ԳլխավորԽճանկար

ԵՊՀ-ականներն առաջարկում են հակաբակտերիական այլընտրանքային միջոց

ԵՊՀ կենսաբանները

Երբևէ պատկերացրե՞լ եք, որ բակտերիաները կարող են կայունություն ձեռք բերել հակաբիոտիկների հանդեպ, որոնք, հավանական է, «անզոր» դառնան տարբեր հիվանդությունների հարուցիչների դեմ: ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը ներկայացնող թիմը «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի շրջանակում առաջարկել է այդ կայունության հաղթահարման այլընտրանքային տարբերակ և հաղթող ճանաչվել:

Ysu.am-ը զրուցել է թիմի անդամներ, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ավագ լաբորանտներ Անի Հարությունյանի և Ջեմմա Մանոյանի, ուսանողներ Աստղիկ Համբարձումյանի և Դիանա Հակոբյանի հետ: Նրանց միավորել է գիտական միևնույն հետաքրքրությունը՝ նանոմասնիկների ուսումնասիրությունը:

Թիմի ձևավորման և համատեղ աշխատանքներ կատարելու մասին պատմել է արդեն չորրորդկուրսեցի Աստղիկ Համբարձումյանը:

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում ուսումնառության տարիներից մենք հնարավորություն ենք ունենում ներգրավվելու տարաբնույթ ծրագրերում ու նախագծերում՝ դառնալով ոչ միայն գիտական նոր բացահայտումների ականատես, այլև մասնակից: Ոգեշնչված լինելով ֆակուլտետում դասավանդող մասնագետների, ինչու ոչ, նաև ուսանողների գրանցած հաջողություններով՝ մենք որոշեցինք ձևավորել թիմ, որի գիտական ուսումնասիրությունների գլխավոր առարկան կլինեն նանոմասնիկները:

Ներկայում նանոմասնիկները հաջողությամբ կիրառվում են կենսաբժշկության տարբեր ոլորտներում: Դրանք օգտագործվում են իմպլանտների և բժշկական նյութերի հակաբակտերիական ծածկույթներում, կանխում են վարակը և խթանում վերքերի բուժումը: Հաշվի առնելով դրանց առանձնակի դերը կենսատեխնոլոգիայի զարգացման գործում՝ թիմով որոշեցինք առաջարկել այնպիսի նախագիծ, որի արդյունքը կարևոր նշանակություն կունենա աշխարհի մի շարք երկրներում:

Ի սկզբանե սահմանված նպատակը իրագործվեց անքուն գիշերների և անխոնջ աշխատանքի շնորհիվ: Նանոմասնիկների վերաբերյալ մեր «գաղափարների սինթեզը» հիմք դարձավ, որ դրանք դիտարկենք որպես հակաբիոտիկների նկատմամբ մանրէների կայունության հաղթահարման այլընտրանքային լավագույն միջոց:

Նպատակ, որն արդարացրեց միջոցները. գաղափարի և այն կյանքի կոչելու կարևորությունը ներկայացրել է Անի Հարությունյանը:

Նանոմասնիկների սինթեզը առհասարակ կատարվում է ֆիզիկական, քիմիական և կենսաբանական մեթոդներով: Այժմ լայնորեն կիրառվում է նանոմասնիկների սինթեզի քիմիական մեթոդը, որը, սակայն, բավականին թանկ է և մարդու օրգանիզմի ու շրջակա միջավայրի վրա թունավոր ազդեցություն ունի՝ ի տարբերություն նանոմասնիկների «կանաչ սինթեզի»: Այն ոչ միայն տնտեսապես շահավետ է, այլև էկոլոգիապես անվտանգ:

Նախագծի շրջանակում մենք պլանավորում ենք կանաչ սինթեզի մեթոդով հայկական «Spirulina» ցիանոբակտերիայից մեկուսացված ֆիկոցիանինից ստանալ արծաթի նանոմասնիկներ և ստուգել դրանց հակաբակտերիական ակտիվությունը պայմանական ախտածին գրամդրական (S. aureus, E. hirae, B.subtilis) և գրամբացասական (S. typhimurium, P. aeruginosa) մանրէների վրա:

Այժմ սկսել ենք խորությամբ ուսումնասիրել կենսածին նանոմասնիկների ազդեցությունը պայմանական ախտածին մանրէների վրա, ինչից հետո հնարավոր կլինի դրանք կիրառել կենսատեխնոլոգիայում։

Երբ հաջողության հասնելու ձգտումը նպատակային սկզբունք է. պատմել է Ջեմմա Մանոյանը:

Թեպետ «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին ներկայացվել էր 66 հայտ, այնուամենայնիվ մենք վստահ էինք, որ հինգ անվանակարգերից մեկում մեր նախագիծն է հաղթող ճանաչվելու: Առհասարակ համատեղ աշխատանքներ կատարելիս և մրցույթների դիմելիս մենք վստահ ենք, որ հաղթելու ենք:

Մեր նախագիծը, ինչպես մյուս բոլոր թիմերի ներկայացրած նախագծերը, անցել է երեք փուլով: Երբ հարցազրույցի փուլում հանձնաժողովի անդամներին էինք ներկայացնում մեր գաղափարը, նկատում էինք գոհունակ հայացքներ. նրանց ժպիտները «մատնում էին», որ մտահղացումը հետաքրքիր է և արժանի հաղթանակի: Մեզ համար մեծ առավելություն էր նաև այն, որ մեր առաջարկած գաղափարն արդեն «գործի էինք դրել» և գրանցել որոշակի արդյունքներ:

Արդեն մրցանակաբաշխության օրը, երբ պետք է հայտարարեին, թե հինգ անվանակարգերում որ նախագծերն են հաղթել, մենք ոչ թե երկմտում էինք՝ կհնչեն արդյոք մեր անունները, այլ մտածում՝ ինչ ենք ասելու բեմահարթակից… Այս անգամ էլ չէինք սխալվել՝ հաղթեցինք:

Նոր հորիզոններ և հեռանկարներ… Թիմի հետագա հաջողությունները նախորոշել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դոցենտ, կ.գ.թ. Լիլիթ Գաբրիելյանը:

Երբ իմացա, որ թիմը ցանկանում է մասնակցել մրցույթին, շատ ոգևորվեցի, քանի որ նման ծրագրերն ուսանողներին ու երիտասարդներին հնարավորություն են տալիս ոչ միայն գործնականում կիրառելու ունեցած գիտելիքները, այլև քայլ կատարելու դեպի գիտական աշխարհ:

Գիտության մեջ լուրջ արդյունքներ գրանցելը ենթադրում է երկարաժամկետ գործընթաց, որն իրականացնելիս հնարավոր է հանդիպել հիասթափությունների, սակայն թիմի անդամները, ինչպես ֆակուլտետում սովորող մյուս ուսանողները, գիտակցում են՝ յուրաքանչյուր չհաջողված նախագիծ դառնում է նոր աստիճան՝ ավելի մեծ հաջողության հասնելու համար: Գիտությունը «սիրում է» էնտուզիաստներին. մրցույթի շրջանակում թիմին մասնագիտական աջակցություն տրամադրելիս պարզ դարձավ, որ թիմի անդամները հենց  այդպիսին են:

Վստահ եմ, որ համալսարանը նրանցով հպարտանալու դեռ շատ առիթներ է ունենալու։