ԳլխավորԼուր

Գիտական աստիճան և կոչում ունեցողների թիվը ՀՀ բուհերում նվազել է

ՀՊՄՀ դասախոսներ

Բարձրագույն պետական ուսումնական հաստատություններում աշխատակազմի թվաքանակն ըստ գիտական աստիճանի և կոչման 2022-23 ուսումնական տարում 15 252 է (9416-ը կանայք են), սա 608-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից. 2021-22 ուսումնական տարում այդ թիվը 15 860 էր (9761-ը` կանայք): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հաղորդած տվյալներից:

Մեր բուհերում դոկտորի կոչում ունեցողների թիվը 744 է (191-ը` կանայք): Նախորդ տարվա համեմատ այս թիվը նվազել է 45-ով. 2021-22 ուսումնական տարում դոկտորների թիվը 789 էր (192-ը`կանայք):

Թեկնածուի գիտական աստիճան ունի 3 936 հոգի (2 149-ը` կանայք), նախորդ տարվա համեմատ այս թիվը նվազել է 70-ով. 2021-22 ուսումնական տարում թեկնածուների թիվը 4006 էր (2 119-ը` կանայք):

Մեր բուհերում ակադեմիկոսի կոչում ունեցողների թիվն այս տարի 29 է (1-ը` կին), նախորդ ուստարում 31 էր (2-ը` կին): Պրոֆեսորի կոչում ունի 825 հոգի (231-ը` կանայք), նախորդ տարի այդ թիվը 878 էր (227-ը` կանայք):

Դոցենտի կոչում ունեցողների թիվն ուսումնական այս տարում 2 690 է (1 465-ը` կանայք): Նախորդ ուսումնական տարում այդ թիվը 96-ով մեծ էր. դոցենտների թիվը 2786 էր (1 466-ը` կանայք):