ԳլխավորԼուր

ԵՊՀ-ն և «Լիդիան Արմենիա»-ն հուշագիր են կնքել

ԵՊՀ-ն և «Լիդիան Արմենիա»-ն հուշագիր են կնքել

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն այսօր ստորագրել են մտադրությունների հուշագիր՝ միավորելու իրենց ջանքերը երկրաբանության, հանքարդյունաբերության, հանքավայրերի շահագործման, լեռնամետալուրգիական, հիդրոերկրաբանության և այլ ոլորտներում որակյալ մասնագետներ պատրաստելու, գիտահետազոտական համատեղ աշխատանքներ ու կրթագիտական այլ ծրագրեր իրականացնելու համար։

Հուշագրի շրջանակում կողմերը համատեղ կազմելու են աշխատակիցների որակավորման բարձրացման ծրագրեր, կատարելու են փորձարարական, գիտական, հետազոտական ու կրթական աշխատանքներ, կազմակերպելու են կառուցվածքային առանձին ստորաբաժանումների համատեղ քննարկումներ, խորհրդատվություններ, վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ և այլ միջոցառումներ։

Բացի դրանից՝ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ու ֆակուլտետում գործող Կայուն զարգացման կենտրոնի փորձագետների ու ընկերության մասնագետների համատեղ ուսումնասիրությունների արդյունքում մշակվելու են տեխնոլոգիական մեթոդներ, կազմակերպվելու են դրանց ստացման լաբորատոր և արտադրական եղանակների փորձարկումներ։

Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողների շրջանում հանքարդյունաբերության գործունեության վերաբերյալ գործնական գիտելիքների ձեռքբերման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով համատեղ մշակվելու են դասընթացներ և դաշտային պրակտիկ աշխատանքներ։ Բացի դրանից՝ ուսանողները հնարավորություն են ստանալու իրենց  ուսումնական ու արտադրական պրակտիկաները կազմակերպելու, ինչպես նաև փորձնակություն (ինթերնշիփեր, մենթորշիփեր) անցնելու ընկերությունում։