ԳլխավորԼուր

ՀՊՄՀ-ի դասախոսները վերապատրաստվել են

Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Սրբուհի Գևորգյանը հավաստագրեր հանձնեց օտար լեզվի (անգլերենի) վերապատրաստման դասընթացի մասնակիցներին: Այս մասին հայտնում են ՀՊՄՀ-ից։

Ա2 — Բ1  մակարդակում 60 ժամ տևողությամբ դասընթացն անցկացվել է 2021թվականի նոյեմբերի 18–ից ընթացիկ տարվա հունվարի 7-ը: Բուհի Գիտահետազոտական կենտրոնի կազմակերպած վերապատրաստմանը մասնակցել է մրցույթի արդյունքում օտար լեզվից 90-100 միավոր ստացած 13 դասախոս:

Գործնական կարողությունների ձեռքբերման նպատակով՝  դասընթացն անցկացվել է առկա ձևաչափով, կիրառվել են ինտերակտիվ մեթոդներ:

«Բուհի պրոֆեսորադասախոսական կազմի օտար լեզվի իմացությունը  ցանկալի մակարդակի վրա չէ, այնինչ բուհական մրցակցությունն ու միջազգային գործընթացները ստիպում են վերանայել այն: Մանկավարժությունն այլևս սոսկ տեսական դասընթաց չէ, այլ կոնկրետ բաղադրիչների, այդ թվում՝ լեզվական իմացությանը տիրապետելու կարողություն: Հայաստանյան որևէ բուհ չի կազմակերպում նման անվճար դասընթաց. վերապատրասման այս գործընթացը միտված է լրացնելու այդ բացը և կլինի շարունակական»,-նշեց ռեկտորի պաշտոնակատար  Սրբուհի Գևորգյանը:

Վերջինս  նկատեց՝ ծրագրի արդյունավետության մասին կխոսեն, երբ ձեռք բերված գիտելիքները ծառայեն իրենց նպատակին՝ մասնագիտական  գործընթացներում, միջազգային ծրագրերին մասնակցելու, մասնագիտական գրականության և ուսանողների հետ աշխատանքում:

Ռեկտորը հորդորեց  դասընթացի արդյունավետության, որակական փոփոխություններ ունենալու և զարգացնելու համար նշել ծրագրի բացթողումները:

Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը   շնորհակալություն հայտնեց դասընթացին ակտիվ և հետևողական մասնակցության համար՝ նկատելով, որ բուհը դեռևս  2011 թվականից իրականացնում է վերապատրաստման գործընթաց՝ տարբեր ուղղություններով:

Վերապատրաստող, ռոմանագերմանական լեզուների և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Սուսաննա Բաղդասարյանը գոհ է  դասընթացի արդյունքից՝ մասնակիցները հանձնել են քննություն և հաղթահարել անցողիկ շեմը՝  ստանալով դրական գնահատական:

Վերապատրաստման արդյունավետության, ծրագրի հագեցվածության և լեզվի իմացության բարելավման մասին  խոսում են նաև իրենք՝ վերապատրաստվողները.չեն թաքցնում, որ դասերին մոտեցել են  աշակերտի պատասխանատվությամբ:

Վերջիններս նկատում են՝ վերապատրաստումն առավելապես կծառայի իր նպատակին, եթե դասընթացը լինի երկարաժամկետ, իսկ հիմնարար գիտելիքների ստուգման համար առաջակում են որոշ ժամանակ անց  կրկնել քննությունը:

Ռեկտորի պաշտոնակատար  Սրբուհի Գևորգյանն հույս հայտնեց, որ օտար լեզվի պիլոտային այս դասընթացը յուրատեսակ ֆիլտր կլինի հետագա գործընթացների պատշաճ կազմակերպման համար, իսկ լեզվի իմացությունը բուհում կդառնա կենսակերպ: