ԳլխավորԼուր

ԵՊՀ-ի և «SPRING PR»-ի միջև հուշագիր է կնքվել

ԵՊՀ-ի և «SPRING PR»-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

«Doing Digital Forum (DDF)»-ին ընդառաջ՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «SPRING PR» ընկերության համահիմնադիրներ Տաթևիկ Սիմոնյանը, Նվարդ Մելքոնյանն ու Մարիաննա Մուսոյանն այսօր ստորագրեցին համագործակցության հուշագիր, հայտնում են ԵՊՀ-ից։

«SPRING PR» ընկերության հիմնադրած և կազմակերպած «Doing Digital Forum (DDF)»-ի նպատակն է համախմբել պետական կառավարման, ֆինանսական և տեխնոլոգիական էկոհամակարգի, բիզնեսի և մեդիա ոլորտների առաջատարներին՝ բացահայտելու թվային փոխակերպման նորագույն միտումները։ Այն տեղի է ունենալու ապրիլի 5-ին։

Այսօր ստորագրված հուշագրի շրջանակում երկու կողմերն իրենց ջանքերը, փորձն ու հնարավորությունները համատեղելու պատրաստակամություն հայտնեցին՝ ի նպաստ մասնագիտական կրթության զարգացման, երիտասարդների համար արդիական գործնական գիտելիքների ամրապնդման և խորացման հնարավորությունների ստեղծման, թվային փոխակերպումների դարաշրջանում ֆինանսատեխնոլոգիական ոլորտում երիտասարդների ներուժն ու տաղանդը գործի դնելու բացառիկ հնարավորությունների բացահայտման։

ԵՊՀ-ի և «SPRING PR»-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով այս համագործակցությունը, ասաց․ «Գիտության ժամանակակից նվաճումներն ու տեխնոլոգիական մտքի շարունակական ձեռքբերումները ստեղծում են լրացուցիչ հնարավորություններ ու մարտահրավերներ կեսագործունեության բոլոր ոլորտների համար, և այդ փոփոխությունների շարժիչ ուժն ու հիմքը համատարած թվայնացումն է։ Թվային փոխակերպման վերջին միտումներին ու լավագույն փորձին ծանոթանալու, ինչպես նաև առաջ եկող մարտահրավերները պատշաճ ու ժամանակին հասցեագրելու և առաջացող ռիսկերն արդյունավետ կառավարելու տեսանկյունից այս համագործակցությունն անչափ կարևոր է մեզ համար։ Բացի դրանից՝ այն նպաստելու է կրթական ծրագրերի բարելավմանը, համագործակցային կապերի ընդլայնմանը և նոր հնարավորություններ է ստեղծելու մեր ուսանողների համար»:

Համագործակցության արդյունքում 2022 թ. «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի մրցանակակիր ԵՊՀ ուսանողներին (Աշոտ Մկրյան՝ հայագիտության ոլորտ, Հասմիկ Ափրեյան՝ հումանիտար գիտությունների ոլորտ, Նարե Շալունց՝ հումանիտար գիտությունների ոլորտ, Գայանե Լալայան՝ հումանիտար գիտությունների ոլորտ, Մարիամ Տաշյան՝ հասարակագիտական ոլորտ, Րաֆֆի Շահմուրադյան՝ բնագիտական ոլորտ, Արևիկ Ղռմաջյան՝ բնագիտական ոլորտ) տրամադրվել են  «Doing Digital Forum»-ի անվճար տոմսեր: Համագործակցության շրջանակում ԵՊՀ-ն հանդես կգա որպես «Doing Digital Forum»-ի տեղեկատվական աջակից։

«Մենք մշտապես կարևորել ենք կրթական ինստիտուտների դերն արդիական կրթական ծրագրերի պատրաստման և գիտահենք լուծումներ առաջարկելու, ոլորտը պրոֆեսիոնալ կադրերով ապահովելու գործում։ «SPRING PR»-ի ղեկավարությունը՝ կազմված համալսարանականներից, սիրով հրավիրում և հնարավորություն է ստեղծում ԵՊՀ ուսանողների համար՝ մասնակից լինելու և ակտիվ ներգրավվածություն ունենալու թվային փոխակերպման տիրույթում առկա միտումների և հնարավորությունների վերաբերյալ քննարկումներին, ծանոթանալու առաջատար մասնագետների, միջազգային լավագույն փորձին»,-նշեց «Doing Digital Forum»-ի հիմնադիր, «SPRING PR» ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը՝ ընդգծելով ԵՊՀ-ի առաջատար դերն ու մասնակցությունը թվային փոխակերպման գործընթացում։

Տեղեկացնենք, որ ֆորումի շրջանակում շուրջ 20 ոլորտի, միջազգային և տեղական առաջատար խոսնակներ ելույթների ու պանելային քննարկումների միջոցով կներկայացնեն բիզնեսի ու թվային տեխնոլոգիաների ոլորտում իրենց լավագույն փորձը, գիտելիքներն ու տեսլականը։ Փորձնակներ կլինեն Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանից, «McKinsey», «Forbes», «Visa», «Hexens», «Fastex», «Apricot Capital», «Revytech», «Beta Financial Technologies», «ICDT Global» ընկերություններից, «FAST» հիմնադրամից, ինչպես նաև ՀՀ կառավարությունից, Հայաստանի կենտրոնական բանկից, «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամից, «SPRING PR» ու «Ամերիաբանկ» ընկերություններից։