենք՝ Ակադեմիական քաղաքը բաղկացած է լինելու չորս ակադեմիական կլաստերներից, որոնք կազմավորվելու են համապատասխան չորս խոշորացված համալսարանների և դրանց միավորված գիտահետազոտական մի շարք կազմակերպությունների հենքի վրա՝ Տեխնոլոգիական կլաստեր, Արվեստների կլաստեր, Կրթական կլաստեր, Սպայական կլաստեր:

Նախատեսվում է, որ ակադեմիական քաղաքի ներսում տեղաշարժը կունենա հատուկ կարգավորում՝ կազմակերպելով հեծանիվներով, էլեկտրական տրանսպորտով և այլ եղանակներով։ Ակադեմիական քաղաքի չորս կլաստերներում և հարակից տարածքներում նախնական հաշվարկով աշխատելու և բնակվելու է մոտ 44 000 մարդ։

Ակադեմիական քաղաքի նախագծման փուլը նախատեսվում է մեկնարկել 2023 թ. սեպտեմբերից և ավարտել 2025 թ սեպտեմբերին: Կառուցման փուլը նախատեսվում է մեկնարկել 2025 թ. հոկտեմբերից և նախնական գնահատմամբ կավարտվի 2029 թ. դեկտեմբերին: