ԳլխավորԼուր

ՀՊՄՀ-ն ու «Էրեբունի» բժշկական ակադեմիան կհամագործակցեն

Սրբուհի Գևորգյանն ու Արթուր Իկիլիկյանը

Հայկական պետական մանկավարժական համալսարանի և «Էրեբունի» բժշկական ակադեմիայի միջև այսօր կնքվեց համագործակցության հուշագիր, որը ստորագրեցին կրթական հաստատությունների ռեկտորներ Սրբուհի Գևորգյանն ու Արթուր Իկիլիկյանը, հայտնում են բուհից։

Հուշագրի նպատակն է մեկտեղել երկու հաստատությունների ջանքերը, միջոցներն ու փորձը ուսումնակրթական բնույթի ծրագրերի, փորձաքննությունների իրականացման, մասնագիտական գրականության, մեթոդական ուղեցույցների, գիտական հոդվածների հրատարակման համար։

Այդ շրջանակներում կիրականացվեն նաև այլ նյութերի փոխանակման, համատեղ աշխատանքային խմբերի ձևավորման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկմանն ու  լուծմանն ուղղված ծրագրեր։

Բացի այդ, հուշագրի շրջանակներում կկազմակերպվեն համատեղ գիտական կոնֆերանսներ, սեմինարներ, խորհրդակցություններ, լաբորատոր աշխատանքներ, կիրականացվեն դրամաշնորհային ծրագրեր։

Հուշագիրը  «Էրեբունի» բժշկական ակադեմիայի  շրջանավարտներին հնարավորություն կտա  ՀՊՄՀ-ում  իրականացնել  շարունակական կրթությունը, օգտվել գրադարանից, իսկ Մանկավարժականի ուսանողներին՝ բժշկական ակադեմիայում անցկացնել ուսումնական, արտադրական, նախադիպլոմային և գիտաարտադրական պրակտիկաներ։

ՀՊՄՀ ղեկավար կազմը «Էրեբունի» բժշկական ակադեմիայում ծանոթացավ գործընկեր կրթական հաստատության մեթոդական և տեխնիկական հնարավորություններին։