ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում ուսման վարձերը եւ դասախոսների աշխատավարձերը կբարձրանան. ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար

Երեւանի պետական համալսարանի կայքում հրապարակվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հարցազրույցը:

Հիմնական թեման ԵՊՀ ղեկավարության և Արհմիության միջև հարաբերություններն են, որին զուգահեռ անդրադարձ է կատարվել նաեւ սպասվող կրճատումներին, դասախոսների աշխատավարձին եւ ուսանողների ուսման վարձին։

Գեղամ Գևորգյանը հայտարարել է, որ համալսարանում ուսանողների թիվը վերջին մի քանի տարվա ընթացքում 20 տոկոսով նվազել է, որը բերելու է դասախոսական հաստիքների նվազմանը: «Այստեղ հաշվարկը շատ հստակ է. կա ուսանող, կա ժամ, կա դասախոսական հաստիք, և չկա ուսանող, չկա դասախոսական հաստիք: Այսինքն՝ այդ մասով կրճատումներ եղել են: Ես դասախոսական կազմի աշխատավարձը սեպտեմբերին առնվազն 10 տոկոսով կբարձրացնեմ, որովհետև կլինի ուսման վարձերի որոշակի բարձրացում, որը կուղղվի միայն դասախոսների աշխատավարձերի բարձրացմանը: Եթե վարչական կազմը կամ ուսումնաօժանդակ կազմը և կամ տնտեսական կազմը ցանկանում են, որ իրենց աշխատավարձերը նույնպես բարձրանան, ստորաբաժանումները պետք է օպտիմալացվեն: Դասախոսական կազմը չի կարող անընդհատ նվազել, իսկ ուսումնաօժանդակ, վարչական, սպասարկող անձնակազմը՝ ոչ: Հիմա եթե դա համարում են զանգվածային կրճատում, թող համարեն: Ես չեմ պատրաստվում ինձ վրա վերցնել կրճատման ամբողջ բեռը: Ես կստեղծեմ հանձնաժողով: Թող հանձնաժողովը որոշի՝ որ օղակներում ինչքան ավելորդ հաստիք կա, և թող հանձնաժողովն առաջարկի օպտիմալացման մեխանիզմ: Եթե մարդիկ ուզում են ավելի շատ գումար ստանալ, ապա համալսարանը պետք է օպտիմալացվի»,-մասնավորապես ասել է Գեղամ Գևորգյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Comment here