ԳլխավորԼուրԿրթություն

Բուհերը ակադեմիական քաղաք տանելով բան չի փոխվի, եթե չգիտենք՝ ինչ ենք ուզում փոխել․ Դավիթ Ամիրյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

«Երբ 10 տարի առաջ հրապարակվեց զեկույց, որտեղ նշվեց, որ Հայաստանում կրթության որակի անկման պատճառը քաղաքականացվածությունն ու կոռուպցիան է, այդ հաշվետվության պատվիրատուներին ու հեղինակներին բզկտեցին։ Մենք հույս ունեինք, որ 2018-ից հետո ոլորտ առ ոլորտ կտրվեր անցյալի գնահատականը այն մասին, թե ինչու մենք այսօր ունենք այս իրավիճակը։ Դա տեղի չունեցավ, պատասխանատուներին պատժելու հարց ևս չի դրվել»,- «Հոդված 3» մեդիա կենտրոնում կայացած քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, անկախ փորձագետ Դավիթ Ամիրյանը։

Անդրադառնալով Հայաստանում կրթության որակի անկմանը՝ Դավիթ Ամիրյանը նկատում է՝ խնդիրը միայն տեխնիկական չէ, այն բովանդակային բնույթ է կրում․

«Հիմա էլ ԵՊՀ-ում լսարանները կահավորում են, բայց դա ինչ-որ բան չի փոխում։ Այնտեղ 10 տարի առաջ էլ կար կահավորված լսարան՝ տեխնիկայով, բայց երեք դասախոսից ավելի մարդ չի օգտագործել այդ տեխնիկան։ Հիմա էլ են տեղի ունենում տեխնիկական բարեփոխումներ, ներդրվում է էլեկտրոնային համակարգ, բայց դա դառնում է միայն մեխանիկական գործիք, բովանդակության վրա որևէ ազդեցություն չկա»։

Դավիթ Ամիրյանը նկատում է՝ եթե դիտարկենք, թե որքան քիչ թվով մարդիկ են հետաքրքրված Գիտության պետական կոմիտեի հայտարարած մրցույթներով, հասկանալի կլինի, որ չի կարող լինել կապ կրթության և գիտության միջև․ «Եթե սարքենք քաղաք, բուհերը տանենք այնտեղ՝ դրանից բան չի փոխվելու, քանի որ չունենք պատասխան այն հարցին, թե ինչ ենք ուզում փոխել և դրա համար ինչ տարբերակներ ունենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։