Օգոստոսի 28-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում մարզի դպրոցների և նախադպրոցական ուսհաստատությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվել է օգոստոսյան խորհրդակցություն, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Խորհրդակցության սկզբում Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է Գեղարքունիքի մարզից ՀՀ բուհերի ընդունելության մրցույթին մասնակցած դիմորդների արձանագրած ցուցանիշները: Ըստ ներկայացված տեղեկատվության 2023 թվականին անցկացված միասնական և ներբուհական քննությունների արդյունքում Գեղարքունիքի մարզից տարբեր բուհեր են ընդունվել 608 դիմորդներ, որոնցից 16,8 տոկոսը՝ անվճար հիմունքներով։
Այնուհետև փոխնախարարն անդրադարձել է կրթության ոլորտում նոր չափորոշիչների ներդրման, ուսուցիչների վերապատրաստման, նոր դասագրքերի ստեղծման, պարտադիր և կամավոր ատեստավորման, ֆինանսավորման նոր մոդելի ներդրման, համընդհանուր ներառական կրթության կազմակերպման, ուսումնական նյութերի կիրառման, հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխության, դպրոցների ֆինանսավորման և կառավարման նոր մոդելի, ինչպես նաև ոլորտին առնչվող մի շարք այլ հարցերի։
Անդրադարձ է կատարվել նաև դպրոցներում աշակերտների մասին տեղեկատվության ու նրանց իրավունքների պաշտպանությանը՝ շեշտելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար լավագույն պայմանների ապահովման, ընտանիքում երեխայի բռնության և այլ արատավոր երևույթների վերահսկման և կանխարգելման կարևորությունը։
Արաքսիա Սվաջյանը խոսել է նաև մարզում քննական կենտրոն ստեղծելու և այն ըստ պահանջի կահավորելու հարցի մասին։ Նշվել է, որ, ՀՀ կառավարության կողմից իրականացվող 300 դպրոց և 500 մանկապարտեզ ծրագրում ընդգրկված է նաև Գեղարքունիքի մարզը։
Նշենք՝ 2023-2024 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունների շարքը մեկնարկել է օգոստոսի 21-ին Արագածոտնի մարզից և կավարտվի օգոստոսի 29-ին` Երևանում:
