ԳլխավորԽճանկար

Ուսանողական ISIC միջազգային քարտը բազմաթիվ առավելություններ է տալիս

Ինչպե՞ս ամրագրել ուսանողի կարգավիճակը, որը ճանաչվում է աշխարհի 127 երկրում եւ օգտվել բազմապիսի զեղչերից։ Դրա համար հարկավոր է ձեռք բերել ISIC (international student identity card) քարտ։

Այն ստանալու իրավունք ունեն բարձրագույն ուսումնական հաստատությունների միայն այն ուսանողները, ովքեր սովորում են առկա ուսուցման համակարգում, ինչպես նաեւ օտար լեզուների դասընթացների մասնակիցները, եթե այն ամենօրյա է եւ տեւում է առնվազն 1 տարի։

ISIC ստանալու իրավունք չունեն հեռակա ուսուցման համակարգում, ոստիկանական եւ ռազմական, ինչպես նաեւ պաշտոնական ռեեստրում չգրանցված ուսումնական հաստատությունների ուսանողները։

ISIC-ը սովորական բանկային քարտի տեսք եւ 8-աստիճան պաշտպանական համակարգ ունի, որի վրա նշվում են ուսանողի անձական տվյալներն ու ստորագրությունը։

Քարտի շնորհիվ աշխարհի 127 երկրում կարելի է 2-ից մինչեւ 90 տոկոս զեղչեր ստանալ հասարակական տրանսպորտի, կինոթատրոնների ու համերգների, թանգարանների տոմսեր, ուսումնական գրականություն, հագուստ եւ կոշիկ գնելիս, սրճարաններ այցելելիս, բժշկական ապահովագրություն ձեւակերպելու եւ բազմաթիվ այլ ծառայություններից օգտվելու դեպքում։

Բացի դա, ուսանողների համար հասանելի են դառնում անվճար ու օգտակար այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են ISIC Help Line-ը (արտակարգ զանգ՝ միջազգային ձեւաչափով, երբ օտար երկրում չգիտեք ում դիմել) եւ ISIConnect-ը (հաղորդակցության միջազգային համակարգ՝ անվճար էլեկտրոնային ու ձայնային փոստ, վիրտուալ էլեկտրոնային պահարան եւ այլն)։

Քարտը ձեռք են բերում հիմնականում ուսումնական հաստատություններում։

Պահանջվող փաստաթղթերից են անձնագիր, դիմում, տեղեկանք՝ բուհի ուսանող լինելու վերաբերյալ, ինչպես նաեւ գունավոր լուսանկար։

Առավել մանրամասն՝ https://www.isic.org/ կայքում։

Comment here